Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հզոր երկրաշարժերը, որոնք մեկ շաբաթ առաջ տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի տարածքներում, դարձել են Եվրոպայում վերջին հարյուրամյակի ընթացքում ամենասարսափելի բնական աղետը:
Նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել Է. «Մենք դեռ տեղեկանում ենք աղետի չափերի մասին, դրա իրական վնասը հաշվարկված չէ»:
Կլյուգեի խոսքով՝ ավելի քան 35 հազար մահ է հաստատվել Թուրքիայում, իսկ շուրջ 5 հազարը՝ Սիրիայում. այդ թիվը շարունակում է աճել։ Երկու երկրներում առնվազն 26 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի։ ԱՀԿ-ն կոչ Է արել 43 միլիոն դոլար հատկացնել երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար և, հավանաբար, կխնդրի ավելացնել այդ գումարը: «Ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին, երբ մենք ավելի լավ կհասկանանք ճգնաժամի մասշտաբները և հումանիտար կարիքները, այդ գումարը կաճի՝ առնվազն կրկնակի», - ասել Է Կլյուգեն։
Ջրամատակարարման խաթարման և աղետի վայրերում տիրող հակասանիտարական պայմանների պատճառով աճում է անհանգստությունը վարակիչ հիվանդությունների տարածման առնչությամբ, նշում է ԱՀԿ-ն։ Թուրքական իշխանությունների տվյալների համաձայն, որոնք ներկայացնում Է կազմակերպությունը, շուրջ 80 հազար մարդ գտնվում են հիվանդանոցներում, ինչը հսկայական ծանրաբեռնվածություն Է առողջապահական համակարգի վրա, որն ինքնին մեծապես տուժել է տարերային աղետի հետևանքով։ «Մեր 75-ամյա պատմության ընթացքում մենք նախաձեռնել ենք շտապ օգնության բրիգադների խոշորագույն տեղակայումը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում:
Նրանց նպատակն է փոխարինել ավերված հիվանդանոցները՝ հատուկ ուշադրություն հատկացնելով ծանր վնասվածքներ ստացած հիվանդներին», - ամփոփել Է Հանս Կլյուգեն: 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով տեղի են ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում: Երկրաշարժից մեծապես տուժել են Թուրքիան և Սիրիան։