Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայոց ցեղասպանության հարցը ՄԱԿ-ում քննարկվել է դեռևս 1948 թ., երբ ծավալվում էր «Ցեղասպանություն հանցագործության կան-խարգելման ու դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունման գործընթացը, որն ավարտվեց դրա ընդունմամբ : Հետագայում ևս ժամանակ առ ժամանակ այդ հարցը կրկին հայտնվել է տվյալ հեղինակավոր միջկառավարական կառույցի ուշադրության կենտրոնում: Թեև Սառը պատերազմի տարիներին ՄԱԿ-ում ուժերի հարաբերակցությու-նն արևմտյան երկրների օգտին էր, այդուհանդերձ, Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություններ են հնչել Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից : 1965 թ. հունվարի 25-ին և 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում երկու անգամ ելույթ ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կիպրիանին, որը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի՝ կոտորածներին վերաբերող արտահայտություններին, նշեց, որ Թուրքիայի ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի խոսելու կոտորածներից, քանզի հենց տվյալ տարում ողջ աշխարհի հայությունը նշում է 1915 թ. Թուրքիայում մեկուկես միլիոն անմեղ հայերի զանգվածային կոտորածների 50-րդ տարելիցը: Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարը փորձեց հայտնի ցեղասպանագետ Ա. Թոյնբիի աշխատություններից մեջբերումներով ժխտել հայերի կոտորածների վերաբերյալ մեղադրանքները: Հունվարի 27-ի ելույթում Կիպրոսի արտգործնախարարը քննադատեց Թուրքիայի արտգործնախարարի արտահայտությունը, որը հայերի ցեղասպանությունն անվանել էր «այսպես կոչված կոտորած»: Կիպրիանին թուրք գործընկերոջը խորհուրդ տվեց կարդալու Ա. Թոյնբիի բոլոր աշխատությունները, որոնցում նա բազմաթիվ տեղեկություններ կգտներ հայերի ջարդերի մասին և շատ այլ բաներ, որոնք հազիվ թե նրան դուր գային :
ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները վերսկսվեցին 1970-ական թթ. սկզբներից, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի խտրականության կանխարգելման և փոքրամաս-նությունների իրավունքների պաշտպանության ենթահանձնաժողովում նախաձեռնվեցին «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի բարեփոխմանն ուղղ-ված աշխատանքները: 1971 թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հաստատեց «Ցեղասպանություն հանցագործության կանխար-գելման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան բարեփոխելու նպատակով հետազոտություն կատարելու և զեկույց ներկայացնելու առաջարկը: Ենթահանձնաժողովը նշանակում է տվյալ հարցով հատուկ զեկուցողի` Ռուանդայի ներկայացուցիչ Նիկոդեմ Ռուհաշիանկիկոյին: 1972 թ., երբ նա առաջին անգամ իր զեկույցը ներկայացրեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի 25-րդ նստաշրջանին, նրանում Հայոց ցեղասպանության մասին հիշատակում չկար: Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կուրտ Վալտհայմին գրած նամակում տեղեկացնում է հայ պատմաբան Զավեն Մսրլյանը, ո-րը նամակներ է ուղարկում նաև ենթահանձնաժողովի նախագահ Ջորջ Բրանտին և անձամբ զեկուցողին: Ենթահանձնաժողովի նախագահը պատասխանում է, որ առաջարկը հաշվի է առնվել, և հայերի ցեղասպանության փաստը ներառվել է զեկույցի տեքստում :
1973 թ. սեպտեմբերի 16-ին Ժնևում բացված ՄԱԿ-ի մարդու իրա-վունքների հանձնաժողովի ենթահանձնաժողովի 26-րդ նստաշրջանում հատուկ զեկուցող Ն. Ռուհաշիանկիկոն ներկայացնում է իր զեկույցի նոր տարբերակը, որի 30-րդ պարբերության մեջ պատմական փաստերի շարքում հայերի նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատար-վածը որակվում է որպես «հանցագործություն, որը համարվում է XX դարի առաջին ցեղասպանությունը» : Զեկույցն արժանացավ բարձր գնահատականի և միաձայն ընդունվեց ենթահանձնաժողովի կողմից: Սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն պետք է քննարկվեր և ըն-դունվեր նաև մարդու իրավունքների հանձնաժողովում, որի անդամ-ները, ի տարբերություն ենթահանձնաժողովի անդամների, իրենց կառավարությունների ներկայացուցիչներն էին, որոնք արտահայտում էին իրենց կառավարությունների, այլ ոչ թե իրենց դիրքորոշումը, բայց ի-րավունք չունեին վետո կիրառելու հատուկ զեկուցողի հետազոտության կամ դրա առանձին դրույթների նկատմամբ:
1974 թ. մարտի 6-ին Ռուհաշիանկիկոյի զեկույցը՝ 30-րդ պարբերությամբ հանդերձ, ներկայացվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 30-րդ նստաշրջանին: Դրանում Հայոց ցեղասպանութ-յան հիշատակումը հանգեցրեց թուրքական կողմի հուժկու հակազդեցությանը: Թուրքիայի ներկայացուցիչ Օսման Օլչայը պահանջեց զեկույցը վերադարձնել վերամշակման և տեքստից հանել 30-րդ պարբե-րությունը : Թուրքական կողմն իր դիրքորոշումը հիմնավորում էր նրանով, որ հին վերքերը փորփրելը վտանգավոր է, ինչը կարող է ատելություն առաջացնել, որ պատմական իրադարձությունների ամբողջա-կան պատկերի ճշգրիտ վերականգնումն անհնար է և այլն : Հակառակ հաստատված կարգի, համաձայն որի՝ հատուկ զեկուցողների ուսումնասիրություններում ներկայացված դրույթները փոփոխության չէին կարող ենթարկվել, Թուրքիայի ներկայացուցիչը պահանջեց զեկույցից հանել նաև 28-րդ և 29-րդ պարբերությունները, որոնք վերաբերում էին կրոնական հիմքով ցեղասպանություններին: Թուրքիայի այս պահանջին միացան ԱՄՆ-ի, Պակիստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ավստրիա-յի, Իրաքի, Իրանի, Հնդկաստանի, Ռումինիայի, Էկվադորի և Նիգերիա-յի պատվիրակները, իսկ ԽՍՀՄ-ի, Խորհրդային Բելառուսի և Մեծ Բրիտանիայի պատվիրակները պահանջեցին դռնփակ նիստ հրավիրել : Ի վերջո թուրքերը ԱՄՆ-ի աջակցությամբ և ԽՍՀՄ ներկայացուցչի լուռ համաձայնությամբ կարողացան հասնել նրան, որ զեկույցը վերադարձ-վեց վերամշակման, ինչն առաջին հերթին ենթադրում էր 30-րդ պարբերության վերացումը :
ՄԱԿ-ի մարդու իրավունքների վարչության տնօրեն հոլանդացի Թեո վան Բովենը, որն անձամբ մասնակցել է բոլոր քննարկումներին սկզբում որպես ենթահանձնաժողովում Նիդերլանդների ներկայացուցիչ, այնուհետև՝ որպես դրա անդամ, մեկնաբանելով այդ զարգացումները, ափսոսանք հայտնեց, որ թուրքական պետությունն իր արատավոր շահերը պաշտպանելու նպատակով իսկական դիվանագիտական արշավ սկսեց 1974 թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նստաշրջանից առաջ, ինչը հայ ժողովրդի պատմական ճակատագրի նենգափոխման պատճառ դարձավ:
Հատուկ զեկուցողի հետազոտության մեջ հայերի ցեղասպանության՝ իբրև տվյալ հանցագործության բոլոր հաջորդ դեպքերի համար նախադեպի հիշատակումը, որը ցեղասպանության մասին կոնվենցիա-յի կատարելագործման հիմք էր, խուճապ առաջացրեց ոչ միայն Թուր-քիայի, այլև ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների և նույնիսկ հակառակ ճամբարի առաջատար ԽՍՀՄ-ի մոտ, որոնք, մոռանալով միմյանց միջև եղած լուրջ հակասությունները, միավորվում են այդ հիշատակումը չեզոքացնելու համար: ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դիրքորոշումը հիմնավորվում էր նրանով, որ Թուրքիան ԱՄՆ-ից հետո թվաքանակով երկրորդ բանակն ուներ ՆԱՏՕ-ում, վերահսկում էր խորհրդային նավատորմի ելքը Միջերկրական ծով, ԱՄՆ-ի ռազմավարական հենարանն էր ԽՍՀՄ-ի հետ սահմանին, նրա տարածքում էր տեղակայված ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ամենամեծ ռազմակայանը, որտեղից իրականացվում էր նաև խորհրդային ռազմավարական միջուկային ուժերի ռադիոէլեկտրոնային և տիեզերական հետախուզությունը, և այնտեղից էր ստացվում այդ հետախուզության միջոցով ձեռք բերված տե-ղեկությունների հիմնական մասը: Այդ էր պատճառը, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչն անգամ կասկածի տակ էր առնում հայերի ցեղասպանության փաստը:
Եթե ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների շարժառիթներն ու փաստարկները Սառը պատերազմի պայմաններում ինչ-որ չափով կարելի էր հասկանալ, քանզի նրանք փորձում էին այդ կերպ պաշտպանել իրենց ռազմա-վարական դաշնակցին, ապա ԽՍՀՄ դիրքորոշումն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, սակայն այն ևս ուներ իր բացատրությունը: Այդ կերպ ԽՍՀՄ-ն նպատակ էր հետապնդում թույլ չտալու պետությունների պատասխանատվության սկզբունքի ամրագրումը միջազգային իրավունքում, ինչը կարող էր ծանր հետևանքներ ունենալ նաև իր համար, քանզի դեռ ցեղասպանության մասին կոնվենցիայի քննարկման ժամանակ իր հասցեին նույնպես հնչում էին ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքներ քաղաքական այլախոհության հետապնդումների և ազգային փոքրամասնությունների հարցում խտրականության առնչությամբ:
Հաշվի առնելով այդ հուժկու հակազդեցությունը՝ դեմ արտահայտված երկրների հայկական համայնքները սկսում են աշխատանքներ տանել իրենց իշխանությունների դիրքորոշումների վրա ներազդելու ուղղությամբ: Բացի այդ՝ հայկական տարբեր համայնքներից նամակներ էին հղվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որոնց կցվում էին Հա-յոց ցեղասպանությունը հաստատող փաստագրական նյութեր՝ պա-հանջելով անպայման վերականգնել զեկույցի 30-րդ պարբերությունը:
30-րդ պարբերության շուրջ բանավեճը շարունակվեց 1975 թ. սեպտեմբերին Ժնևում: Այս անգամ Ավստրիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Նիգերիայի, Ֆրանսիայի և Հարավսլավիայի փոր-ձագետները արտահայտվեցին պարբերության պահպանման օգտին, սակայն որոշում ընդունվեց երեք տարով՝ մինչև 1978 թ. ենթահանձնաժողովի 33-րդ նստաշրջանը, սառեցնել հարցի քննարկումը:
1978 թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ենթահանձ-նաժողովը կրկին անդրադարձավ 1973 թ. ներկայացված զեկույցին: Քննարկման ժամանակ հատուկ զեկուցող Ն. Ռուհաշիանկիկոն հայտարարեց, թե հայերի ցեղասպանության վկայություններ չի հայտնաբերել, և միակ ճանաչված դեպքը հրեաների ցեղասպանությունն է Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ակնհայտ էր, որ հատուկ զեկուցողի դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված էր այն ճնշումներով, որոնց նա ենթարկվել էր առաջին հերթին թուրքական կողմից: Ն. Ռուհաշիանկիկոյի վրա ճնշումներ գործադրելու փաստը հաստա-տում է նաև դեպքերի անմիջական մասնակից հոլանդացի Վան Բովենը, որն ափսոսում էր, որ թուրքական կառավարությունն ազդեցություն է ունեցել առանձին փորձագետների անկախ ու անաչառ դիրքորոշ-ման վրա: Միևնույն ժամանակ նա հավատում էր, որ առանձին անհատների, խմբերի և ոչ կառավարական կազմակերպությունների շնորհիվ պատմական արդարությունը և աշխարհի խիղճը դեռ չեն թաղվել, նույնիսկ որոշ կառավարությունների դիրքորոշումներն ավելի են ճշգրտվել, և ՄԱԿ-ում բացվել են նոր հնարավորություններ, որ ճշմարտությունն ու արդարությունը հաղթանակեն : Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ առարկեցին դրան՝ գտնելով, որ կոնվենցիայի բարեփոխումն ու դրա արդյունավետության բարձրացումն առանց պատմական փորձը հաշվի առնելու ուղղակի անհնարին է, այնուամենայնիվ, Թուրքիան ու նրան սատարող երկրները հասան այն բանին, որ զեկույցից ամբողջությամբ դուրս բերվեց հիմնահարցի պատմությանը վերաբերող 30-րդ պարբերությունը: Այսպիսով՝ Թուրքիային հաջողվեց զեկույցից ժամանակավորապես դուրս մղել Հայոց ցեղասպանության մասին հիշատակող պարբերությունը:
Համաձայն սահմանված ընթացակարգի՝ զեկույցը 1979 թ. մարտին կրկին ներկայացվեց մարդու իրավունքների հանձնաժողովին, որից հեղինակը դուրս էր թողել 30-րդ պարբերությունը, ինչը բողոքի այնպի-սի մեծ ալիք բարձրացրեց, որը թերևս սպասելի չէր զեկուցողի համար: Սակայն ռուանդացի հատուկ զեկուցողն այլևս չփոփոխեց իր զեկույցը, և ենթահանձնաժողովը, համաձայն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի 1983 թ. 33-րդ բանաձևի, նշանակեց մեկ այլ զեկուցողի՝ հանձնարարելով ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու դրա համար պատժի ուսումնասիրությունը հիմնովին վերանա-յել և ներկայացնել նոր զեկույց : 1983 թ. մայիսի 27-ին նոր հատուկ զե-կուցող նշանակվեց բրիտանական խորհրդարանի նախկին պատգամավոր Բենջամին Ուայթեքերը, որին հանձնարարվեց զբաղվել «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա համար պատ-ժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան բարեփոխելու վերաբերյալ հետազոտությամբ և ներկայացնել նոր զեկույց: 1984 թ. օգոստոսի 7-ին Ուայթեքերը հայտարարեց, որ նախորդ զեկույցում որոշ բացեր կային՝ պայմանավորված քաղաքական ճնշմամբ, այդ թվում՝ հայերի ցեղասպանության հարցի առնչությամբ : Հատկանշական է, որ նոր զեկուցողը տեղյակ էր նախորդ զեկուցողի նկատմամբ գործադրված ճնշումնե-րի մասին և հենց դա էր համարում նախկին զեկույցի գլխավոր թերությունը:
1985 թ. հուլիսի 2-ին Բ. Ուայթեքերը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ենթահանձնաժողովին ներկայացրեց նոր զեկույցը «Ցե-ղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան կատարելագործելու վերաբերյալ: Հեղինակը նշում էր, որ թեև «ցեղասպանություն» բառը համեմատաբար վերջերս է առաջացել, սակայն այն վերաբերում է հին հանցագործութ-յանը :
Վերափոխված տարբերակի 24-րդ պարբերության մեջ նշվում է, որ նացիստական գազանությունները, ցավոք, չեն եղել XX դարի ցեղա-սպանության եզակի օրինակ: Հեղինակն այդ հանցագործության օրի-նակների թվին է դասել 1904 թ. գերմանացիների կողմից իրագործված հերհերոների կոտորածները, 1915-1916 թթ. օսմանցիների կողմից հայերի կոտորածները և այլն : Հերհերոների 1904 թ. կոտորածի հիշատա-կումով հեղինակը փաստորեն ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանություն անվանելուց, ինչն ամրագրված էր ռուանդացի զեկուցողի հետազոտության 30-րդ պարբերության մեջ:
Հեղինակը նաև ստիպված է եղել հայերի կոտորածների վերաբերյալ զեկույցի տողատակում տալ որոշ պարզաբանումներ. «Առնվազն մեկ միլիոն, այսինքն` ըստ էության հայ բնակչության կեսից ավելին ան-կախ կազմակերպությունների ու ականատեսների հավաստի տվյալնե-րով սպանվել է կամ մահվան քարավաններ է ուղարկվել: Դա հաստատվում է ԱՄՆ, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արխիվային փաս-տաթղթերով, ինչպես նաև այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ծառայող, այդ թվում` նրա դաշնակից Գերմանիայի, դիվանագետների վկայություններով» : Որպես նշվածի ապացույց զեկուցողը մեջբերում է Գերմանիայի դեսպան Վանգենհայմի 1915 թ. հուլիսի 7-ի հեռագիրը, որում նշված է, որ թուրքական կառավարությունն իրականում նպատակ էր հետապնդում ոչնչացնելու հայերի տեսակը Օսմանյան կայսրությունում: Բ. Ուայթեքերը եզրակացնում էր, որ թեև հաջորդ թուրքական կառավարությունը կոտորածների համար պատասխանատու որոշ անձանց հանձնեց դատարանին ու նրանց մեղավոր ճանաչեց կա-տարվածում, թուրքական ներկա պաշտոնական տեսակետը հանգում է նրան, որ ցեղասպանություն չի եղել, թեև եղել են շատ զոհեր և տեղահանություններ, որոնք պայմանավորված էին պատերազմով, և բոլոր հակառակ պնդումները կեղծիք են :
Այս անգամ ևս փորձեր արվեցին ճնշումներ գործադրելու զեկուցողի վրա՝ ստիպելու նրան իր զեկույցից հանել հայերի կոտորածների՝ իբրև ցեղասպանության հիշատակումը, սակայն ապարդյուն: Ի տարբերութ-յուն ռուանդացի զեկուցողի՝ անգլիացի զեկուցողը ցուցաբերեց անկախ հետազոտողին վայել անաչառություն ու սկզբունքայնություն: Ուայթեքերն իր պարզաբանումներում զետեղել էր նաև թուրքական տեսակե-տը, թերևս այն նպատակով, որ 24-րդ պարբերության՝ հայերի ցեղասպանության մասին դրույթը դուրս չմղվի տեքստից, ինչպես եղավ նախկին զեկույցի դեպքում: Տողատակում ներկայացնելով 1915 թ. դեպքերի թուրքական վարկածը՝ Ուայթեքերը հենց Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դեսպան Վանգենհայմի զեկուցագրերից մեջբերումներով չեզոքացնում է այն:
1985 թ. օգոստոսի 5-30-ն ընթացած ենթահանձնաժողովի 38-րդ նստաշրջանում կրկին սկսվեցին Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները, երբ Բ. Ուայթեքերը ներկայացրեց իր զեկույցը, որի 24-րդ պարբերության մեջ հիշատակվում էր Հայոց ցեղասպանության փաստը: Մահմեդական երկրների` Եգիպտոս, Հորդանան, Մարոկկո, Բանգլադեշ, և որոշ եվրոպական երկրների մասնագետ ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով դեմ արտահայտվեցին 24-րդ պարբերությանը: Օգոստոսի 19-ին ենթահանձնաժողովի նիստում ելույթ ունեցան նաև չորս հայեր` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ, պրոֆեսոր Շավարշ Թորիկյանը, Գերության դեմ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչ Հրայր Պալյանը, Բնիկ ժողովուրդների համաշխարհային կազմակեր-պության ներկայացուցիչ Հարութ Սասունյանը և «Ազգերի և ժողովուրդների միջև եղբայրական միություն» միջազգային շարժման ներկայացուցիչ Ռոբերտո Մալխասյանը, որոնք պատմական փաստերի հիման վրա պաշտպանեցին Հայոց ցեղասպանության փաստի հիշատակումը զեկույցի 24-րդ պարբերության մեջ:
Թորիկյանը և Սասունյանն իրենց ելույթներում նաև անդրադարձ կատարեցին այն փաստին, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնա-ժողովը դեռ 1948 թ. իր նիստերում անդրադարձել է հայերի կոտորած-ներին: Այդ քննարկումների մասին փաստերը տեղ են գտել հանձնաժո-ղովի փաստաթղթերում, որոնք հայտնաբերել ու առաջին անգամ շրջա-նառության մեջ է դրել Զ. Մսըրլյանը :
Ի պատասխան՝ Թուրքիայի ներ-կայացուցիչը կրկնեց թուրքական պաշտոնական վարկածը, համաձայն որի՝ կատարվածն ընդամենը հայկական ապստամբության ճնշում է եղել: Նրա տեսակետը պաշտպանեցին նաև թուրք մասնագետ Թուրքայա Աթայովը և Պակիստանի ներկայացուցիչը:
Օգոստոսի 20-ին պատասխան ելույթում զեկույցի հեղինակ Բ. Ուայ-թեքերը նշեց, որ ութ տարի զբաղվել է հայերի ցեղասպանության ու-սումնասիրությամբ, հետազոտել է արխիվային փաստաթղթեր, այդ թվում՝ Օսմանյան կայսրության դաշնակից տերությունների` Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի արխիվները, որոնք վկայում են հենց ցեղասպանության մասին, որի կազմակերպիչները դատապարտվել են հենց թուրքական ռազմական դատարանների կողմից: Զեկուցողը եզրակացրեց, որ եթե ենթահանձնաժողովում ելույթ ունեցող մասնագետները չպետք է քաջություն ունենան ասելու ճշմարտությունը, ուրեմն նրանց մասնակցությունն անիմաստ է, քանզի ենթահանձնաժողովի պարտականությունն է զոհերին պաշտպանել կառավարություններից, այլ ոչ թե հակառակը : Զեկույցին փորձեց հակադարձել Թուրքիայի ներկայացուցիչը, սակայն հույն նախագահող Էրիկա Թայեսը ձայն չտվեց նրան՝ հայտարարելով, որ հարցի շուրջ քննարկումներն ա-վարտված են: Օգոստոսի 21-ին վերջապես անցկացվեց քվեարկություն, և զեկույցն ամբողջությամբ ընդունվեց ձայների 14 «կողմ», 1 «դեմ» և 4 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Կողմ էին քվեարկել Արգենտինան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Մեքսիկան, Հարավսլավիան, Չինաստանը, Ճապոնիան, Նիգերիան, Եթովպիան, Գանան, Հնդկաստանը, Բելգիան, Կանադան և Էկվադորը: Ձեռնպահ էին քվեարկել Հորդանանի, Կուբայի, Մարոկկոյի և Բանգլադեշի ներկայացուցիչները, ևս վեց երկրների մասնագետ-պատվիրակներ քվեարկությանը չմասնակցեցին: Դեմ քվեարկած ԽՍՀՄ ներկայացուցիչն իր դիրքորոշումը հիմնավորեց նրանով, որ իր կառավարությունը համաձայն չէ Ուայթեքերի զեկույցում տեղ գտած այն առաջարկների հետ, որոնց նպատակն է փոփո-խություններ մտցնել ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի մեջ : Կողմ քվեարկած ԱՄՆ-ի պատվիրակ Ջոն Քերին և Մեքսիկայի ու Բելգիայի պատվիրակները քվեարկություններից առաջ և նիստերի ընթացքում հայանպաստ դիրք էին գրավել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ենթահանձնաժողո-վում ձեռք բերված այս կարևոր հաջողության հիմքն այն էր, որ եթե 1970-ական թթ. 30-րդ պարբերության քննարկումներն ընթանում էին առանց հայերի գործուն մասնակցության, ապա թուրքական կառավա-րության ջանքերով այդ պարբերության տապալումը 1980-ական թթ. հանգեցրեց Սփյուռքի ներուժի համախմբմանն ու ավելի նպատակային պայքարին, ինչի շնորհիվ համասփյուռքյան միասնական ջանքերով հաջողվեց 30-րդ պարբերությունը վերահաստատել 24-րդ պարբերութ-յան տեսքով:
ԽՍՀՄ կազմալուծումից, Հայաստանի՝ միջազգային իրավունքի սուբյեկտ և ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալուց հետո հնարավորություն ընձեռվեց այդ կազմակերպության բարձր ամբիոնից տվյալ հարցի վերաբերյալ հնչեցնելու արդեն Հայաստանի պաշտոնական դիրքորո-շումը: 1998 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում և ՄԱԿ-ի բարձր ամբիոնից բարձրացրեց նաև Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման անհրաժեշտության հարցը: 1998 թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանը միաձայն ընդունեց «Ցեղասպանության կանխարգելման և պատժելիության կոնվենցիայի 50-ամյակի մասին» Հայաստանի և հինգ այլ երկրների ներկայացրած ցեղասպանության դատապարտման 53/43-րդ բանաձևը, որում երախտագիտություն էր հայտնվում բոլոր այն երկրներին, որոնք վավերացրել էին կոնվենցիան, առաջարկվում էր կոնվենցիային միանալ այն երկրներին, որոնք դեռ չէին արել դա: Կոչ էր արվում բոլոր երկրներին ընդլայնելու և ակտիվացնելու ջանքերը այդ դրույթների կատարման ուղղությամբ, ինչպես նաև շարունակելու կոնվենցիայի դրույթների ուսումնասիրումը՝ վեր հանելով դրանց իրագործման խոչընդոտներն ու նախանշելով դրանց հաղթահարման ուղիները ինչպես ազգային, այն-պես էլ միջազգային մակարդակում :
Նույն օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Կիպրոսի մշտական ներկայացուցիչը հանդես եկավ «Անկախ կատարման ժամկետից և զբաղեցրած դիրքից ծանր միջազգային հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց քրեական պա-տասխանատվության ենթարկելու մասին» զեկույցով: Դրանում ընդգծվում էր, որ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի կոտորածը ցեղասպանության օրինակ է, որի դեմ, ցավոք, ջանքեր են գործադրվում, որպեսզի այն չդիտարկվի իբրև տվյալ հանցագործության պատմական օրինակ: Կիպրոսի ներկայացուցիչը ակնհայտորեն ակնարկում էր ենթահանձնաժողովում Հայոց ցեղասպանության՝ իբրև տվյալ հանցագործության պատմական փաստի հիշատակման պատճառով միջազգային ծանր հանցագործություն համարվող ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիան բարեփոխելու համար նախաձեռնված գործընթացի՝ Թուրքիայի կողմից տապալման քայլերը: Կիպրոսի ներկայացուցիչն իր ելույթում նշեց նաև, որ եկել է ցեղասպանություն հանցագործությունից տուժած ժողովրդի նկատմամբ արդարացի լինելու և նրա արժանապատվությունը պաշտպանելու ժամանակը, որ բոլոր երկրները միասնաբար հանդես գան ցեղասպանության համար մեղավոր պետությանը պատասխանատվության կանչելու հարցում: Բանախոսն ընդգծում էր, որ, հաշվի առնելով ոչ վաղ անցյալի պատմությունը, առաջ է եկել ցեղասպանության կոնվենցիայի գործադրման
անհրաժեշտությունը :
2001 թ. ապրիլի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձ-նաժողովի 57-րդ նստաշրջանը միաձայն ընդունեց Հայաստանի նախա-ձեռնությամբ ներկայացված՝ «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի մասին բանաձևը, և, նկատի ունենալով այն տառապանքները, որոնք արդեն իսկ ցեղասպանությունը պատճառել է մարդկությանը, և այն, որ դեռևս կա ցեղասպանության կրկնության վտանգ, մեկ անգամ ևս շեշտվում է այդ կոնվենցիայի մնայուն նշանակությունը և կիրառման կարևորութ-յունը, ինչպես նաև որոշվում է անդրադառնալ այդ հարցի քննարկմանը 2003 թ. կայանալիք 59-րդ նստաշրջանի ընթացքում:
2008 թ. մարտի 28-ին 58 պետությունների, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է ևս մեկ բանաձև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ, որը նպատակաուղղված էր քննարկելու ՄԱԿ-ի համակարգում ցեղասպանության վաղ կանխարգելման և նախազգուշացման ներդաշնակ մեխանիզմների մշակումը:
Միանգամայն բնական է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 53/43-րդ բանաձևի ընդունումից հետո՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հայաստանը պետք է ակտիվացներ իր ջանքերը միջազգային այդ հեղինակավոր կառույցի կողմից ցեղասպանություն հանցագործության դատապարտման վերաբերյալ հերթական փաստաթղթի ընդունման ուղղությամբ: Նախ և առաջ 2015 թ. ապրիլի 15-ին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարվեց փոփոխություն, որով դեկտեմբերի 9-ը` «Ցեղասպանություն հանցա-գործության կանխարգելման ու դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի ընդունման օրը, հռչակվեց ցեղասպանությունների դատապարտման և հիշատակի օր: Հայաստանի այս նախաձեռնությունը հասավ իր տրամաբանական ավարտին, երբ սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր : Հատկանշական է, որ Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները չհամարձակվեցին Հայաստանի նախաձեռնած բանաձևի դեմ որևէ քայլ ձեռնարկել, քանզի դրանով հենց իրենք կհաստատեին իրենց՝ ցեղասպանական պետություն լինելու փաստը:
Ամփոփելով նշենք, որ Հայոց ցեղասպանության դատապարտման և դրա հետևանքների հաղթահարման հարցերի բարձրացման ու պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ է հետևողական աշխատանք-ներ տանել ՄԱԿ-ի մի շարք կառույցներում և ենթակառույցներում: Այսպես.
1. ՄԱԿ-ի միջազգային իրավունքների հանձնաժողովն ավելի քան կես դար աշխատում է միջազգային հանցագործությունների համար պետությունների պատասխանատվության նորմերի մշակման ուղղութ-յամբ, և նրա ջանքերով 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արդեն իսկ ընդունել է առաջին փաստաթուղթը` 56/83-րդ բանաձևը, որում «միջազգային հանցագործություն» արտահայտության փոխարեն կի-րառվել է «միջազգային հակաիրավական արարք» ձևակերպումը՝ փոր-ձելով չքրեականացնել միջազգային իրավունքի նորմեր ստեղծող սուբյեկտներին՝ պետություններին: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հա-յաստանը և Սփյուռքն իրենց համապատասխան կառույցներով պետք է ակտիվորեն աշխատեն ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի խորհրդի անդամ միջազգային իրավունքի ականավոր մասնագետների հետ, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ապագայում ընդուն-վելիք բանաձևերում հնարավոր լինի ամրագրել մեզ համար բարենպաստ ձևակերպումներ:
2. 2001 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1366-րդ բանաձևի հա-մաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կից ստեղծվել է ցեղասպանության կանխարգելման հարցերով զբաղվող հատուկ խորհրդականի գրասենյակ: Հատուկ խորհրդականի իրավասությունների շրջանակնե-րում են հետևյալ գործառույթները`
ա) իրազեկվածության բարձրացում և ցեղասպանության կանխարգելման մասին գիտելիքների տարածում, ինչը ՄԱԿ-ին հնարավորություն կտա վերլուծելու և վերահսկելու ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվությունը, որպեսզի ՄԱԿ-ի համակարգը և միջազգային հանրությունը համատեղ գործեն ցեղասպանության կանխարգելման հարցում,
բ) տեղեկությունների հավաքում էթնիկ, ռասայական բնույթի զանգ-վածային կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնք չկանխարգելելու դեպքում կարող են վերածվել ցեղասպանության: Բացի այդ՝ հատուկ խորհրդականի գրասենյակը գլխավոր քարտուղարի միջոցով Ան-վտանգության խորհրդին պետք է ներկայացնի նման իրավիճակներում գործողությունների մեխանիզմների ծրագրեր :
Նման նեղ մասնագիտացված կառույցի գոյությունը ՄԱԿ-ում չա-փազանց կարևոր է ցեղասպանության ենթարկված ժողովրդի շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու համար, և Հայաստանը պետք է ակտիվորեն համագործակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կից գործող այս գրասենյակի հետ՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստական նյութեր, ընդգծելով, որ այդ օրինակը տվյալ հանցագործության մյուս բոլոր դեպքերի համար նախադեպ է, և նաև այն պատշաճ ձևով չդատապարտելն է, որ հանգեցրել է դրա կրկնություններին: Պետք է անընդհատ շեշտվի, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական և վերջնական դատապարտումը ՄԱԿ-ի կողմից լուրջ քայլ կլինի այդ հանցագործության կանխարգելման գործընթացում, քանզի անհնար է կանխարգելել այն հանցագործությու-նը, որի առաջին օրինակը դեռևս մնում է անպատիժ:
3. ՄԱԿ-ի վերը նշված ենթակառույցների հետ տարվող արդյունա-վետ աշխատանքը պետք է զարգացնել և հասնել նրան, որ Հայոց ցե-ղասպանության դատապարտման ու դրա հետևանքների հաղթահար-ման հարցը դառնա Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհր-դի քննարկման առարկա, և տվյալ հարցի նկատմամբ որդեգրվի հստակ դիրքորոշում:
4. ՄԱԿ-ի շրջանակներում Հայոց ցեղասպանության դատապարտման և դրա հետևանքների (մասնավորապես՝ հայրենազրկման) հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներում անհրաժեշտ է հիմնվել այդ միջազգային կառույցի հովանավորությամբ 1976 թ. հուլիսի 4-ին Ալժիրում կայացած ազգային-ազատագրական շարժումների կոնֆերանսում ընդունված «Ժողովուրդների իրավունքների միջազգային հռչակագրի» համապատասխան հոդվածների վրա: Հռչակագրի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր սեփական տարածքի պաշտպանության, ինչպես նաև արտաքսվելու դեպքում այնտեղ վերադառնալու իրավունք ունի, իսկ 4-րդ հոդվածի համաձայն՝ ոչ մի ժողովուրդ իր ազգային կամ մշակութային պատկանելության պատճառով չի կարող ենթարկվել ոչնչացման, հալածանքների, հետապնդումների, աքսորի և տեղահանության կամ դրվել այնպիսի պայմանների մեջ, որոնցով վտանգվում են նրա ինքնությունը կամ ամբողջականությունը: Փաստաթղթի 23-րդ հոդվածն արձանագրում է, որ ժողովուրդների իրավունքներին հասցված վնասները պետք է ամբողջովին հատուցվեն դրանք հասցնողի կողմից, իսկ 30-րդ հոդվածով որևէ ժողովրդի խախտված հիմնական իրավունքների վերականգնման պարտավորությունը դրվում է միջազգային հանրության անդամ պետությունների վրա: Կարծում ենք, հիմնվելով ալժիրյան հռչակագրի նշված հոդվածների վրա, հնարավոր կլինի համախոհներ գտնել ՄԱԿ-ի անդամ պետությունների շարքում և դյուրացնել ցեղասպանության հետևանքով բռնազավթված հայրենիքի մեծ մասի՝ Արևմտյան Հայաստանի նկատմամբ տեղաբնիկ հայ ժողովրդի իրավունքի վերականգնման ուղղությամբ տարվելիք աշխատանքները:
5. Հայաստանը պետք է փորձի զարգացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ձեռք բերված հաջողությունները և վերջինիս ուշադրությունը հրավիրի այն փաստի վրա, որ իր հարևան Թուրքիան Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությամբ թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում լուրջ խոչընդոտներ է հարուցում ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթների կիրառման ճանապար-հին՝ այդ հանցագործության դատապարտման ու կանխարգելման տեսանկյունից:
Արմեն Մարուքյան