կարևոր
4846 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 21:49
Հասարակություն

Լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը ներկա է եղել իր կիսանդրու բացմանը

Լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը ներկա է եղել իր կիսանդրու բացմանը

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ լրատվության բաժինը։

«Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, անվանի մարզիկներ և այլ պաշտոնյաներ:

«Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, միջազգային ասպարեզում անվանի և հարգված մարզիկը՝ 93-ամյա Ալբերտ Ազարյանը, այսօր էլ մեր կողքին է՝ եռանդուն ու հպարտ,- փաստել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ընդգծել,- շատ քչերին է բախտ վիճակվել կենդանության օրոք ներկա գտնվել իր արձանի բացմանը: Դուք այդ իրավունքը վաստակել եք և արժանի եք այս մեծարանքին: Մաղթում եմ, որ դեռ երկար տարիներ՝ առավոտյան մարզման գալիս, հայացք նետեք Ձեր կիսանդրուն և հասկանաք, որ Դուք մեր հպարտությունն եք»:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն, ինչպես հայտնի է, օղակների վրա Ալբերտ Ազարյանի կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես կոչվում է «Ազարյանական խաչ»։ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ այսօր էլ՝ հանրահայտ վարժությունը կատարելուց 66 տարի անց, աշխարհի բոլոր մարզական մեկնաբանները, սպորտային մարմնամարզության մասնագետներն ու սիրահարները որևէ մարզիկի՝ օղակների վրա վարժություն կատարելիս վկայակոչում են «Ազարյանի խաչը»:

Կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է: Ասում է՝ կիսանդրին ստեղծելու առաջարկը ստացել էր վաղուց՝ 2013 թվականին, երբ անվանի մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի արձանն էր տեղադրվում.

«Ինձ համար այսօր շատ պատասխանատու օր է: Բացում ենք մի արձան, որը նվիրված է մեր լեգենդար մարմնամարզիկին: Արձանը ստեղծելիս Ազարյանին պատկերել եմ 27-28 տարեկանում, երբ նա արդեն Oլիմպիական չեմպիոն էր: Ուզում էի՝ երիտասարդ լինի, որ սերունդները նրան այդպիսին հիշեն: Աշխատանքի ընթացքն այնքան էլ երկար չի տևել: Ազարյանը շատ համեստ անձնավորություն է. հավատացե՛ք՝ ընթացքում որևէ նկատողություն չի արել, առանձնահատուկ ցանկություններ չի հայտնել, թե ինչպիսին կուզեր տեսնել իր արձանը»,- ասում է քանդակագործը:

Լեգենդար Ալբերտ Ազարյանն էլ խոստովանում է՝ իր համար սա կարևոր և նշանակալի իրադարձություն էր. «Իհարկե, հավանել եմ արձանը: Իմ հոգում սա մեծ իրողություն է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են այս նախաձեռնությունը: Ես մշտապես զգացել եմ ձեր սերն ու հարգանքը»:

Հուշակոթողը տեղադրվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն 93 տարեկան է: Ծնվել է 1929 թվականին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)»,-ասված է հաղորդագրության մեջ։