Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողները՝ Ֆինլանդիայից Կիմմո Կիլյունենը և Շվեդիայից Բորիանա Օբերգը, Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքի մուտքի մոտ իրավիճակը գնահատելու համար փետրվարի 17-19-ը կատարած այցից հետո այսօր հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
«Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ քայլեր։ Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատորեն դուրս գալ տարածաշրջանից, և, ինչպես տեղեկացանք, 954-ը դեռևս արգելափակված են միջանցքի երկու կողմերում։
Միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների մեքենաներին է թույլատրվում երթևեկել այս միջանցքով, ինչն ակնհայտորեն անբավարար է բնակչության կարիքները բավարարելու համար։ Ավելին, կենսականորեն կարևոր է, որ ապրանքները կարողանան ժամանակին հասնել ցանքի սեզոնին: Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը պետք է շտապ վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության։
Ավելին, տարածքի գազամատակարարման և էլեկտրամատակարարման կրկնվող խափանումները հանգեցրել են բնակիչների իրավունքների լուրջ խախտումների. շատ մարդիկ արդեն կորցրել են իրենց աշխատանքը, իսկ երեխաները զրկվել են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակել:
Մենք հիշեցնում ենք 2022 թվականի դեկտեմբերի 16-ի Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ մեր համատեղ հայտարարությունը, որը կոչ էր անում վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին արգելափակված այլ անձանց «Լաչինի միջանցքով» անվտանգ անցումը ապահովելու համար։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունում Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, որով ասվում է, որ «Ադրբեջանը (…) պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»:
Մենք հրավիրում ենք վեհաժողովի բոլոր անդամներին այս իրավիճակը հասցնել իրենց համապատասխան ազգային խորհրդարանների ուշադրությանը և միանալ Լաչինի միջանցքի անօրինական և ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու մեր կոչին:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, ապա մենք դիտարկել ենք Ջերմուկ քաղաքում և Սոթք գյուղի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքները։ Մենք արձանագրեցինք, որ քաղաքացիական գոտիներում կասետային զինամթերքի կիրառման ապացույցներ են հավաքվել և պահվել հետագա փորձաքննության համար: Մեզ ցույց տվեցին ադրբեջանական ռազմական դիրքերի առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, երբեմն նաև վիճելի սահմաններից բավականին դուրս։
Մենք ողջունում ենք սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը` նշելով նախորդ առաքելության զգալի շոշափելի ազդեցությունը լարվածության նվազեցման գործում: Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ մղել սահմանների սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլ:
Մենք մեր ամրագրած արդյունքները կզեկուցենք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին հաջորդ հանդիպման ժամանակ։ Մենք չափազանց զգոն ենք ապագա զարգացումների նկատմամբ և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու խորհրդարանական մակարդակով այն քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարատև խաղաղ կարգավորման հասնելու համար»։