կարևոր
3739 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-14 16:21
Քաղաքական

Հստակ գործողություններ անել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար. Բեգլարյանը՝ ՄԱԿ-ին

Հստակ գործողություններ անել Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները պաշտպանելու համար. Բեգլարյանը՝ ՄԱԿ-ին

Արցախի շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է, ինչը միջազգային իրավունքով իր գնահատականն ունի. Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ  Բեգլարյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է համարում այս ամենին շատ արագ արձագանքելը: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Արտակ Բեգլարյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույց եմ սկսում՝ տարբեր պահանջներով ու կոչերով, բայց գլխավոր պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, առաջին հերթին ՄԱԿ-ին, որ իրենք հստակ գործողություններ անեն Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ այս պահին ադրբեջանական շրջափակումը վերացնելու, բայց նաև ավելի երկարաժամկետ միջազգային երաշխիքներ ապահովելու ուղղությամբ»,-ասաց Բեգլարյանը:

Նա նշեց, որ ՄԱԿ-ը միակ կազմակերպություն է, որը հնարավորություն, մեխանիզմներ ունի՝ հստակ մանդատ տալու կոնկրետ երկրների՝ խաղաղապահ գործունեություն իրականացնելու, նաև լիազորություն և պարտավորություն ունի՝ պաշտպանելու տարբեր ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները, եթե դրանք խախտվում են:

Բեգլարյանը նշեց, որ 2020-ի պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջամտությամբ: «Այս երկու տարվա ընթացքում ռուս խաղաղապահները՝ լավ, թե վատ, ապահովել են խաղաղությունը, անվտանգությունը: Ւհարկե, այս ընթացքում միջադեպեր տեղի են ունեցել: Եվ հիմա ունենք այն իրավիճակը, որ նույնիսկ ռուս խաղաղապահներն ի վիճակի չեն շրջափակումը վերացնելու և անվտանգությունն ամբողջական ապահովելու: Հետևաբար, կարծում եմ, որ ՄԱԿ-ը՝ ի դեմս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, պետք է այս հարցը քննարկի և լրջագույն միջազգային երաշխիքներ ապահովի մեր ժողովրդի համար, որպեսզի մենք մեր հայրենիքում կարողանանք անվտանգ ապրել, արարել»,-ասաց Բեգլարյանը:

Նա ընդգծեց, որ այս շրջափակումն ու գազամատակարարման դադարեցումը ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության շատ հստակ դրսևորում է, որը միջազգային իրավունքով իր գնահատականն ունի: «Սա ամբողջ ժողովրդի հանդեպ ահաբեկչություն է, ոչ միայն հոգեբանական ահաբեկչություն, այլ նաև կենսական կարիքների շահերի, տեսանկյունից ահաբեկչություն, ինչը տանում է Արցախի հայ բնակչության ոչնչացման ու էթնիկ զտման: Հետևաբար, ՄԱԿ-ի ԱԽ-ի, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պարտավորությունն է շատ արագ արձագանքել, այլապես կարող է ուշ լինել, և իրենք իրենց պարտավորությունները կատարած չեն լինի, և այլապես Արցախի բնակչությունը ստիպված է լինելու իր ունեցած ամբողջ գործիքակազմը կիրառել՝ իր իրավունքները ամբողջապես պաշտպանելու նպատակով»,-ասաց Բեգլարյանը:

Նա կարևորեց, որ հայաստանյան հասարակությունում առավել ակտիվություն լինի այս հարցով, հստակ բողոքի ակցիաներ լինեն առնվազն ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի դեսպանատների առջև, որ հասկանան՝ հայաստանյան հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ, հայաստանյան հասարակությունն ունի կոնկրետ իրավունքներ և պահանջատեր է, որ իր հայրենակիցներին միջազգային հանրությունը պաշտպանի: Իսկ սփյուռքից Բեգլարյանն ակնկալում է ավելի մեծ մոբիլիզացիա:

Բեգլարյանը նաև նշեց, որ իր անհնազանդության, բողոքի ակցիաներն իր աշխատանքի, լիազորությունների հետ որևէ կապ չունեն, ինքը արձակուրդի դիմում է գրել, արձակուրդում է գտնվում, պատրաստ է նաև աշխատանքից դուրս գալ, քանի որ դա իր համար սկզբունքային, ազգային, պետական և անձնական խնդիր է: Նա կարծում է, որ հիմա այսպես կարող է պայքարել ժողովրդի համար: