կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-30 19:21
Հասարակություն

Ինչպե՞ս կարող ես խաղաղություն հաստատել, երբ անկարող ես անգամ մի գազատարի մատակարարում ապահովել

Ինչպե՞ս կարող ես խաղաղություն հաստատել, երբ անկարող ես անգամ մի գազատարի մատակարարում ապահովել

Ովքեր դեռ թաքուն հավատում են, թե Հայաստանի իշխանություն կոչվող «փողոցային վարչախումբն» անաղմուկ տիրություն է անում արցախյան խնդրին ու հայկական շահերին եւ փորձում իր պատկերացումների շրջանակում լուծումներ գտնել ի օգուտ մեր՝ օրըստօրե ավելի փոքրացող երկրի, ստիպված են ապրել խոր հիասթափություն: Սա, դժբախտաբար, այն դեպքը չէ, երբ իմաստնաբար քիչ խոսում են, շատ գործում: Իրականությունն առավել զարհուրելի է, քան կարելի է երեւակայել: Բավական է մի փոքր ուշադիր նայել վերջին օրերին Արցախում ծավալվող զարգացումներին եւ լսել իշխանական «ֆորվարդների» աուտիկ խոստովանություններն ու մեկնաբանությունները, հասկանալու, որ «փողոցայիններն»  իրենցից օտարել են ոչ միայն Արցախը, այլեւ, առայժմ քողարկված ձեւով, օտարման գործընթաց են սկսել հենց ՀՀ-ի նկատմամբ: Դիտարկումներն այլ եզրահանգման տեղ չեն թողնում:

Արցախում գազամատակարարումը կրկին անջատել են, ապա թշնամական զինուժը ներխուժել է Փառուխ գյուղը: Դեռ պետք է հանգամանորեն պարզել, թե ինչպես են հնարավոր դարձել նման միջադեպերը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող տարածքներում, եւ ընդհանրապես խաղաղապահական ռեժիմի օրոք, առայժմ արձանագրենք ակնհայտը. ադրբեջանական կողմը կամայականության, ցինիզմի ու նախահարձակության ռեկորդային նոր սահմաններ է գրանցել «խաղաղության» օրակարգով: Բայց էլ ի՞նչ թշնամի, եթե աչքի չընկնի ցինիզմով ու նախահարձակությամբ: Մենք թուրք-ադրբեջանցիներից նեղանալու պատճառ չունենք, նրանք մեր թշնամիներն են եւ շարունակում են հավատարիմ մնալ իրենց կոչմանը: Այ երբ իրական խաղաղություն հաստատվի՝ երկկողմանի համաձայնության ու արդարության հիմքի վրա, այն ժամանակ, հանգամանքերի թելադրանքով, նրանք ի ցույց են դնելու իրենց դրացիությունը. չմոռանա՜ք, միայն ի ցույց են դնելու: Հիմա թշնամության ժամանակներ են, եւ եթե այդ իրողության դեմ աչք ես փակում, տեղիք ես տալիս, որ նոր ցավ ու տառապանք, հիասթափություն ու հոռիություն պատի քո երկրին ու ժողովրդին: Տեղիք ես տալիս թշնամական նոր հարվածների ու կորուստների: Հայաստանյան իշխանությունը, Բաքվից՝ մեր հանդեպ մոլեգնող թշնամության ու ատելության հողմի տակ, բարբառում է «տարածաշրջանային խաղաղության», Ադրբեջանի տարածքային ամբողջականության, թուրքերի հետ սահմաններ բացելու եւ այդօրինակ ժամանակավրեպ գաղափարների մասին, երեւան հանելով իր ողջ ապազգային, անիրատեսական բնույթն ու ստրկամտությունը: Կարճ՝ իր ողջ թշվառությունը: Երբ դու անկարող ես անգամ մի գազատարի մատակարարում ապահովել քո հայրենակիցների համար այնպես, որ այն այլեւս չխափանվի, ինչպե՞ս կարող ես խաղաղություն հաստատել… Թե՞ «ֆորվարդներն» ապագա խաղաղությունը պատկերացնում են առանց Արցախի ու Հայաստանի ինքնիշխանության… Ադրբեջանցիները գազատարի վրա փական դնելով՝ հաստատում են ոչ միայն Արցախի հանդեպ կամայականության իրենց իրավունքն ու ուժը, այլեւ փական են դնում հայաստանյան իշխանությունների բերանին, հընթացս խաղում ռուսական խաղաղապահության նյարդերի ու պատվի վրա:

Այս պահին անթույլատրելի է, որ հակառուսական կրքեր բորբոքվեն ՀՀ-ում ու Արցախում, դա կհանգեցնի առավել տխուր հետեւանքների: Սա մի պարզ ողջախոհություն է, որի անհրաժեշտության մասին խոսելը նույնիսկ ավելորդ է, թեեւ «անհասկացող» զանգվածն իրեն շարունակ զգացնել է տալիս մեր շուրջ: Ռուսական կողմի հետ պետք է պահպանել դաշնակցային ու ընկերական հարաբերությունը, եւ նրա ազնիվ բարեկամը մնալ, առանձնապես ՌԴ-ի համար եւս դժվարին այս օրերին: Նաեւ ռուսական միջնորդության միջոցով է պետք հասնել ցանկալի արդյունքների: Բայց որպես գլխավոր դերակատար պարտավոր են մնալ հայկական իշխանությունները: Ցավոք, տպավորության կա, որ երեւանյան քաղվերնախավի ներկա քայլերը (նրանց անհասկանալի, ակտիվ խոսակցությունները եվրոպական ու ամերիկյան ներկայացուցիչների հետ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին) սկսել են զայրացնել ռուսական կողմին, որը եւ  «նախազգուշական-դաստիարակչական բացթողումներ» է թույլ տալիս Հայաստանի հանդեպ: Ուղղակի չպետք է բացառել այդ վարկածը, եւ անել տեղին հետեւություններ:

Արցախում իրագործված գազային ահաբեկչությունն ու Փառուխ գյուղ ներխուժումը, որոնց ակամա թե մտածված համահեղինակն է ՀՀ իշխանությունը, արցախցիները հաղթահարելու են մյուս փորձությունների պես, սակայն երկար ժամանակ մնալու է այն դառնությունը, որ սերմանվում եւ ուղղորդվում է պաշտոնական Երեւանի կողմից: Վերջինս, այլեւս բացահայտ, փորձում է մեր ազգային միասնական ու տոկուն մարմինը վերածել այլասերված (եւ այլասեռված), ավելին՝ ամորձատված, ներքինի մի հանրույթի, որի կառավարումն այդու կլինի դյուրին: Միանգամից ասեմ՝ դա չի՛ լինելու, երբե՛ք, մեր ժողովրդի դիմադրողական ոգին տեղն է, եւ ոչ մի դավադիր ուժ այն արմատախիլ անել չի կարող: Հայկական բնեղ տեսակի դեմ ուղղված կեղծ ու պատիր քաղարշավները, թրքահաճո շողոմ ժպիտներն ու գաղտնի գործարքները, յուրայինների հանդեպ անկեղծ ատելությունը կանցնեն սեւ ծխի պես: Վկա՝ մեր պատմությունը:  

Թող իմ ընդդիմախոսները բերեն համոզիչ հակափաստարկներ, եթե ունեն, եւ երանի թե լինեին այդ հակափաստարկները՝ ազգային մեծ խայտառակությունից զերծ մնալու համար: Ոչ մի ազգի, գուցե հայությանն առավել եւս, պատիվ չի բերում, որ ծնել ու կարգել է դավաճանական իշխանություն, եւ նրանից ձերբազատվելու վճռական կամք դեռեւս չի ցուցաբերում: 

                                                                                                 Հրանտ Ալեքսանյան

                                                                                                 Գրող, հրապարակախոս