կարևոր
9796 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-31 13:41
Քաղաքական

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները

2022 թ. նոյեմբերի 28-29-ը Երևանում՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում, տեղի ունեցավ «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագիրը կրող հայ-հնդկական առաջին միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Հնդկական կողմից գիտաժողովին ելույթ ունեցան Ն. Գ. Սանջայ Վերման (Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար), Ջեյ Կանսարան («Հնդկահայ բարեկամություն» ՀԿ հիմնադիր (ամերիկյան մասնաճյուղ), «Stellar IT Solutions»-ի ռազմավարական խորհրդական), Սունջոյ Ջոշին («Observer Research Foundation»-ի նախագահ, Դելի), Ն. Գ. Րինա Պանդեյը (Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան (2005-2009)), Ռ. Կ. Սոհնին (Ազգային անվտանգության և ռազմավարական հետազոտությունների ու միջազգային անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Դելի, գեներալ-լեյտենանտ (պաշտոնաթող)), Թեջաս Սանջայ Պագարը (Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար), Ռանանջայ Անանդը («Հնդկահայ բարեկամություն» ՀԿ և Հնդկական մշակութային կենտրոնի համահիմնադիր ու նախագահ) ։

Գիտաժողովը նվիրված էր Հայաստան-Հնդկաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին։ Այն վեր հանեց այն հետաքրքրությունների շրջանակը, որոնք միավորում են կողմերին։ Առաջ քաշվեցին թեզեր եղած խնդիրների ու հեռանկարների վերաբերյալ։ Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Սունջոյ Ջոշին նշեց. «Հայերը մաս են կազմել Հնդկաստանով անցնող հնագույն առևտրային ուղիներին: Նրանք պատասխանատու են եղել առևտրի և գործարարության համար: Ես հայերին կկոչեի առաջին գլոբալիստներ: Նրանք այս աշխարհը գլոբալացրել են շատ ավելի առաջ, քան այսօրվա գլոբալացումը կմեկնարկեր: Այսօր էլ հայկական սփյուռքը շարունակում է նույնը»:

Հոդվածում կփորձենք ամփոփել հայ-հնդկական հարաբերությունների արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև գիտաժողովի շրջանակներում փորձագետների հնչեցրած թեզերը։

Հայ-հնդկական հարաբերությունները պատմական համատեքստում

Հայ-հնդկական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։ Հայերին և հնդիկներին միավորում են քաղաքակրթական, նաև լեզվական առնչություններն ու ծագումնաբանական ընդհանրությունները։ Պատմական տարբեր շրջափուլերում հայերը տարաբնույթ կապեր են ունեցել Հնդկաստանի հետ։ Սակայն հայկական առաջին համայնքները Հնդկաստանում ձևավորվել են XVI դարում, որոնց բնակիչները հիմնականում վաճառականներ էին, պետական և զինվորական ծառայողներ։ Այդ համայնքները ստվարացել են XVII-XVIII դդ. (շուրջ 20-25 հզ. մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր բնակություն են հաստատել Հնդկաստանի շուրջ 20 քաղաքներում և առևտրակայաններում։ Սկզբնական շրջանում հայերը Հնդկաստանում ներգրավված էին առևտրի մեջ` օգտագործելով նավահանգիստներն ու ծովային ճանապարհները. զբաղվել են մետաքսի, կտորեղենի, համեմունքների, աղի, պարարտանյութերի, թանկարժեք քարերի և այլ ապրանքների առևտրով:

Առաջինը հայ հասարակական-քաղաքական միտքը ձևավորվել է Հնդկաստանում 18-րդ դարում։ Հայկական անկախ պետականության համար մղվող երկարատև պայքարի տեսական և գործնական քայլերը մշակվել են հենց Հնդկաստանում, որտեղ գործել են հասարակական և մշակութային ուղղվածությամբ հայկական խմբակներ։ Դրանց մեջ հանրահռչակվել է հատկապես Մադրասի խմբակը։ 18-րդ դարի երկրորդ կեսին Հնդկաստանում ազգային թեմաներով և դասական հայերենով գրվել ու հրատարակվել են բազմաթիվ արժեքավոր ստեղծագործություններ։ 1772 թ. Մադրասում հիմնվել է առաջին հայկական տպարանը, որտեղ 1794 թ. լույս է տեսել հայկական առաջին տպագիր ամսագիրը՝ «Ազդարարը» (Հարություն Շմավոնյանի խմբագրությամբ), որը հրատարակվել է մինչև 1796 թվականը։ 1773 թ. Մադրասում լույս է տեսել հայկական անկախ պետականության վերաբերյալ Հակոբ Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունը, որում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել «սահմանադրական հանրապետություն» հասկացությունը: 1772-1773 թթ. Մադրասի հայկական տպարանում լույս է տեսել Մովսես Բաղրամյանի՝ տեսական դրույթներ պարունակող «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» հայտնի գրքույկը։ 1783 թ. Շահամիր Շահամիրյանը Մադրասում հրատարակել է «Տետրակ որ կոչի նշաւակը», որը Մադրասի հայերի իրավունքների և համայնքի կանոնադրության մասին է։ Այն հետագայում ներդրվեց աշխարհի տարբեր հատվածներում հայկական համայնքային կյանքի կանոնադրության մշակման հիմքում։

Մեծ Բրիտանիայի կողմից Հնդկաստանի գաղութացմանը զուգահեռ, հասարակական և տնտեսական հանգամանքներով պայմանավորված, հնդկահայ համայնքը 19-րդ դարում սկսեց անկում ապրել: Ներկայումս Հնդկաստանի հայկական գաղութն այլևս գործոն չէ։ Բենգալյան նահանգում այժմ կան հինգ հայկական կանգուն եկեղեցիներ, որոնցից երեքը գտնվում են հայաշունչ Կալկաթա քաղաքում: Դրանց մեջ է նաև Կալկաթայի ամենահին քրիստոնեական եկեղեցին` Ս. Նազարեթը (կառուցվել է 1707 թ.), ինչպես նաև Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (հիմնվել է 1821 թ.), որը 18-րդ դարի երկրորդ կեսից Կալկաթայում սկիզբ առած հայկական կրթական-դպրոցական շարժման ծնունդ էր։ Հայկական եկեղեցիներից ու մշակութային արժեքներից շատերն այսօր վերանորոգված են և բարվոք վիճակում են : Հնդկաստանում թեև չկան նշանավոր հայեր, բայց կան հայկական ծագում ունեցող հայտնի գործիչներ։

Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները Հարավային Կովկասում Հնդկաստանի արտաքին քաղաքականության համատեքստում

Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասը Հնդկաստանի արտաքին քաղաքականության գերակայություն երբևէ չի եղել։ Այս ուղղությամբ Նյու Դելին գուցե տեսլական ունեցել է, սակայն գործնականում այն չի դրսևորվել՝ պայմանավորված Հնդկաստանի ոչ բավարար ներուժով: Հնդկաստանը Հարավային Կովկասի հանրապետություններից յուրաքանչյուրի հետ ունեցել է ուրույն հարաբերություններ։ Հնդկական «փափուկ ուժին» տարածաշրջանը վաղուց էր ծանոթ, որը ձևավորվել էր դեռևս խորհրդային տարիներին։ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում հնդկական ֆիլմերը, երգերը, համեմունքները, դեկորատիվ արվեստի տարրերն ու հագուստի պարագաները որոշակի ժողովրդականություն միշտ էլ ունեցել են։ Հետխորհրդային շրջանում և ներկայումս էլ տնտեսական առումով Հնդկաստանի հարաբերություններն առավել ընդլայնված են Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը և Հնդկաստանը վաղուց ունեն բարեկամական և համագործակցային հարաբերություններ: Բաքուն երկար տարիներ է, ինչ Նյու Դելիի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում։ Հատկանշական է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը վերջին շրջանում հասել է 1.1 մլրդ դոլարի։ Ադրբեջանում կա ավելի քան 200 հնդկական ընկերություն՝ մոտ 1.2 մլրդ դոլար ներդրումով։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ստեղծումից հետո հնդկական նավթային ընկերությունները սկսեցին զգալի քանակությամբ հում նավթ գնել Ադրբեջանից։ Երկկողմ առևտրի մաս կազմեցին նաև երկրորդական նշանակության ապրանքները։
Վերջին շրջանում, բայց հատկապես 2020 թ.-ից հետո Ադրբեջանի և Հնդկաստանի հարաբերություններում որոշակի սառնություն առաջացավ։ Հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանի հարաճուն հարաբերություններն են Պակիստանի հետ, որի հետ Հնդկաստանը խորքային հակասություններ ունի. Ջամուի և Քաշմիրի հիմնահարցն ու դրանից բխող անվտանգային խնդիրները Հնդկաստանի համար շարունակում են մնալ զգայուն թեմաներ։ Ադրբեջանը և Թուրքիան ակտիվորեն աջակցում են Պակիստանին միջազգային հարթակներում։ Այս պարագայում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի միջև եռակողմ ռազմավարական համագործակցությունը ևս անվտանգային սպառնալիք է Հնդկաստանի համար։ Թերևս դա է այն պատճառներից մեկը, որ Հնդկաստանի կառավարությունը որոշեց վերանայել Ադրբեջանի տարածքով «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի անցման հնարավորությունը։ Զուգահեռաբար Հայաստանը Հնդկաստանից առաջարկություն ստացավ, որ ճանապարհն անցնի Հայաստանով։

Ներկա փուլում որոշակի լարվածություն Հնդկաստան-Ադրբեջան հարաբերություններում այնուամենայնիվ կա։ 2022 թ. հունիսի 9-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանը, որին փոխանցվել է Բաքվի դժգոհությունը Հնդկաստանում իսլամաֆոբիայի առնչությամբ։ Պատճառը իբրև թե Հնդկաստանի իշխող կուսակցության բարձրաստիճան անդամների՝ իսլամի և Մուհամեդ մարգարեի մասին վիրավորական արտահայտությունն է։ Վերջին շրջանում Ադրբեջանում Հնդկաստանի դեմ բացասական դիսկուրս է ձևավորվել. խոսվում է այն մասին, որ միջազգային տարբեր հարթակներում ադրբեջանական նախաձեռնությունները արգելափակվում են պրոհայկական դիրքորոշում ունեցող Հնդկաստանի կողմից: Թեմայի մաս են կազմում նաև Հնդկաստանի՝ 2022 թ. Բրիքսի գագաթնաժողովին Ադրբեջանին չհրավիրելու հանգամանքը, Հնդկաստանի կողմից Հայաստանին տրամադրվող սպառազինությունը։

Հնդկաստանը մտավախություններ ունի թյուրքական էքսպանսիայի առումով, որի բաղկացուցիչն է Պակիստանը այս կամ այն կերպ։ Եթե Թուրքիային և Ադրբեջանին հաջողվի հաստատել ցամաքային կապ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», ապա դա Թուրքիային ուղիղ ելք կապահովի դեպի գազով և նավթով հարուստ Կասպից ծով, որտեղ նա ցանկանում է ներգրավվել գազի հանքավայրի համատեղ մշակման ծրագրերում, հնարավոր է՝ Չինաստանի հետ: Թուրքիան կօգտագործի Ադրբեջանի աշխարհագրական դիրքը՝ հասնելու Կենտրոնական Ասիա՝ կապելու թուրանական տարածաշրջանը, խորացնելու իր տնտեսական, էներգետիկ, անվտանգային և մշակութային համագործակցությունը Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ նա արդեն շոշափելի ազդեցություն ունի։ Ի թիվս այլ գործոնների, այսպես կոչված, «միջանցքը» կհեշտացնի զենքի ու վարձկանների տեղափոխումը Կենտրոնական և Հարավային Ասիա, այդ թվում՝ Ջամու և Քաշմիր՝ Պակիստանին աջակցելու համար: Թուրքիայի մուտքը Կենտրոնական Ասիա երկարաժամկետ հեռանկարում կսպառնա տարածաշրջանի ազգային անվտանգությանը։ Կենտրոնական Ասիայում գերակայության հասնելու համար Թուրքիայի, Չինաստանի և Ռուսաստանի միջև մրցակցությունը, նրանց ռազմաքաղաքական և տնտեսական ընդլայնումը տարածաշրջանում կարող են սահմանափակել Հնդկաստանի ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը դեպի հյուսիս, քանի դեռ Հնդկաստանը խաղի վերջնական դերակատար չէ: Հնդկաստանը կարող է հավասարակշռել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքը նաև Հայաստանի հետ սերտ համագործակցության միջոցով։

Իսկ Հայաստանի հրամայականը դաշնակիցների հետ համագործակցությամբ թյուրքական աշխարհից եկող անվտանգային սպառնալիքներին դիմակայելն է։ Հնդկաստանը և Հայաստանը այս պարագայում բնական դաշնակիցներ են՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության բավական մեծ և չօգտագործված ներուժով։

Հայ-հնդկական հարաբերություններն իրապես անհրաժեշտ է դիտարկել Հարավային Կովկասում Հնդկաստանի կերպափոխվող արտաքին քաղաքականության, հայեցակարգային նոր մոտեցումների, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական աճող հավակնությունների համատեքստում։ Փաստ է, որ վերջին տարիներին Հնդկաստանն սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել հաղորդակցական կապերին ու դրանցից բխող տնտեսական և քաղաքական համագործակցությունների ընդլայնմանը։ Սունջոյ Ջոշիի կարծիքով՝ անցած տարիներին Հնդկաստանն ընդլայնվելու համար չուներ անհրաժեշտ ռեսուրսները։ Իսկ ահա վերջին շրջանում Հնդկաստանին հաջողվեց ուշադրությունը բևեռել դեպի Կենտրոնական Ասիա, ապա՝ Հարավային Կովկաս։ Պայմանավորված տեղական և միջազգային մարտահրավերներով՝ Հնդկաստանը կարիք ունի ավելի շատ բարեկամների: Իրանը և Կովկասը Հնդկաստանի համար դեպի Եվրասիա հասանելության ուղիներ են: «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որի կարևոր բաղկացուցիչներից է «Սև ծով-Կասպից ծով» տարանցիկ միջանցքը, մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի համար, մանավանդ եթե Հայաստանն օգտագործելու է բարեկամ Իրանի Չաբահար նավահանգիստը:

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը ռազմավարական կարևորություն ունի Հնդկաստանի համար: Չնայած Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին՝ Հնդկաստանը շարունակում է սերտ համագործակցությունը Թեհրանի հետ, որը միջանցքի կարևորագույն մաս է։ Այս համատեքստում կարևորվում է նաև Հայաստանը, որի հետ հարաբերություններն ընդլայնվել ու խորացել են վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչի ապացույցը ոչ միայն փաստական տվյալներն են, այլև Հնդկաստանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումները։

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թ. օգոստոսի 31-ին: ՀՀ առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որն այցելել է Հնդկաստան, ՀՀ հիմնադիր նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն էր (1995 թ.), իսկ հնդկական կողմից Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան Հնդկաստանի պետնախարար Դիգվիջեյ Սինգհն էր (2003 թ.)։ 2000 թ. Հայաստանը բացեց իր դեսպանատունը Հնդկաստանում։ Դրանից հետո Հնդկաստանի և Հայաստանի միջև կնքվեցին բազմաթիվ հուշագրեր ու համաձայնագրեր, որոնք իրական համագործակցության հիմք ստեղծեցին։
Հայ-հնդկական շփումներն առավել մեծ թափ ստացան 2017-2019 թթ., բայց հատկապես 2020 թ. արցախյան պատերազմից և դրա հետևանքով աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո։ 2017 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ նախագահ Ս Սարգսյանն այցելել է Նյու Դելի, որտեղ հանդիպել է նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ։ Հանդիպումը հայկական կողմը հաջող է համարել. քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ 2019 թ. սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ վարչապետը հանդիպել է Հնդկաստանի առաջնորդ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ շրջանից ի վեր կողմերի հարաբերություններն իսկապես աշխուժացել են։ Բազմակողմ ոլորտներում համագործակցության խորացումը շահեկան էր թե՛ Հայաստանի և թե՛ Հնդկաստանի համար։ 2020 թ. ի վեր համագործակցությունն ընդլայնվել է նաև միջազգային կառույցների շրջանակներում։ Տեղի են ունեցել բարձրաստիճան ղեկավարների մի շարք փոխայցեր, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ ու հանդիպումներ։ Այսպես՝ ՀՀ ԱԳ նախարարը Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպել է 2021 թ. սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։ 2021 թ. հոկտեմբերի 12-ին նախարար Ջայշանկարն այցելել է Հայաստան, և այցի ընթացքում մշակվել է համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ։ 2022 թ. ապրիլին հայկական պատվիրակությունը մասնակցել է «Raisina Dialogue» համաժողովին, որի շրջանակներում ՀՀ արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի ղեկավարության հետ, ինչը հնարավորություն է ընձեռել շարունակելու երկխոսությունը նոր հնարավորություններով: 2022 թ. ապրիլին ՀՀ ԱԳ նախարարը տնտեսական համագործակցության առաջարկներ է ներկայացրել Հնդկաստանի ղեկավարությանը՝ կազմակերպելու բիզնես ֆորումներ Նյու Դելիում ու Մումբայում։ ՀՀ ՊՆ նախարարը հոկտեմբերին այցելել է Հնդկաստան, որտեղ հանդիպել է պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինգհի հետ։ 2022 թ. հուլիսի 4-ին տեղի է ունեցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի առցանց նիստը։

Հայաստանն առաջիկայում ևս կշարունակի աջակցել Հնդկաստանին միջազգային ասպարեզում Ջամուի և Քաշմիրի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածության հարցում։

Մյուս կողմից՝ Հայաստանը կշարունակի ռազմատեխնիկական աջակցություն ստանալ Հնդկաստանից, ինչին, ըստ ամենայնի, դեմ չեն ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ ԱՄՆ-ն, որոնց հետ Հնդկաստանն ավանդաբար սերտ հարաբերություններ ունի։ Ավելին՝ Մոսկվան և Նյու Դելին և՛ Շանհայի համագործակցության կազմակերպության, և՛ Բրիքսի անդամներ են։ Հնդկաստանը վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է իր ռազմական արդյունաբերությունը, և Հայաստանը կարող է օգտվել այդ հնարավորությունից։ Բացի այդ՝ Հայաստանի համար իսկապես լուրջ խնդիր է զենք ձեռք բերելը, մանավանդ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում, այն դեպքում, երբ Ռուսաստանը դժվարություններ ունի Հայաստան զենքի մատակարարման համար։ Փաստորեն, Հնդկաստանի հետ Հայաստանի համագործակցությունը ձեռք է բերում ռազմավարական նշանակություն։ Մյուս կողմից, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է սերտացնել համագործակցությունը Պակիստանի հետ, որը Հայաստանի դեմ ագրեսիվ տրամադրված եզակի պետություններից է, Նյու Դելիի և Երևանի շահերը համընկնում են։ Պակիստանը ինչպես Հայաստանի, այնպես էլ Հնդկաստանի համար անվտանգային սպառնալիք է ներկայացնում։ Բացի Ադրբեջանին տրամադրված ռազմաքաղաքական աջակցությունից՝ Պակիստանը, ըստ միջազգային տարբեր աղբյուրների, նաև վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին։

Հարկ է նշել, որ վերջին շրջանում աճել են նաև Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները։ Այսպես՝ 2021 թ. դրանք կազմել են 181 մլն ԱՄՆ դոլար՝ 2016 թ. շուրջ 21 մլն ԱՄՆ դոլարի համեմատ: Իհարկե, թվերը դեռևս չեն արտացոլում երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ողջ ներուժը, և Հայաստանն ակնկալում է առևտրի ծավալների աճ առաջիկա տարիներին: Անելիքներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության, դեղագործության, գիտության և կրթության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները, գյուղատնտեսությունը, տրանսպորտը, քաղաքացիական ավիացիան, զբոսաշրջությունը և առողջապահությունը մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են երկու երկրների համար: Հնդկաստանի կառավարությունն օժանդակում է Հայաստանին՝ իրականացնելու զարգացման մի շարք ծրագրեր, որոնց մեծ մասը վերաբերում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին: Հնդկաստանի կողմից Երևանում Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծումը, նաև տարածքային զարգացման հարցում աջակցությունը (ինչն ունի կրթական, հումանիտար և մշակութային բաղկացուցիչներ) իրապես շահեկան են Հայաստանի համար։ Ակտիվ են նաև շախմատի ֆեդերացիաները: 2022 թ. շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականը Չեննայում զբաղեցրեց երկրորդ տեղը: Ընդամենը 13 տարի առաջ բժշկական մասնագիտությամբ ուսանողների թիվը Հայաստանում 650-750 էր, մինչդեռ ներկայումս 2800-ից ավելի է: Հնդիկ զբոսաշրջիկներ են այցելում Հայաստան նույնիսկ Թամիլ Նադուից, Մադուրայից, Ուդմալպետից և այլ վայրերից։

Աստիճանաբար ընդլայնվում է համագործակցությունը ռազմական ոլորտում։ Հնդկաստանը պատրաստ է Հայաստանին տրամադրելու անհրաժեշտ սպառազինություն։ Երկու երկրների ռազմատեխնիկական ոլորտը բազմաթիվ ընդհանրություններ ունի, ինչը դյուրացնում է համագործակցությունը։ Օրակարգում է օդային և ցամաքային կանոնավոր կապ հաստատելու խնդիրը։ Առաջիկայում նախատեսվում է ուղիղ օդային կապ հաստատել Հնդկաստանի հետ, ինչը կընդլայնի տնտեսական համագործակցությունն ու կխթանի զբոսաշրջության զարգացումը:

Սունջոյ Ջոշիի կարծիքով՝ ներկայիս աշխարհում, երբ ամեն ինչ քանդվում, անհետանում է, ինստիտուտները կործանվում են, կենտրոններն այլևս չեն միավորվում, պետք է պայքարել գլոբալ խնդիրների լուծման եզրեր գտնելու համար, լինի դա կլիմայի փոփոխության, թե տիեզերքին վերաբերող որևէ խնդիր, այնպես որ «այսօրվա աշխարհում չենք կարող թույլ տալ, որ ղեկավարները չխոսեն միմյանց հետ»։ Հենց այս տրամաբանության շրջանակներում է Հնդկաստանը ձգտում ընդլայնելու համագործակցությունը բարեկամ երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։ Հայաստանը և Հնդկաստանը ունեն բազմաթիվ չիրացված հնարավորություններ, ոլորտային համագործակցության շատ ու շատ ասպեկտներ, որոնք կարոտ են նոր մշակումների ու լրջագույն վերանայումների։

Ոլորտային համագործակցության այլևայլ հնարավորություններ. որո՞նք են դրանք

Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք հետաքրքրված են հնդկական փիլիսոփայությամբ և յոգայով: Հնդկաստանում էլ շատերը հետաքրքրված են հայկական մշակույթով՝ եկեղեցիներով, հոգևոր երաժշտությամբ, արվեստով ու խոհանոցով: Հայ և հնդիկ բարեկամ ժողովուրդների կապերի սերտացման համար մեծ նշանակություն կարող է ունենալ հոգևոր կամ մշակութային զբոսաշրջությունը։ Հայ զբոսաշրջիկները կարող են Հնդկաստանում ծանոթանալ ոչ միայն տեղական, այլև հայկական մշակութային արժեքներին, որոնք գտնվոմ են Հնդկաստանի տարբեր քաղաքներում՝ պետական հոգածության ներքո։ Ներկայումս աշխատանքներ են տարվում հայ-հնդկական մշակութային փոխանակումների, հնդկական մշակույթի հոյակապ նմուշները, մասնավորապես` Աջանտայի քարանձավների որմնանկարների կրկնօրինակները Հայաստանում ներկայացնելու և կինոյի ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու ուղղությամբ։ «Հայֆիլմը» Բոլիվուդի հետ վերջերս կնքել է համագործակցության հուշագիր։

Հայաստանը ֆիլմ արտադրողների համար կարող է գրավիչ լինել, քանի որ հնդիկ պրոդյուսերները էկզոտիկ և ֆինանսական առումով ոչ ծախսաշատ երկրներ են փնտրում նկարահանումների համար: Իսկ Հնդկաստանում տարեկան ավելի քան 2000 ֆիլմ է արտադրվում: Հայկական ֆիլմ արտադրող ընկերությունները կարող են հնդկական պրոդյուսերական կենտրոններին համագործակցություն առաջարկել:

Կարևոր համագործակցություն գոյություն ունի տեխնոլոգիական ոլորտում։ Տեխնոլոգիաները ոչ միայն փոխում են հասարակությունների դիմագիծը, այլև միջհասարակական շփումներին նոր որակ են հաղորդում։ Դրանք փոխում են գիտելիքի ու տեղեկատվության փոխանցման հնարավորությունները: Արդի գիտելիքին հասու դառնալը յուրաքանչյուր պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավեր է։ Հենց բարձր տեխնոլոգիաներն են, որ խթանելու են Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում և առաջ են մղելու երկկողմ հարաբերությունները։
Շատ կարևոր է նաև համագործակցությունը սփյուռքի ոլորտում։ Թե՛ Հայաստանը և թե՛ Հնդկաստանը ունեն սփյուռք: Իհարկե, հնդկական սփյուռքն անհամեմատ մեծ է՝ մոտ 30 միլիոն։ Թե՛ հայերը և թե՛ հնդիկները տարբեր ոլորտներում կարևոր ներդրում են ունեցել և ունեն այն պետություններում, որոնցում ապրում են։ Այս երկու ժողովուրդները միևնույն ժամանակ կարողացել են պահպանել իրենց ինքնությունը: Դա միավորող կապերից մեկն է, մանավանդ եթե հաշվի առնենք արդի աշխարհի և ինքնությունների կերպափոխվող բնույթն ու դրանցից բխող մարտահրավերները։ Հնդկական սփյուռքը հայկական սփյուռքի պես ինստիտուցիոնալացված չէ։ Հնդիկ մասնագետների համոզմամբ՝ հնդկական սփյուռքը հայկական սփյուռքի փորձառության կարիքն ունի, ինչը հնարավոր է երկկողմ շփումների ակտիվացման հաշվին։

Հայաստան-Հնդկաստան համագործակցության համար շատ կարևոր են «people to people»՝ մարդկային շփումները։ Հնդիկ ուսանողների ներկայությունը Հայաստանում միշտ էլ հնարավորություն է տվել մոտիկից ծանոթանալու հնդկական իրողություններին։ Հնդկաստանի և Հայաստանի միջև գնալով աճում են հենց մարդկային շփումները. բավական շոշափելի թիվ են կազմում խառնամուսնությունները, նաև շատ հնդիկ երիտասարդներ, այդ թվում՝ բժիշկներ, ամուսնանում են Հայաստանում և չեն վերադառնում Հնդկաստան: Հայաստանը վերջին շրջանում հնդիկների համար դարձել է աշխատանքի սիրված ուղղություններից մեկը։ Հնդկաստանի քաղաքացիների թիվը Հայաստանի պես փոքր երկրում բավական մեծ է։ Ընդհանրապես հնդիկներն իրենց լավ են զգում Հայաստանում և լավ ինտեգրված են։ Թե՛ հայերին և թե՛ հնդիկներին հետաքրքիր է ծանոթանալ միմյանց կենցաղին, խոհանոցին, սովորույթներին և այլն։ Ճանաչելիության ընդլայնման հարցում կարևոր դեր կարող են ունենալ մեդիան և սոցիալական ցանցերը։ Րինա Պանդեի համոզմամբ՝ անհրաժեշտ է Հնդկաստանում Հայաստանի մասին տեղեկատվություն տարածել, ֆիլմեր ցուցադրել, որպեսզի զբոսաշրջությունը ևս զարգանա։

Ներկայումս աշխարհում կա մի հետաքրքիր և նոր զարգացող միտում՝ արտերկրում հարսանիքների անցկացումը, որը կարող է հետաքրքիր լինել երկու կողմի համար էլ, բայց առայժմ՝ հնդկականին։

Հնդիկ երիտասարդները սիրում են արտերկրում հարսանիքներ կազմակերպել, իսկ Հայաստանն ունի դրա համար անհրաժեշտ հարմարությունները և, ըստ միջազգային տարբեր ինդեքսների, վերջին շրջանում բավական գրավիչ է դարձել տարբեր առումներով։

Եզրակացություն

Հայաստանն ու Հնդկաստանն ապրում են հետաքրքիր շրջադարձեր։ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է:

Հնդկաստանը ժողովրդավար, միջազգային մեծ հեղինակություն ու կշիռ ունեցող, ինչպես նաև դինամիկ տնտեսությամբ աչքի ընկնող գերտերություն է, որը տնտեսությամբ աշխարհում հինգերորդն է։

Հնդկաստանը նաև հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգային համակարգի կարևորագույն բաղկացուցիչն է: Անվտանգության մարտահրավերները Հարավային Կովկասում արցախյան վերջին պատերազմի համատեքստում և Հայաստանի պարտությունը ի հայտ բերեցին աշխարհաքաղաքական նոր իրողություններ։ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը, որն ուղեկցվում է մի կողմից Թուրքիա-Ադրբեջան, մյուս կողմից Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան տանդեմի հարաբերությունների ամրապնդմամբ, հիմք դարձավ Հնդկաստանի համար ամրապնդելու Հայաստանի հետ կայուն համագործակցությունը, ինչին զուգահեռ խարխլվեց Հնդկաստան-Ադրբեջան հարաբերություններում ձևավորված մթնոլորտը։ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում Հայաստանի ներգրավումը, ռազմաքաղաքական և այլևայլ ոլորտներում ձևավորվող ու խորացող համագործակցությունը, Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի վաճառքը, մյուս կողմից՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող դարավոր քաղաքակրթական ու այլ առնչություններ պարարտ հող են ստեղծում նրանց հետագա համագործակցության համար։ Հնդիկ փորձագետների համոզմամբ՝ Նյու Դելին հանձնառու է Հայաստանի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում։ Հայաստանն այս հարցում այլընտրանք չունի, եթե հաշվի առնենք, որ բնական դաշնակիցներ նա գրեթե չունի։ Մյուս կողմից՝ Հնդկաստանն աշխարհագրորեն հեռու է Հայաստանից, ինչն իրական խոչընդոտ է առավել սերտ համագործակցության համար։ Ամեն դեպքում Հնդկաստան-Հայաստան խորացող համագործակցությունն այլևս ընթացքի մեջ է, ինչի ապացույցը Նյու Դելիի արտաքին քաղաքականության մեջ հարավկովկասյան ուղղության կոնցեպտուալացման միտումն է։

 

Արաքս Փաշայան

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ