Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպվել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Խորհրդի համակարգողներ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը եւ ֆրանսահայ հասարակական գործիչ Արա Թորանյանը:
Իր հերթին երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հանրապետությունում ընթացող սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը՝ ուղղված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց, ենթակառուցվածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչության բնականոն կենսագործունեության համար բավարար պայմանների ստեղծմանը:
Առկա մարտահրավերներին դիմակայելու, կատարվող աշխատանքները հաջողությամբ իրականացնելու ու պատերազմից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում Նախագահը կարևորել է համահայկական համախմբվածության, յուրաքանչյուր հայի ներգրավվածության աստիճանի բարձրացման և ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:
«Ամեն մեկը, որտեղ էլ լինի, իր գիտելիքների, փորձի, կարողությունների, ունակությունների ու հմտությունների սահմաններում պետք է նպաստի Հայրենիքի զարգացմանն ու զորացմանը: Սա է հայոց պետականությունն ամրացնելու, ժամանակակից հարափոփոխ աշխարհում մեր ազգային ինքնությունը պահելու միակ ճանապարհը: Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Միաժամանակ նախագահ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքը միշտ կանգնած է եղել Արցախի կողքին ու այսօր էլ օգնում է ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր` միշտ մնալով հայկական: Նախագահ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ ֆրանսահայերը կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունը ու կնպաստեն Արցախի և Ֆրանսիայի միջև գործնական կապերի խորացմանը:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: Անվտանգությանն առնչվող հարցին ի պատասխան՝ Նախագահը նշել է, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը անհրաժեշտ է ապահովել ՌԴ խաղաղապահների, որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի, անժամկետ առաքելությունն Արցախում՝ դրան զուգահեռ աշխատելով լրացուցիչ միջազգային երաշխիքների ապահովման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ: