կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-27 11:43
Հասարակություն

Նամակ` աղետից առաջ

Նամակ` աղետից առաջ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին երկու տարում երկրորդ խնդրագիր-նամակն է հղում ՌԴ նախագահ Պուտինին: Առաջինը 2020 թ. հոկտեմբերի 23-ին էր, երբ հայկական զորքը նահանջել էր Արցախի հարավային ճակատում, թշնամին գրավել էր Որոտանը (Կուբաթլու) և մոտենում էր Սյունիքի դարպասներին: Նամակում Արցախի նախագահը հիշեցրել էր Ցարական Ռուսաստանի կազմում Ղարաբաղի «խաղաղ զարգացման դարաշրջանի» մասին՝ ՌԴ նախագահից ակնկալելով պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ կոնկրետ քայլեր: Հայ հասարակությունը, որն այդ օրը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից ստացել էր հակառակորդի «հրոսակախմբերի եւ դիվերսիոն խմբերի չեզոքացման», «ստորաբաժանումների կազմալուծման», թշնամու «զգալի կորուստների» վերաբերյալ տեղեկատվության հերթական լավատեսական չափաբաժինը, իհարկե, քամահրանքով վերաբերեց Հարությունյանի նամակին՝ նրան մեղադրելով ռուսներին քծնելու և Պուտինից օգնություն խնդրելու համար:

Այսօր էլ, ահա, պատերազմում պարտված և Արցախի հարցի նկատմամբ միջազգային կառույցների անտարբերության պտուղները ճաշակած հանրությունը շարունակում է ծաղրել և քննադատել Արցախի նախագահին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմն ու զինտեխնիկայի միջոցներն ավելացնելու վերաբերյալ Պուտինին ուղղված նրա խնդրանքի համար:

Ավելի կոնկրետ, ֆեյսբուքում «նստած» հայ հանրությունն ակնկալում է, որ պատերազմի, տնտեսական աննախադեպ սանկցիաների մեջ թաթախված գերտերության ղեկավարության հետ Արայիկ Հարությունյանը կտրուկ խոսի. մոտավորապես ԱԺ ամբիոնից մատ թափ տվող Փաշինյանի՝ ընդդիմադիրներին ուղղված ձայնի տոնով ու միմիկաներով:

Մի կողմ թողնելով ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ թշնամու մշտական սադրանքների, թշնամու կիրառված բայրաքթարի արդյունքում հայկական կողմի ունեցած մարդկային կորուստների, Փառուխ գյուղը գրավելու և հարակից ռազմավարական կարևոր բարձունքին տիրանալու հակառակորդի գործողությունների վերաբերյալ ռուսական կողմի արձագանքն ու դրանից բխող հետևանքները, գիշերը Ստեփանակերտի հրապարակում ժողովրդի վրա բղավող Արայիկ Հարությունյանի վարքագիծը, մի կարևոր նրբության մասին խոսենք:

Պատմությանը քաջատեղյակ յուրաքանչյուր ոք գիտի, որ այս տարածաշրջան ռուսներին բերել է կայսերական շահը, որը շատ հաճախ համընկել է հայերի տրամադրությունների և ցանկությունների հետ։ Իսկ Արայիկ Հարությունյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին գործիչն է, որը խնդրագիր-նամակներ հղել ռուսներին: Իսրայել օրուց մինչև Եսայի Հասան-Ջալայան, Հակոբ Ջուղայեցուց մինչև Արցախի մելիքներ տարբեր ժամանակաշրջաններում նամակներ են հղել ռուս ցարերին՝ հայ ժողովրդին թուրք-պարսկական լծից ազատելու ակնկալիքով: Օրինակ Գանձասարի Եսայի կաթողիկոսը, որն Իսրայել Օրու մահից հետո գլխավորել է հայ ազատագրական շարժումը և բանակցություններ վարել ռուսական կառավարության հետ, Պետրոս Մեծին ուղղված նամակներում այնպիսի մեծարանքի խոսքեր է ձոնում նրան, որոնք, եթե կարդանք այսօրվա ֆեյսբուքյան հպարտ ռուսաֆոբների աչքերով, հետմահու պետք է դավաճանի խարանը դաջենք Աղվանքի կաթողիկոսի անվան վրա: Մի՞թե իշխանական տոհմից սերող և փառավոր կենսագրություն ունեցող հայ գործիչները չունեին հպարտություն և սկզբունքներ, երբ շարունակ նամակներ էին գրում և օգնություն աղերսում ռուսական ցարերից՝ շատ ժամանակ մնալով անպատասխան կամ էլ սպասելով ռազմական օգնության՝ հուսախաբ լինում:

Կամ պատմության գիտակ մեր հայրենակիցները երբևէ մտածե՞լ են, թե ի՞նչ կլիներ հայ ժողովրդի հետ, եթե 300 տարի առաջ թուրքական զորքի՝ Արցախ արշավելու ժամանակ ռուս ցարին մեծարող նույն Եսայի Հասան-Ջալալյանը չմերժեր Ամենայն հայոց կաթողիկոսի՝ թուրքերին հպատակվելու առաջարկը և օգնություն հայցող դիմումներ չհղեր ռուսական արքունիքին:

Կարծում եմ դեռևս այդ ժամանակ կամ լավագույն դեպքում այդ իրադարձությունից կես դար հետո հայկական հետքն իսպառ կջնջվեր Այսրկովկասից:

Սա, թերևս մեր կարծիքն է. պատմաբանները գուցե հակադարձեն և հիմնավորեն հակառակը…

Ինչևէ, պատմությունը կրկնվում է, 300 տարի անց արդեն պետականություն ունեցող հայ ազգը կանգնած է նույն խնդրի առաջ՝ ապավինել Ռուսաստանի՞ն՝ փորձելով կայսերական շահերը համադրել սեփականի հետ, թե՞, բորբոքելով հակառուսական տրամադրություններ, նպաստել Ռուսաստանի՝ այս տարածաշրջանից հեռացնելու արևմտաթուրքական նախագծի իրագործմանը:

Իհարկե, ֆեյսբուքում Արայիկ Հարությունյանի նամակի վրա «բոցեր» անող զանգվածը վստահ է, որ կա երրորդ ճանապարհ. այն է՝ մերժել ռուսներին, մերժել նախկիններին, մերժել ներկաներին, նրանց բերած «խաղաղության օրակարգը» և անգամ մերժել զինված պայքարը, բայց միևնույն ժամանակ խուսափել նոր պատերազմից:

Բնականաբար, այս մարդկանցից որևէ մեկը չի հաշվարկել, թե ինչ կլինի ՀՀ֊ից և Արցախից մնացած պատառիկի հետ, եթե մենք առհասարակ որևէ դաշնակից չունենանք կամ ապավինենք գլոբալիստների օգնությանը: Նման իրավիճակում, շատ չանցած, Կովկասում կարճաժամկետ հեռանկարում «նայող» կնշանակվի Թուրքիան՝ իր թուրանական ծրագրով, իսկ երկարաժամկետ հեռանկար առհասարակ չի լինի, որովհետև այդ ժամանակ գուցե արդեն հայկական հարցը փակված լինի:

Կամ, արդյո՞ք այդ մարդիկ հաշվարկել են, թե ինչ կլինի մեզ հետ, երբ քայքայված տնտեսություն, ջարդված բանակ ու պառակտված հասարակություն ունեցող երկիրը դառնա գերտերությունների բախման երկրորդ ճակատ: Վստահ ենք՝ չեն հաշվարկել, հակառակ դեպքում՝ կլրջանային և նոր աղետի շեմին կանգնած արցախահայության անունից ուղղված նամակի տողատակերը գուցե հասկանային:

Թագուհի Մելքոնյան