կարևոր
3562 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 16:50
Քաղաքական

30 տարիների ընթացքում առաջին անգամ ոչ թե տարբեր, այլ իրար հակասող ձայներ լսվեցին Հայաստանից և Արցախից․ Քրիստինե Վարդանյան

Ցավոք սրտի պետք է նախ հաստատել փաստը, որ դա ոչ թե ենթադրություն է այլ փաստ է, այն մասին ինչ Հայաստանի քաղաքական ուժերը երկար ժամանակ ասում են՝ փորձելով այդ ապազգային գծից շեղված դիրքորոշումները բերել ազգային դաշտ, արդեն նաև արձանագրվեց ճգնաժամի պայմաններում, որովհետև Արցախում ստեղծված ճգնաժամը խաղերի տեղ չի թողնում։ Այս մասին Ազգային Ժողովում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների դիրքորոշումները Արցախի հարցում տարբեր են։

«Այստեղ կարող է լինել երկու դիրքորոշում՝ կամ կանգնում էս Արցախի կողքին, պաշտպանում  նրան, արցախցիների իրավունքները, որովհետև նրանց իրավունքները կարող ես պաշտպանել՝ պաշտպանելով միայն Արցախի ինքնորոշում իրավունքը, քանի որ չի կարող արցախցու իրավունքը պաշտպանված լինել Ադրբեջանի կազմում։ Հայության զգալի հատվածը կանգնած է այս հաստատումների կողքին։ Բայց կա նաև հակահայկական մի հոսանք, որը ասում է, որ ինքը կապ չունի այդ իրավունքների պաշտպանության հետ և ասում է, որ Արցախը պիտի իր հարցերը լուծի։ Ցավոք սրտի այդ մարդիկ հիմա զբաղեցնում են իշխանական աթոռները։ Հետևապես այս տարանջատումը հասավ իր գագաթնակետին և իր ցայտուն դրսևորումը ստացավ այս ճգնաժամային պայմաններում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում առաջին անգամ ոչ թե տարբեր ձայներ լսվեցին Հայաստանից և Արցախից, այլ իրար հակասող ձայներ։ Իսկ այդ հակասությունը գոյաբանական է․ «Կանգնած ենք արդյոք Արցախի  իրավունքների պաշտպանության կողքին, թե՞ ձեռքներս լվացել ենք։ Հայաստանի երրորդ հանրապետությունը Արցախի Հանրապետությունն է, Արցախը կանգնած է Երրորդ հանրապետության ակունքներում, հրաժարվելով Արցախի իրավունքների պաշտպանությունից՝ հրաժարվում ենք Երրորդ հանրապետությունից ընդհանրապես։ Արցախը և պետականությունը ոչ միայն իրար հակասում են, այլ միմյանց լրացնում են և միմյանց համար հիմք են հանդիսանում»,- ասաց նա։