Թաթո՛ւլ, այդ դրոշը տեղադրողներից ու արարողության նախաձեռնողներից մեկը ես եմ եղել։
Թաթո՛ւլ, երբ դու ռազմաճակատից հեռու, ապահով վայրերում օրագիրդ էիր շոշափում՝ հետո գրքեր տպելու և փող աշխատելու համար, ես ու իմ ընկերները Ապրիլյանի, 44֊օրյայի առաջին իսկ ժամերից այդ հայրենիքի պաշտպանության ամենաթեժ կետերում էինք, առաջնագծի դժոխային կրակի տակ։
Թաթո՛ւլ, երբ քո երեխաները հանգիստ ու ապահով քո կողքին տանը նստած էին, իմ անչափահաս աղջիկն ինձ պատերազմ ճանապարհելիս մորը հանգստացնում էր՝ ասելով. 《Հայրիկը գնում է կռիվ, որ մենք չտանք Շուշին ուրիշին》, որովհետև դա նրա ամենասիրած երգն էր այդ ժամանակ։ Բայց քո նմանների, քո նախկին ու ներկա տերերի պիղծ գործունեության բերումով նա այլևս այդ երգը չի երգում։
Թաթո՛ւլ, հիմա իմացա՞ր, թե որտեղ էին Արցախի դրոշը տեղադրողները։
Օրվա իշխանությունները և նրանց սպասարկողները շարունակում են կործանել իմ ու իմ նման շատերի երեխաների երազանքները, և դու նման քայլերով օգնում ես դրանց:
Հայրենիքն ավելի թանկ է, քան այն երեսուն արծաթը, որը վաստակելով կործանում ես այդ հայրենիքի ապագան...
Արցախի դրոշով մենք ուշադրություն ենք հրավիրում, մթնոլորտ ստեղծում Արցախի հարցի շուրջ, և օրվա հողատուներին ասում՝ զիջելու հայրենիք չունենք:
Իսկ դու ի՞նչ ես անում, բացի ժողովրդին նոր կապիտուլյացիայի պատրաստելուց։
Գերասիմ Վարդանյան
ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ