կարևոր
3052 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-12 12:42
Քաղաքական

Սիսիանում համայնքապետ չընտրվեց. տեղի կունենա ընտրության երկրորդ փուլ

Սիսիանում համայնքապետ չընտրվեց. տեղի կունենա ընտրության երկրորդ փուլ

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար չընտրվեց:

Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու՝ ՔՊ-ն առաջադրել էր ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի թեկնածությունը, «Աշխատանք և արդարություն» դաշինքը՝ Հայկ Առաքելյանի, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էր Սևակ Մուսաթյանի թեկնածությունը։ Թեկնածու չէր առաջադրել «Մեկ Հայաստան» կուսակցությունը, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամներն էլ ներկա չէին նիստին։

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմեն Հակոբջանյանը ստացել էր 8, Հայկ Առաքելյանը՝ 7, իսկ Սևակ Մուսաթյանն էլ՝ 2 ձայն, իսկ համայնքի ղեկավար ընտրվելու համար պահանջվում է 11 ձայն։

Ըստ օրենքի՝ եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, հետևաբար, Սիսիանում տեղի կունենա ընտրության երկրորդ փուլ։