Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում դիմել է միջազգային կառույցներին եւ հայտարարել, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը որդեգրել է դատական իշխանությունն իրեն ենթարկելու ռազմավարություն և քաղաքականություն, և դրանք պետք է դիտարկել դատական իշխանության նկատմամբ ճնշումների գործընթաց։
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդին
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտին
Դատավորների միջազգային միությանը
Իրավաբանների միջազգային հանձնաժողովին
Դատավորների եվրոպական միությանը
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդին
Դատական համակարգի համար գործող եվրոպական խորհուրդների միությանը
Հայաստանի անկախության ողջ ընթացքում ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչները մշտապես զգացել են միջազգային գործընկերների հատուկ վերաբերմունքը դատարանների անկախության ամրապնդման հարցում։ Տևական համագործակցության արդյունքում դատարանների անկախությունը մեզանում լայնորեն ընկալվում է՝ որպես մարդու իրավունքների հիմնարար երաշխիք և ժողովրդավարության զարգացման պարտադիր պայման։ Շնորհակալ եմ Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ ցուցաբերված լայնածավալ ու բազմաբովանդակ աջակցության համար և ակնկալում եմ շարունակական համագործակցություն, սակայն ստիպված եմ արձանագրել վերջին տարիներին ի հայտ եկած որոշակի իրողություններ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծել Հայաստանում դատական իշխանության անկախությանը։
Այդ իրողությունները հանգում են հետևյալին․
1) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից դատավորներին hրապարակայնորեն սպառնալը, այդ թվում՝ կայացված որոշումների համար
1.1․ 2018 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը որոշում է կայացրել նախկին իշխանությունների օրոք բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը բավարարելու, դատական ակտը բեկանելու և կալանավորման միջնորդությունը մերժելու մասին, ինչի հետևանքով տվյալ անձը ազատ է արձակվել։
Նշված որոշումը գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով անմիջապես արժանացել է հրապարակային պարսավանքի, ավելին, բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում վերջինս հայտարարել է․ «Ինչի՞ Հայաստանում դատավոր կա, որ կարա իմ ասածին ասի չէ՞․․․ էդ ո՞վ ա էդ դատավորը, ուզում եմ տենամ: (․․․)»:
Այնուհետև, վերոհիշյալ դատավորի նկատմամբ տևական ժամանակ իրականացվել է աննախադեպ հանրային ճնշում՝ սոցցանցերում վիրավորանքներ, զրպարտություններ և սպառնալիքներ հնչեցնելու միջոցով, որպիսի հանգամանքը մինչ օրս որևէ գնահատականի չի արժանացել։
1.2․ Նույն գործի, ըստ էության, քննության ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին որոշում է կայացրել նույն պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին, որի արդյունքում վերջինս կրկին ազատ է արձակվել արգելանքից։
Անմիջապես դրա հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 19-ին գործադիր իշխանության ղեկավարը համացանցի իր անձնական էջով բազմահազարանոց լսարանին կոչ է արել 2019 թվականի մայիսի 20-ին արգելափակել ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերի մուտքերը: Այդ հորդորին հետևել և դատարանների մուտքերի արգելափակմանն անմիջականորեն մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արգելելով հանրության, նույնիսկ դատավորների մուտքը դատարաններ։
Նշված հանգամանքը ողջունվել է քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից։
2) Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ինստիտուցիոնալ երաշխիքների թուլացում և անբողոքարկելի որոշումների ընդունման համար ձայների բաշխվածության փոփոխում
2.1․ 2019 թվականի մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանն արդեն իսկ վերը հիշատակված գործով որոշում է կայացրել՝ վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին, որին հաջորդել են Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամներից 4-ի, այդ թվում՝ խորհրդի նախագահ Գ․Հարությունյանի հրաժարականները։
2․2․ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 10 անդամից կազմված ԲԴԽ-ում դատավորների ներկայացվածությունը կազմում է 50 տոկոս։ Մինչդեռ եվրոպական հեղինակավոր կառույցների կարծիքների և առաջարկների համաձայն՝ դատավորների թիվն այդ մարմնում, առնվազն կարգապահական վարույթի քննության և լուծման համար առանձնացվող աշխատանքային խմբերում պետք է լինի գերակշռող, որով կերաշխավորվի դատարանների և դատավորների արտաքին անկախությունը իշխանության մյուս թևերի հնարավոր ներազդեցությունից: Ավելին, ԲԴԽ 5 ոչ-դատավոր անդամներին ընտրելու գործընթացում պետք է ապահովվեր ընդդիմադիր ուժերի զգալի աջակցությունը։ Միայն այդ կերպ էր հնարավոր ապահովել ԲԴԽ-ում հասարակության բազմաշերտ ներկայացվածության վերաբերյալ պայմանը, որը անհրաժեշտ էր ամրագրել օրենսդրորեն՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում օրենսդրական փոփոխությունների ձևով, կամ առնվազն ապահովել գործնականում՝ ոչ-դատավոր անդամների թեկնածություններն առաջադրելիս և նրանց որպես ԲԴԽ անդամ ընտրելիս։ Այդպիսի կամք իշխանության մյուս թևերը չեն դրսևորել, ուստի ԲԴԽ գործող կազմի 5 ոչ-դատավոր անդամներից 4-ի ընտրության ժամանակ այն չի ապահովվել:
2․3․ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 15-ի որոշման հիման վրա կասեցվել են Խորհրդի նախագահ, գործող դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես՝ մինչև Ռ․Վարդազարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի ավարտը, ստանձնել է խորհրդի անդամներից տարիքով ամենաավագը, ով իշխող քաղաքական ուժի թեկնածուն է և այդ պաշտոնում ընտրվել է ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն կազմող, բացառապես այդ քաղաքական ուժի ջանքերով։
Արդյունքում, վերոհիշյալ գործընթացի հետևանքով ի վնաս դատավորների՝ խախտվել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքներին, այդ թվում՝ որոշումներ կայացնելուն մասնակցելու՝ գիտնական անդամների և դատավորների հավասար հարաբերակցությունը, որը պահպանվում է մինչ օրս։
2․4․ 2022 թվականի փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել և հաջորդ օրը, առանց խորհրդարանական ընդդիմության աջակցության, ընդունվել է խորհրդարանական մեծամասնությունը կազմող խմբակցության պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ԲԴԽ-ի կողմից որպես դատարան հանդես գալու դեպքում որոշումների ընդունման համար անհրաժեշտ շեմը նվազեցվել է։ Սահմանվել է, որ այն կազմում է նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան 5-ը։ Մինչ այդ գործող կարգավորմամբ՝ անհրաժեշտ էր 6 ձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և 7 ձայն՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար:
Հարկ է ընդգծել, որ հապճեպորեն ընդունված օրինագիծը հանրային քննարկման չի ներկայացվել, նախապես չի շրջանառվել և չի քննարկվել փաստաբանների, գիտնականների և, հատկապես, դատավորների շրջանում, թեև ուղղակիորեն շոշափում է առաջին հերթին դատավորների, իսկ միջնորդավորված կերպով՝ անկախ և անաչառ դատարաններից արդարադատություն ակնկալողների իրավունքներն ու օրինական շահերը։
2022 թվականի փետրվարի 10-ին կայացած կառավարության նիստի ընթացքում բացահայտվեց տվյալ օրինագիծն հապճեպորեն քննարկման ներկայացնելու և արագորեն ընդունելու բուն նպատակը։ Այսպես, անդրադառնալով ԱԺ կողմից արդեն իսկ ընդունված վերոնշյալ օրինագծին, որն ընդամենը վերաբերում է ԲԴԽ-ի կողմից գումարվող նիստերի իրավազորության շեմն իջեցնելուն և որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ ձայների քանակը նվազեցնելուն, ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել է, որ դրանով «բարձրացվել է դատավորների պատասխանատվության շեմը, այն հնարավորություն է տալիս խստացնելու և պատասխանատվության ենթարկելու դատավորներին, ովքեր իրենց աշխատանքում թերանում են», ավելին՝ իրենք աշխատանք են տանում, որ «վատ դատավորները դուրս բերվեն համակարգից»։ Ավելորդ չէ նշել նաև, որ դատելով վերջին ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարների կողմից հարուցված կարգապահական վարույթներից, պետք է արձանագրել, որ դրանք հիմնականում հարուցվում են դատական համակարգում և հանրության մեջ մեծ հեղինակություն և հարգանք վայելող դատավորների նկատմամբ։
Օրենքի հիշատակված փոփոխությունը գործում է 2022 թվականի փետրվարի 25-ից։
2․5․ Հեղինակավոր միջազգային կառույցների կողմից բազմիցս արձանագրվել է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ կարգապահական վարույթի արդյունքներով ԲԴԽ կայացրած որոշումներն արդյունավետորեն բողոքարկելու ընթացակարգ։ Այն փաստացի անբողոքարկելի որոշում է, թեև դրա արդյունքում դատավորի լիազորությունները կարող են ընդհուպ դադարեցվել։
Հարկ է ընդգծել, որ կարգապահական վարույթի արդյունքներով ԲԴԽ կայացրած որոշումների բողոքարկման ընթացակարգը մինչ օրս բացակայում է։
3) ցուցադրության տպավորություն
3․1․ 2022 թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել քրեական հետապնդման մարմնի միջնորդությունները` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում իրականացնելու և նրան կալանավորելու վերաբերյալ համաձայնություն ստանալու մասին։
Այդ միջնորդություններն անմիջապես հաջորդել են հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով դատավոր Բ․Բախշիյանի կողմից մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխելու և նրան ազատ արձակելու մասին որոշմանը։ Վերոնշյալ երկու միջնորդություններն էլ ԲԴԽ-ի կողմից 2022 թվականի փետրվարի 1-ին բավարարվել են։ Այնուհետև, դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, և դատավոր Բ․Բախշիյանը մինչ օրս գտնվում է անազատության մեջ։
Հարկ է նշել, որ դատավոր Բ․Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է իր վարույթում քննվող գործերից մեկով դատական ակտ, մասնավորապես՝ դատական նիստի չներկայացած ամբաստանյալներից մեկի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոցը կալանավորմամբ փոխարինելու մասին որոշում կայացնելու համար, ընդ որում՝ դատաքննչական պրակտիկայում վերջին 19 տարվա ընթացքում երբևէ չկիրառված, բայց Բ․Բախշիյանի դեպքում կիրառելի դարձած ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածով հարուցված քրեական գործի և իրականացվող հետապնդման շրջանակներում: Ավելորդ չէ նշել, որ վերը նկարագրված գործընթացի հետևանքով դատավոր Բ․Բախշիյանի արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների երաշխիքների խախտման մասին դիրքորոշումներ է ներկայացրել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (տե՛ս ՄԻՊ 2022 թվականի փետրվարի 10–ի հայտարարությունը (https://ombuds.am/am/site/ViewNews/2123):
Ինչպես դատավոր Բ․Բախշիյանի, այնպես էլ դատավոր Դ․Գրիգորյանի նկատմամբ իրականացված գործողությունները թողնում են անցանկալի դատական ակտեր կայացնելու համար «պատժի» ցուցադրության տպավորություն, որը, իմ կարծիքով, նպատակ է հետապնդում օրինակ ծառայել այն դատավորների համար, որոնք ապագայում կանգնելու են կա՛մ իրավաչափ, կա՛մ ապօրինի, բայց քաղաքական իշխող ուժի համար «ցանկալի» որոշում կայացնելու երկընտրանքի առջև։
4) Արդարադատության իրականացումից անցանկալի դատավորների մեկուսացում
Նշված գործընթացը դրսևորվել է հետևյալ երեք միջոցներով՝ (1) գործերի մակագրման՝ պատահակա-նության սկզբունքի վրա ստեղծված համակարգչային համակարգի փոխարեն «ձեռքով» մակագրման համակարգի ներդրում, (2) առանձին դատավորների նկատմամբ քրեական հետապնդման հարուցման արդյունքում լիազորության կասեցում և նրանց վարույթում գտնվող գործերի վերամակագրում, (3) դատավորների կողմնակալության արհեստական փաստարկների ձևավորում և դրա արդյունքում այդ դատավորների բացարկում։
4․1․ Արտաքին և ներքին ազդեցությունից դատարանի և դատավորների անկախությունները երաշխավորելու նպատակով 2011 թվականին Հայաստանում ներդրվել է գործերի պատահական բաշխման և վերաբաշխման հատուկ համակարգչային ծրագիր, որը դադարեց գործել 2021 թվականի հուլիսին՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից այն առգրավելու հետևանքով: Փոխարենը դատարանների նախագահների կողմից գործերը սկսեցին մակագրվել «ձեռքով», ինչը հնարավորություն չի տալիս ստուգելի դարձնել գործերը բաշխելիս պատահականության սկզբունքի կիրառությունը։ Ավելին, համակարգչային ծրագիրն առգրավելուց հետո անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հնարավորինս արագ այն վերադարձնելու կամ որևէ համարժեք այլընտրանք ժամանակավորապես գործարկելու ուղղությամբ։ Դատարանների նախագահների կողմից գործերի բաշխման հավասարաչափ և պատահական չափանիշների համատարած խախտումների մասին բարձրաձայնել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև՝ մի շարք հեղինակավոր փաստաբաններ, իրավապաշտպաններ և այլոք։
Ի պատասխան քննադատության՝ ԲԴԽ-ն հայտարարել է, որ «ձեռքով» մակագրման միջոցով գործերի բաշխումը պետք է իրականացվի դատարանների նախագահների կողմից՝ այբբենական կարգով, ընդ որում, այդ գործընթացը չի գտնվում իր վերահսկողության ներքո: Մինչդեռ գործերի բաշխման այբբենական կարգի պահպանումը ստուգելի չէ, ավելին` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից փաստագրվել են այդ սկզբունքի խախտման առանձին դեպքեր։ Ստուգելիությունը քիչ թե շատ ապահովող միակ հարթակը՝ «Դատալեքս» տեղեկատվական էլեկտրոնային կայքը, 2021 թվականի դեկտեմբերից պատշաճ չի գործում։
4․2․ Հանրային մեծ հնչեղություն ունեցող՝ նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձի վերաբերյալ քրեական գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, նշված գործով Սահմանադրական դատարան դիմելուց հետո, 2019 թվականի հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ չկայացած դատական նիստի արձանագրության բովանդակությունը ենթադրաբար կեղծելու դեպքի առթիվ։ Նոր անդամներով համալրված Բարձրագույն դատական խորհուրդը 2019 թվականի հուլիսի 27-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը և տվել դատավոր Դ․Գրիգորյանի նկատմամբ քրեական հետա-պնդում իրականացնելու համաձայնություն։ Դատավոր Դ․Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են և մինչ օրս մնում են կասեցված, քանի որ նրա նկատմամբ հետագայում կայացված արդարացման դատական ակտը դատախազությունը բողոքարկել է և այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։
Դատավոր Դ․Գրիգորյանի վարույթում առկա բոլոր գործերը, այդ թվում՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող՝ վերը նշված քրեական գործը համակարգչային ծրագրով վերամակագրվել է այլ դատավորի։
Սույն հայտարարության 3․1․ կետում ներկայացված դեպքում ևս դատավոր Բ․Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը թույլատրելու մասին ԲԴԽ որոշման հետևանքով նրա լիազորությունները կասեցվել են, և դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը, այդ թվում՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող, վերամակագրվել են այլ դատավորների։
4․3․ Քրեական հետապնդման մարմինները 4․2․ կետում ներկայացված դեպքի կապակցությամբ դատավոր Դ․Գրիգորյանի կողմից իրականացվող արդարադատությանն իբր խոչընդոտելու մեղադրանքով 2019 թվականի մայիսից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ապա նաև քննչական գործողություններ են իրականացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանի, Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանի և Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Մասնավորապես՝ առնվազն երկու ամիս տևողությամբ գաղտնալսվել են նրանց հեռախոսահամարները, պահանջվել են վերոնշյալ դատավորների անձնական հեռախոսահամարների մուտքային և (կամ) ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների (sms), ալեհավաքների վերծանումները, հավաքվել այլ անձնական տվյալներ։
Դատավորներին զրպարտելու համար դատավորներ Դ.Գրիգորյանի և Մ.Պապոյանի հաղորդման հիման վրա արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, թեև հարուցվել են քրեական գործեր, սակայն մեկ վարույթում միացված այդ գործերի քննությունը շարունակվում է արդեն շուրջ երեք տարի, և մինչ օրս քրեական հետապնդման մարմիններն այդ գործով որևէ անձի քրեական պատասխանատվության չեն կանչել, մինչդեռ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ինքնությունները, իմ համոզմամբ, նրանց ի սկզբանե հայտնի են եղել:
Պետք է փաստել, որ վերոհիշյալ հանգամանքների բերումով նշված դատավորների նկատմամբ փաստացի ձևավորվել են կողմնակալության պնդումների արհեստական հիմքեր, և դրա արդյունքում որոշակի խումբ քրեական գործեր վարույթ ընդունելիս այդ դատավորները պարբերաբար բացարկվում են։
5) Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի լիազորության չարաշահումը
5․1․ Վերջին տարիներին նկատվում է արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու դեպքերի շեշտակի աճ։ Այսպես, 2019 թվականին հարուցվել է 5, 2020 թվականին՝ 13, իսկ 2021 թվականին՝ 18 կարգապահական վարույթ։
Մտահոգիչ են արդարադատության նախարարի կողմից ԲԴԽ ուղարկվող կարգապահական վարույթների ոչ միայն քանակական աճը, այլև դրանց որակական բնութագրիչները։
Այսպես․
1․ Վարույթների հարուցման և դրանք ԲԴԽ ուղարկելու գործընթացն իրականացվում է առերևույթ խտրական պայմաններում. փաստական հանգամանքներով նույն արարքը մի դատավորի պարագայում հանգեցրել է նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն և այդ դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմելուն, իսկ մեկ այլ դատավորի դեպքում՝ կարգապահական վարույթը կարճելուն:
2․ Նշված կարգապահական վարույթների գերակշռող մեծամասնությունը վերաբերում են դատավորի կողմից իր վարույթում քննվող այս կամ այն գործով որևէ որոշում կայացնելուն։
3․ Նշված վարույթներով թիրախավորվում են ինչպես հասարակությունում, այնպես էլ իրավաբանական համայնքի շրջանակներում, այդ թվում՝ դատական համակարգում մեծ հեղինակություն և հարգանք վայելող այնպիսի դատավորներ, ինչպիսիք են՝ Արման Հովհաննիսյանը, Վարդան Գրիգորյանը, Դավիթ Գրիգորյանը, Լուսինե Աբգարյանը, Զարուհի Նախշքարյանը, Սերգեյ Մարաբյանը, Վազգեն Ռշտունին, Դանիել Դանիելյանը և Լիզա Գրիգորյանը:
Անհրաժեշտ է ընդգծել, որ սույն գործընթացը տեղի է ունենում այն պայմաններում, երբ միջազգային հեղինակավոր այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ Վենետիկի հանձնաժողովը, «ԳՐԵԿՈ»-ն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը բազմիցս մատնանշել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի լիազորության վերանայման անհրաժեշտությունը։ Ավելին, արտահայտվել է մոտեցում, որ այդ լիազորությունը ենթակա է դադարեցման այն պահից, երբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտված մյուս մարմինը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի նորացված կազմով հանձնաժողովը (որում այլևս ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ), ապացուցի իր արդյունավետությունը: Տվյալ հանձնաժողովը ձևավորված է և գործում է, սակայն արդարադատության նախարարի՝ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության գործնական կիրառումը ոչ թե սահմանափակվել կամ դադարեցվել է, այլ ընդհակառակը, ստացել է նոր թափ։
Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ հենց վերոհիշյալ դատավորների աշխատանքի արդյունքում է Հայաստանի դատական համակարգն ամենաանկախը ճանաչվել Արևելյան գործընկերության անդամ երկրների շրջանում՝ 2020-2021 թվականների ընդհանուր գնահատման արդյունքներով։
Այսպիսով, ներկայացված փաստերի շղթան ակնհայտ ցույց է տալիս, որ մեր երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է դատական իշխանությունն իրեն ենթարկելու ռազմավարություն և քաղաքականություն, և դրանք պետք է դիտարկել դատական իշխանության նկատմամբ ճնշումների գործընթաց։ Քաղաքական իշխանության վերը թվարկված դրսևորումներն անհամատեղելի են անկախ դատական իշխանության գոյության հետ։
Սույնով հրավիրում եմ Ձեր` որպես միջազգային կարույցների ուշադրությունը և հայցում ձեր աջակցությունը Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։