կարևոր
7621 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-08 15:43
Հասարակություն

Հայաստանն ու հայությունը Շաղիկի կյանքի իմաստն էին, որոնց դատին երդվել էր ծառայել

Հայաստանն ու հայությունը Շաղիկի կյանքի իմաստն էին, որոնց դատին երդվել էր ծառայել

ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի խմբագիր Արտաշես Շահբազյանի խոսքը Շաղիկ Մարուխյանի հրաժեշտի արարողության ժամանակ.

Տագնապալի, ճակատագրական օրեր ենք ապրում, երբ կարծես դժբախտությունները հետապնդում են մեզ և կյանքի հետ պայքարում ավելի հաճախ մահն ու անարդարությունն են հաղթող դուրս գալիս: Կորստի ողբերգությունը կրկնակի ցավոտ է, երբ մեզանից հեռանում է մարդը, ով դեռ անցնելիք ճանապարհ ուներ, և այդ ճանապարհին ուներ բազում անելիքներ, ծրագրեր, երազանքներ, ինչպես և այդ ամենը իրագործելու կամք ու կարողություն:

Երազանքներն ու ծրագրերը Շաղիկ Մարուխյանին, մեր սիրելի Շաղիկին բերել էին մի օր Հայասատան, ինչպես իր հայրն ու մայրն էին ժամանակին փափագել գալու ու ապրելու հայրենիքում, որը մի օր իր Դաշնակցական պապը հարկադրված էր եղել լքելու: Շաղիկը չներգաղթեց այլ վերադարձավ հայրենիք` իր ճակատագիրը վերամիացնելու համար Հայաստանի բարդ ճակատագրին: Դեռ շատ երիտասարդ էր Շաղիկը, երբ եկավ ու հաստատվեց հայրենիքում, սակայն վերադարձավ որպես որոշակի կենսափորձ ունեցող, կայացած անհատականություն:

Այդ կենսափորձն ու ինքնուրույնությունը կոփել էր Փարիզում ապրած տարիներին` ուսումնառության հետ ներգրավված լինելով ՀՅԴ կազմակերպական կյանքում, որպես տեղի կուսակցական միջավայրի ակտիվ երիտասարդներից մեկը: Եվ վերադառնալով մշտապես եռանդով ներգրավվեց գործերի մեջ, ստանձնեց կարևոր պատասխանատվություններ, դարձավ Դաշնակցության Հայաստանի կազմակերպության «Երկիր» պաշտոնաթերթի խմբագիրը, ընտրվեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ, հետո նաև կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ղեկավարեց Հրայր Մարուխյան հիմնադրամի գործունեությունը, եղավ ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության աշխատանքների առանցքում, ինչպես և կուսակցական ու ոչ կուսակցական այլ գործերի մեջ:

Կարող ենք համոզումով հաստատել, որ Դաշնակցության մեջ վառ հետք թողած իր նշանավոր հայրիկից, ՀՅԴ Բյուրոյի երկարամյա անդամ ու ներկայացուցիչ Հրայր Մարուխյանից, ժառանգել էր մեծ սերը առ հայրենիքը, մտահոգությունը հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ և գաղափարական նվիրումը երկու այդ մեծ արժեքներին: Ժառանգել էր ձգտումը մաս կազմելու դրանց, ապրելու դրանցով ու հանուն այդ ամենակարևոր արժեքների:

Իրապես էլ ձուլեց իր ճակատագիրը ժողովրդի, շրջապատի, իր ընկերների ճակատագրի հետ, ապրեց նրանց ուրախություններով ու դառնություններով և բոլորիս հետ կրեց ոչ դյուրին կյանքի դժվարությունները, տառապեց այն մեծ ցավով, որի մեջ այսօր տապակվում է իր հայրենիքը և հայ ժողովուրդը: Վշտացավ ու արցունքոտվեց ընկերների, հայրենիքի կրած կորուստներով, և երևի այդ ցավի մեջ մոռացավ սեփական ցավն ամոքելու մասին: Շաղիկ Մարուխյանը կայացած դաշնակցական գործիչ էր, որը եղել էր և կարող էր լինել զանազան պատասխանատու գործերի մեջ ու ամենուր իր հանձնառությանը կծառայեր սրտի, մտքի ողջ նվիրումով և պատասխանատվությամբ:

Իր տեսակին հավատարիմ, իր հայրենասիրությունը բազմոցին մեկնված հայրենիքի դարդերի շուրջ փիլիսոփայողի հայրենասիրությունը չէր, նա այն գործուն անհատն ու քաղաքացին էր ով իրավիճակի փոփոխությանը ձգտում է չհաշտվելով, կռվելով առկա իրականության հետ, ոչ թե դիտորդի այլ մասնակցի հոգեբանությամբ զգալով և սեփականը համարելով մերձավորի ու ընդհանուրի ցավը: Այս օրերին հատկապես սոցիալական ցանցերում սփռված բազմաթիվ ցավակցական տողերի մեջ կարելի է տեսնել, թե որքան մարդ Շաղիկի մասին խոսում է որպես իր մտերիմ ընկերոջ: Այդպես է որովհետև Շաղիկն ապրում էր բոլորի հետ, ինչպես իր հարազատների հետ, Հայաստանն ու հայությունը իր կյանքի իր էության իմաստն էին, որոնց դատին երդվել էր ծառայել:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անունից փոխանցում եմ խորին ցավակցություններ Շաղիկ Մարուխյանի ընկերներին և մտերիմներին ու, իհարկե, առաջին հերթին հարազատներին` Շաղիկի սիրելի մայրիկին` տիկին Անահիտին, սիրելի դուստր Անահիտին, սիրելի քրոջը` Ալենուշին և մյուս հարազատներին: Շաղիկի ապրած կյանքը ծառայություն էր հայրենիքին և կուսակցությանը: Շաղիկը հեռացավ մեզանից, բայց գնաց միանալու իր համար նույնքան հարազատ ու սիրելի մարդկանց: Բարի ճանապարհ իրեն դեպի հավերժական օթևան, Աստծո օրհնությունն ու ողորմածությունն իրեն և վառ ու անմոռաց հիշատակ, որ մնում է իրենից մեզ`ապրողներիս: