կարևոր
3634 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-10 16:56
Հասարակություն

Կա՛մ ուծացում, կա՛մ մայրենի լեզվով կրթություն

Կա՛մ ուծացում, կա՛մ մայրենի լեզվով կրթություն

Մահիր Օզքան

Նոր ուսումնական տարվա սկզբին դարձյալ օրակարգ եկավ մայրենի լեզվով կրթության հարցը։ Վերջին տարիներին մայրենիի խնդիրը, ինչպես հայտնի է, առաջին պլան է մղվել մայրենի լեզվի ընտրովի դասընթացներով։ Սակայն այս թեմայով պրակտիկան ցույց տվեց, որ մայրենի լեզվի` որպես ընտրովի դասընթացի դասավանդման կանոնակարգը գործնականում այնքան էլ լավ չէր գործում: Այս թեմայով կա նաև Լազական ինստիտուտի զեկույցը լազերենի մասին։ Ցանկության դեպքում կարող եք այդ զեկույցն էլ ուսումնասիրել։

Դասավանդում մայրենի լեզվո՞վ: Ուսուցում մայրենի լեզվով

Մեր երկրում երկար տարիների արգելքներից հետո մայրենի լեզվի ուսուցման խոչընդոտները պաշտոնապես մասամբ են վերացվել։ Ասում ենք՝ մասնակի, որովհետեւ տարրական դպրոցներում մայրենիի դասեր դեռևս չկան, թեկուզ՝ ընտրովի։ Պաշտոնապես ենք ասում, որովհետև ուսուցիչների ընտրության, կառավարման և ապահովման հետ կապված խնդիրները փաստացի շարունակվում են։ Այս դասընթացների ուսուցիչների պատրաստման և նշանակման հետ կապված ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Սակայն, եթե անգամ այս քայլերն արվեն, մայրենի լեզվի ուսուցումն այն միջոցը չէ, որը կարող է լուծել մեր լեզուների անհետացման խնդիրը։ Մեզ անհրաժեշտ է մայրենի լեզվով կրթություն: Սրանից բացի՝ բոլոր լուծումները՝ ուծացումը մեղմելը, դրա ժամանակ երկրացնելը և «անցավ» դարձնելը, անօգուտ են։

Մայրենի լեզվի ուսուցմանը դեմ արտահայտվողների կողմից օգտագործվող փաստարկները, երբ նայում ենք աշխարհի և Թուրքիայի իրողություններին, միանշանակ անհամապատասխան և անվավեր են: Կցանկանայի այս փաստարկներից երկուսի վրա կանգ առնել: Փաստարկներից մեկը սա է. «Եթե կրթությունը մատուցվի իրենց մայրենի լեզվով, այդ երեխաները չեն կարող թուրքերեն սովորել, աշխատանք գտնել, հասարակության մեջ ինտեգրվել․ միմյանց չհասկացող մարդկանցից կազմված հասարակություն կդառնանք»: Արդյո՞ք իրավացի են այս փաստարկի մտահոգությունները: Մի՞թե մեր ժողովուրդները չեն կարողանա թուրքերեն սովորել, եթե կրթություն ստանան մայրենի լեզվով։ Փաստորեն, կա սրա օրինակը: Լոզանի պայմանագրի 41-րդ հոդվածում ասվում է. «Ինչ վերաբերում է ընդհանուր (հանրային) կրթությանը, ապա Թուրքիայի կառավարությունը այն նահանգներում և շրջաններում, որտեղ բնակվում է ոչ մուսուլման քաղաքացիների զգալի մասը, համապատասխան միջոցներ կստեղծի, որպեսզի ապահովվի այդ Թուրքիայի քաղաքացիների երեխաների ուսուցումը մայրենի լեզվով՝ տարրական դպրոցներում: Այս դրույթը չի խանգարում Թուրքիայի կառավարությանը պարտադիր դարձնել թուրքերենի ուսուցումը նշված դպրոցներում»:

Լոզանի պայմանագրի դրույթներին համապատասխան՝ Ստամբուլի հայկական, հունական և հրեական դպրոցներում կրթությունը մատուցվում է մայրենի լեզվով։ Դարձյալ ըստ նույն պայմանագրի՝ այս դպրոցներում առաջին դասարանից թուրքերենի ուսուցումը, և որոշ դասընթացների դասավանդման ժամանակ թուրքերենի օգտագործումը պարտադիր է: Այս դպրոցներն ավարտած աշակերտները ավագ դպրոցի և համալսարանի քննությունները հանձնում են թուրքերենով։ Համալսարանում սովորում են թուրքերենով, աշխատանքի են անցնում թուրքական աշխատաշուկայում, աշխատում։ Մի բան էլ ասեմ. այս երեխաներից շատերն իրենց մայրենի լեզուն սովորում են դպրոցներում: Այսինքն՝ դպրոց եկող բոլոր երեխաները մինչ դպրոց գալն արդեն թուրքերեն սովորած են լինում։ Երեխաները դպրոցն ավարտում են՝ տիրապետելով երեք լեզուների (մեծամասամբ դասավանդվում է նաև օտար լեզու):

Միայն Լոզանյան փոքրամասնությունների դպրոցները չեն, որ բազմալեզու կրթություն են տալիս։ Բարձր-միջին խավի ընտանիքները հիմնականում փորձում են իրենց երեխաներին ուղարկել բազմալեզու կրթություն տվող մասնավոր դպրոցներ։ Շատ մասնավոր դպրոցներ իրենց գովազդներում հատուկ շեշտում են, որ դասավանդում են անգլերենով: Այս դպրոցներն ավարտած երեխաները չե՞ն կարող թուրքերեն սովորել։ Հասարակությունից կտրվա՞ծ են։ Իհարկե ոչ: Ուստի մայրենի լեզվի ուսուցման դեմ այս փաստարկն այլեւս իրականության հետ կապ չունի։

Երկրորդ փաստարկն էլ սա է. «Տարբեր լեզուների՝ էթնիկ ինքնության մասին իրազեկվածության աճի պատճառով թուրք ազգը կմասնատվի էթնիկ ինքնությունների, և սա վնաս կբերի ազգային միասնությանը»:

Իրականում սա ​​ է բուն փորացավը ցույց տվող փաստարկը: Եթե ​​հակառակ կողմից կարդանք, բուն ասվածը սա է. «Կամաց-կամաց ձեր լեզուն մոռացեք, որպեսզի դրանով հանդերձ մոռանաք ձեր մշակույթն ու պատմությունը, և ի վերջո Կենտրոնական Ասիայից եկած լինելուն հավատացող ու իրենց նախնիների ծագումը Կարաման կամ Խորասան հասցնել փորձող մանկուրտներ դառնաք»:

Լավ, ինչո՞ւ պետք է հրաժարվենք մեր լեզվից ու ինքնությունից միայն նրա համար, որ դուք մարմարե ազգ եք ուզում։ Ինչո՞ւ փոխարենը չեք ընդունում, որ այս երկիրը բազմաինքնություն և բազմալեզու է, և որ մեր միասնությունը մեզ բոլորիս կերջանկացնի միայն այն ժամանակ, երբ մենք ունենանք իրավունքների և ազատությունների վրա հիմնված ժողովրդավարություն:

Ինչո՞ւ չենք կարող «եթե ուզում ենք միասին լինել, պետք է նույնը դառնանք» հասկացությունը փոխարինել «մենք միասին ենք մեր տարբերություններով» հասկացությամբ:

Մեղքներս մուսուլման լինելն է՞:

Միևնույն ժամանակ, Լոզանի պայմանագրի գործելակերպի տարօրինակությունը ի հայտ է գալիս նույն լեզվով խոսող քրիստոնյաների և մուսուլմանների դեպքում: Պաշտոնապես Թուրքիայում մահմեդական ժողովուրդները փոքրամասնություն չեն համարվում։ Առաջին հայացքից սա դրական դիրքորոշում է թվում։ Սակայն գործնականում սա շատ աբսուրդային արդյունքների է հանգեցնում։ Օրինակ՝ համշենցիները, որոնց մայրենի լեզուն համշենահայերենն է, իրենց մայրենի լեզվով կրթության իրավունք չունեն, մինչդեռ նույն լեզվով խոսող քրիստոնյա հայերն ունեն այդ իրավունքը։ Մինչ Պոնտոսի մահմեդական հույները, որոնց մայրենի լեզուն հունարենն է, իրավունք չունեն կրթություն ստանալ իրենց մայրենի լեզվով, քրիստոնյա հույներն ունեն այդ իրավունքը: (Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց բախվում են քրիստոնյա ժողովուրդները: Անշուշտ, ի տարբերություն մահմեդական ժողովուրդների, նրանք ենթարկվել են բազմաթիվ ճնշումների, ջարդերի ու խտրականությունների։ Այսինքն՝ ես սա չեմ գրում, որ ասեմ՝ տեսեք ինչ լավ է նրանց վիճակը։ Պարզապես ցանկանում եմ ընդգծել մայրենի լեզվով կրթության իրավունքի տարօրինակությունը):

«Դուք փոքրամասնություն չեք, այլ հիմնադիր տարր» արտահայտությունն իրականում նշանակում է «մենք գործընկերներ դարձանք մահմեդական ինքնության միջոցով, հիմա էլ ուզում ենք ձեզ թուրքացնել նույն ինքնությամբ»։ Հետևաբար այն, որ հիմնական մահմեդական ժողովուրդները համարվում են հիմնադիր տարրեր, ոչ այլ ինչ է, քան վավերական խաբեություն այն աստիճան, որ նրանք չեն բարձրաձայնում իսլամի միջոցով թուրքացման մասին:

Լոզանի պայմանագիրը տարիներով չի պահպանվել։

Լեզվի սահմանափակումների և իրավունքների յուրացման հիմնական նպատակը ձուլումն է։ Ուզում են, որ մեր լեզուները մոռացվեն, մեր ինքնությունը մոռացվի: Կոշտ թե փափուկ, ակնթարթային կամ ժամանակի ընթացքում կատարվող բոլոր կարգավորումները մինչ այժմ ուղղված են եղել դրան: Լոզանի պայմանագրի 39-րդ հոդվածում նշված է.

«Ոչ մի սահմանափակում չպետք է դրվի թուրք քաղաքացու ընտրությամբ ցանկացած լեզվի գործածման վրա՝ լինի դա մասնավոր կամ առևտրային հարաբերություններում, կրոնական, մամուլում կամ որևէ տեսակի հանրային հանդիպումների ժամանակ:

Չնայած պետության պաշտոնական լեզվին, թուրքերենից տարբեր լեզվով խոսող թուրք քաղաքացիներին կտրամադրվեն համապատասխան հարմարություններ՝ դատարաններում իրենց լեզուն բանավոր օգտագործելու համար»:

Դատարաններում մայրենի լեզվով պաշտպանվելու իրավունքը, որը պահանջվում էր Լոզանից ի վեր, իրավաբանորեն կարգավորվեց միայն 2000-ականներին։ Մամուլի վիճակը նույնպես հուսադրող չէ: Այս իրավունքը, որը պետք է երաշխավորեր Լոզանը, տարիներ շարունակ չէր կարող պատշաճ կերպով օգտագործվել։ Այն օրենքով արգելվել էր սեպտեմբերի 12-ին։ 90-ականներին արգելքները հանվեցին, բայց սկսվեց լրագրողների մահերով, ռմբակոծություններով, գրքերը հավաքելով ու արգելքներով լի հրատարակչական գործընթաց։

Մայրենի լեզվով կրթություն ենք ուզում:

Ահա թե ինչն է, իմ կարծիքով, ցույց տալիս այս ամենը. քանի դեռ ուծացման նպատակը չի փոխվել, պայմանավորվածությունները դատապարտված են մնալու որպես դիմահարդարում, իսկ գործընթացը մի կողմից կաշխատի, և ավելի շատ մարդիկ կկտրվեն իրենց լեզվից ու ինքնությունից։ Սրա հակադարձումը ևս մեկ անգամ կախված կլինի նրանց պայքարից, ովքեր անկախ ամեն ինչից՝ պաշտպանում են իրենց լեզուն և ինքնությունը: Այսօր այս պայքարի ամենակարեւոր օղակը մայրենի լեզվով կրթության իրավունքն է։

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net/am