Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն նախագծի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով սահմանվում է կրթական հինգ մրցանակ.լավագույն ուսանողների համար` «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն մագիստրանտ» (1-ին և 2-րդ կարգ), «Լավագույն բակալավր» (1-ին և 2-րդ կարգ),
լավագույն աշակերտների համար` «Լավագույն աշակերտ»՝ 2023 թվականից:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։
ԿԳՄՍ նախարարին հանձնարարվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել ՏՏ բնագավառում կրթական մրցանակի մրցանակակրի ընտրություն կատարող հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, լավագույն ուսանողների կրթական մրցանակների մրցանակաբաշխության մասնակից համալսարանների ցանկը, իսկ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը՝ «Լավագույն աշակերտ» մրցանակաբաշխության պայմանները:
Նշենք, որ ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակներ սահմանված չեն, և մրցանակների շնորհման և հանձնման որևէ համակարգ չի գործում: Հետևաբար, ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա բարձր առաջադիմություն ունեցող և ՏՏ ոլորտի տարբեր նորարարական աշխատանքներին (մրցույթներ, տպագրված հոդվածներ) մասնակցություն ունեցած ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական մրցանակների շնորհման նոր և արդյունավետ համակարգ ներդնել: «Լավագույն աշակերտ» անվանակարգի պարգևատրման չափն ու մրցանակների քանակը կնախատեսվեն մրցանակաբաշխության պայմանների սահմանումից հետո:
Հավելենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 5-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: