Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Անցյալ շաբաթ՝ կառավարության նիստի ժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ հուլիսի 1-ից միջին կենսաթոշակը կբարձրանա 7.1 տոկոսով՝ 46 հազար 100 դրամից հասնելով 49 հազար 700-ի: Իսկ Նիկոլ Փաշինյանը դատախազության օրվան նվիրված ելույթում խոսելով դատախազների աշխատավարձերի շռայլ բարձրացումների մասին՝ անդրադարձել էր նաեւ թոշակների բարձրացմանը․ «Օրվա հետ կապ չունի, բայց նաեւ քանի որ սոցիալական արդարությունը նշեցի, այսօր Հայաստանում շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունենում՝ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին, եւ պիտի ընդգծեմ, որ կենսաթոշակի անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգից օգտվողների համար այն նաեւ անցել է նվազագույն սպառողական զամբյուղը»:
Թեմայի հետ կապված՝ զրուցել ենք ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր, տնտեսագիտության պրոֆեսոր Հրանտ Բագրատյանի հետ։
- Թոշակների բարձրացումը որքանո՞վ է բարելավելու թոշակառուների վիճակը։
- Կարող եմ նշել հետեւյալ թվերը․ այս իշխանությունների գործունեության 5 տարի 3 ամիս ժամանակահատվածում, որը 63 ամիս է, ըստ իրենց իսկ տվյալների, գները բարձրացել են 29,1 տոկոսով, իսկ կենսաթոշակները՝ 22.7 տոկոսով (40 հազար 478-ից միջին կենսաթոշակը դարձել է 49 հազար 700)։ Վերջին անգամ թոշակները բարձրացել են 7 տոկոսով։ Այսպիսով, թոշակառուներն այսօր 7 տոկոսով ավելի վատ են ապրում, քան մինչեւ այս իշխանությունների հայտնվելը։
- Դուք գնաճ ասելով նկատի ունեք պաշտոնակա՞ն թիվը, որը շատերին կասկածելի է թվում։
- Այո, ես նկատի ունեմ պաշտոնական թվերը։ Իհարկե, կասկածելի է, բայց իբրեւ պաշտոնական՝ միայն այդ թիվն ունենք։
- Վարչապետը դատախազների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին, այն է՝ 36 հազարին։
- Իհարկե, նման թվերն ասում են համապատասխան տեղերում եւ վերլուծաբանների ներկայությամբ, այլ ոչ դատախազների։ Նորից եմ ասում՝ եթե թոշակառուների կենսաթոշակը 7 տոկոսով ավելի քիչ է բարձրացել, քան գները, ուրեմն 2023 թվականին թոշակառուները պարենային զամբյուղից պետք է ավելի հեռու լինեն, քան 2017 թվականին։ Սա բացարձակ ճշմարտություն է։ Ինչ վերաբերում է պարենային զամբյուղին, վարչապետն ասում է մի անհիմն թիվ, որովհետեւ 36 հազար դրամ պարենի համար վճարելով՝ Հայաստանում ոչ մի մարդ չի կարող ապրել։
- Որքա՞ն է, ըստ Ձեզ, մեր իրական պարենային զամբյուղի չափը։
- Ես ունեմ անալիտիկների խումբ, որոնք հաշվարկել են, որ Հայաստանի համար պարենային զամբյուղը կազմում է 144 հազար դրամ։ Այդ 36 հազար դրամը պատկան մարմինների կողմից մոգոնված թիվ է, որովհետեւ եթե այսօր մենք հասել ենք պարենային զամբյուղին, ուրեմն 2017-ին, մինչեւ իշխանափոխությունը, պետք է որ այդ զամբյուղը գերազանցած լինեինք։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում