Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի հերթական էքսպանսիոնիստական, գաղութատիրական դրսևորումն է՝ Արցախը կլանել, Արցախը առանձնացնել Հայաստանից: Նրանց այդ քայլը սպասելի էր, երբ իրենք սկսեցին խոսել Լաչինի միջանցքով զենքի տեղափոխման մասին, իբրև թե հայտնաբերվել են 2021 թվականի արտադրության ականներ: Պետք է սպասել, որ Ադրբեջանը պետք է գնար հերթական սրացման, մանավանդ հաշվի առնելով ՀՀ այսօրվա իշխանությունների, մեղմ ասած, կրավորական, իսկ իրականում ձեռքներն Արցախից լվանալու քաղաքականությունը։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հարցին՝ իսկ ընդդիմությունը մեղավոր չէ՞ այս իրավիճակի համար, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ՝ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի և միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ և դուրս գալ փողոց»:
ՀՅԴ-ական գործիչը նշում է, որ փողոցային ակցիաներ կրկին կլինեն։
Անդրադառնալով Լաչինչ միջանցքին պատգամավորը հիշեցրեց, որ երբ Փաշինյանն ասում էր, որ կա ընդամենը մի միջանցք, դա Լաչինի միջանցքն է, նա իր կամքից անկախ կամ գիտակցված համեմատության մեջ էր դնում Լաչինի միջանցքը և այն ճանապարհը, որի մասին ինքը խոսել է Ալիևի հետ և որի մասին նշված է նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտռուլյացիոն հայտարարության մեջ․ «Հետևաբար ինքն է հուշումը տվել Ալիևին, որ եթե այստեղ ինչ-որ խնդիր ունես, ինձ էլ լծակ տուր, որ էս էստեղ ժողովրդին կարողանամ համոզել: Դա իմ ենթադրությունն է»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով, և քաղաքական հայտարարությունները, և թուրք-ադրբեջանական զորավարժությունները Հայաստանին ճնշելու գործիքներ են. «Այս իշխանություններին թվում է, որ զիջելով Արցախը կկարողանան փրկել Հայաստանը, բայց դա այդպես չէ, որովհետև Ադրբեջանը նպատակը միայն Արցախը չէ, այլ նախևառաջ Սյունիքը, ապա նաև ամբողջ Հայաստանը»:
Արթուր Խաչատրյանը կարծում է, որ ճնշումները կմեծանան նաև Լաչինի միջանցքի հատվածում. «ՀՀ իշխանությունները, երբ ստորագրեցին նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը, նոյեմբերի 10-ից արդեն պետք է աշխատեին նոր Լաչինի միջանցքի կառուցման ուղղությամբ, ոչ թե ձեռքները ծալած նստեին: Չմոռանանք, որ դա միայն ճանապարհ չէ, այդտեղով է անցնում գազամուղը և էլեկտրականության գծերը, հեռախոսային և ինտերնետային կապը: Դրանք չտեղափոխցին և փաստորեն այդ լծակը տվեցին Ադրբեջանին»:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ռուսաստանը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը, իսկ որ պետք է լինի առանց մաքսակետի միջանցք, դա ցանկալի կլիներ, որ իրականություն լիներ. «Եթե ՀՀ իշխանությունն ատամ ունենար, կկարողանայինք դրանից խուսափել, բայց տեսանք՝ ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին, երբ փորձեցինք մեր հայտարարությունն անցկացնել: Միակ փաստաթուղթը, որտեղ կար «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը, դա բյուջեի նախագիծն էր, հիմա այդտեղից ևս հանել են այդ արտահայտությունը։ Ոգեշնչվելով ՀՀ իշխանություննների այս պահվածքից Ադրբեջանն ամեն ինչ էլ կարող են անել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարցին, թե ի՞նչ պետք է անի իշխանությունը, պատգամավորը պատասխանեց. «Իշխանությունները պետք է ազգային շահն առաջ տանեն, պետք է հրաժարվեն ամեն անգամ Ադրբեջանի զիջումներին տրվելուց, կարողանան բանակը հզորացնել, ոչ թե ասել՝ փողը տվել ենք, զենքը չեն տվել, պետք է կարողանան մոբիլիզացնել միջազգային հանրությանը, որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանը որևէ գործուն աջակցություն չի ստանում»։