Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընդհանրապես այս երկու գործիչներին համեմատելը խիստ պայմանական պետք է դիտարկել: Քանզի նրանք թե տարբեր կենսագրություն են ունեցել, և թե տարբեր քաղաքական ուղիներով են անցել: Սակայն նրանց միավորում է մեկ բան, նրանք երկուսն էլ ցանկանում էին բարեփոխել իրենց երկրները, սակայն փլուզման պատճառ դարձան: Սկզբում, երկուսից էլ կային մեծ սպասումներ, սակայն երկուսն էլ պարզվեց դատարկախոս պոպուլիստներ էին, որոնց գործունեության արդյունքում եղան միայն փլուզումներ և պարտություններ: Զարմանալի չէր, որ ինչ-որ պահից սկսած ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը դարձավ ավելի պահանջված «դրսում», քան «ներսում»: Սակայն սկսելով զիջել «դրսին», նա վերջնաարդյունքում դարձավ քաղաքական «փալաս» երկրի ներսում, և որի արդյունքում նրան սկսեցին արհամարհել և «դրսում», և «ներսում»:
Մինչդեռ սկզբում նա ընկալվում էր խորհրդային ժողովուրդների մոտ որպես «փրկիչ»:
Նույնը կատարվեց Նիկոլ Փաշինյանի հետ, նա նույնպես սկզբում «փրկչի» դերում էր, նույնիսկ փորձում էր մտնել հանրահայտ Մոնթեի կերպարի մեջ, սակայն կարճ ժամանակ անց բացահայտվեց իր քաղաքական դատարկությունը:
Այսօր, երբ Փաշինյանի քաղաքական դատարկությունը բացահայտված է, նա փորձում է գոնե «դրսում» կապիտալիզացնել իր գործունեությունը Հայաստանի և հատկապես Արցախի հարցում զիջումների հաշվին: Սակայն պարզվում է, որ նույնիսկ այդ պարագայում զիջելով մի հարցում, նրանից «դուրսը» սկսել է պահանջել զիջել նաև այլ հարցերում: Այդպիսին է քաղաքական տրամաբանությունը միջազգային ասպարեզում: Այսօր ադրբեջանցիները ոչ միայն արգելել են Փաշինյանին խոսել Արցախի կարգավիճակի մասին, այլև նույնիսկ չեն հանդուրժում ցանակացած քննադատություն, այդ թվում հումանիտար խնդիրների հետ կապված:
Այսպիսի ծայր աստիճանի նվաստացման քաղաքականություն վարել են միայն հիտլերյան Գերմանիայի պարագլուխների հետ 1945 թվականից հետո:
Այսպիսի նվաստացում դեռ ոչ մի ղեկավար չէր տեսել հետկոմունիստական շրջանում: Նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն իրեն վերջում ավելի արժանապատիվ պահեց: Նույնիսկ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ռուս-վրացական պատերազմից հետո իրեն այդպես չէր պահում, ինչպես որ այսօր իրեն պահում է Փաշինյանը:
Պարզ է, որ Հայաստանի հանրության անսահման հնազանդությունը չի կարող փրկել Փաշինյանին, քանզի Ալիևի լկտիությունը, ինչպես ասում են, սահմաններ չունի:
Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էր զարմացած Ալիևի անսահման լկտիությունով, սակայն իրականությունն է այդպիսին: Պարզապես Տեր-Պետրոսյանի նման գործիչները, այդպես էլ չհասկացան, որ Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքները էապես տարբերվում են, ասենք Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների պահվածքից:
Հարցրեք ցանկացած ռուս կամ եվրոպացի փորձագետ թուրքագետի և նրանք լիարժեք կբացատրեն այդ նրբությունները:
Իհարկե, վերջնաարդյունքում թե Թուրքիայի, և թե Ադրբեջանի հետ պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, բայց խնդիրը կայանում է հենց նրանում, որ այդ երկխոսությունը չպիտի լինի «եղնիկի և առյուծի երկխոսություն», քանզի, ինչպես հայտնի է, բնության մեջ այդպիսի երկխոսություն չի լինում:
Այլ խնդիր է, որ հայ հանրության մեջ, գուցե անճարությունից, միշտ ինչ-որ հատված ձգտել է ցանկացած գնով «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի այդ վտանգավոր հարաբերությունները «կառավարելի» լինեն:
Ի դեպ նույնը ժամանակին ուզում էր նաև Գորբաչովը, փորձելով զիջումների գնալով լավ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ: Թե ինչ ստացվեց իրականությունը՝ մեր աչքերի առաջ է:
Բնության օրենքները շրջանցել հնարավոր չէ: Այս դեպքում, մինչև իրական ուժ չտեսնեն, մեր հարևաններն իսկական երկխոսության չեն մտնի Հայաստանի հետ: Քանզի, օրինակ, ի տարբերություն Վրաստանի, Իրանի կամ Ռուսաստանի, նրանք միշտ համարել են, որ Հայաստանը, որպես այդպիսին չպիտի լիներ, իսկ եթե այն կա ապա այն պետք է վերանա: Դրա մասին գրեթե բացահայտ պարբերաբար հայտարարում էր Իլհամ Ալիևը: Իսկ թուրքական Իգդիրում հենց այս պահին գործում է, այսպես կոչված, «վտարանդի Արևմտյան Ադրբեջանի կառավարությունն ու պառլամենտը»: Իհարկե, դրանք այսօր Թուրքիայի օրակարգում դեռ չկան, սակայն այսօր դեռ չկան:
Հարյուր տարի առաջ Գրիգոր Զոհրաբն էլ էր երազում լավ ընկերության միջոցով համոզել Թալեաթ Փաշային, որ հնարավոր է հայերի և թուրքերի խաղաղ գոյակցությունը Օսմանյան կայսրությունում: Զոհրաբն անկեղծ էր իր ձգտումով, ինչպես նաև անկեղծ էր նաև Թալեաթը: Քանզի եթե հարմար իրավիճակ չլիներ, Թալեաթը չէր կատարի այն, ինչ կատարեց 100 տարի առաջ:
Այդ տեսանկյունից հայտնի մատերի կոմբինացիայով հայտնի Մևլութ Չավուշօղլուն, ոչնչով չի տարբերվում Թալեաթից: Պարզապես հանգամանքները դեռ թույլ չեն տալիս, որ Չավուշօղլուն կրկնի Թալեաթի արարքը:
Հիշենք, որ պատերազմից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե կրկնեց այդ միտքը Բաքվում, հղում անելով Էնվերի երազանքներին:
Նշանակու՞մ է արդյոք, որ նրանց հետ լեզու հնարավոր չէ գտնել: Պատասխանը նույնպես պարզ է: Բանակցություններն ու երկխոսությունը անհրաժեշտություն է, լավ հասկանալով, որ իրական անվտանգային միջավայրի հաստատման համար անհրաժեշտ է երկու իրար հետ շաղկապված բան, կրկին ձևավորել երկրի ներսում ուժի բռունցք և վերականգնել մեր դաշնակցային հարաբերությունները, չեզոքացնելու համար վերը նշված վտանգները:
Ակնհայտ է, որ Փաշինյանն իր չորս տարվա կառավարման ընթացքում բոլորիս ապացուցեց, որ ունակ չէ լուծել մեզ համար կարևոր թե առաջին, և թե երկրորդ խնդիրը: Ինչը նշանակում է, որ իր կառավարման շարունակության պարագայում մենք քայլ առ քայլ մոտենալու ենք նոր 1915 թվականի իրադարձություններին:
Պետք է ուշքի գանք, քանի դեռ մեզ համար վտանգավոր ռուբիկոնը դեռ չենք անցել: Հետո ուշ կլինի, դրանից բխող մեզ համար ծայրաստիճան վտանգավոր հետևանքներով:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան