Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Politics Home կայքում հոդված է հրապարակել` ներկայացնելով Արցախի իրավիճակը հետպատերազմյան շրջանում:
«Իմ աշխատանքի բնույթը հաճախ պահանջում է, որ այցելեմ ռազմական գործողությունների գոտիներ:
4 տասնամյակ ես հատել եմ սահմաններ, հաճախ՝ ապօրինաբար, որպեսզի հասցնեմ հումանիտար օգնություն և իմ համերաշխությունը հայտնեմ կրակի տակ գտնվող մարդկանց: Պետք էր ակնկալել, որ այդքանից հետո իմ սիրտը պետք է արդեն սովոր լիներ նման տառապանքների: Բայց երբ սկսվեց ռուսական ներխուժումը, իմ սիրտը դարձյալ կոտրվեց…
Ամեն օր մենք ենթարկվում ենք նոր տառապանքների. ավելի շատ ռումբեր, ավելի շատ սպանություններ, ավելի շատ տեղահանումներ… Սակայն ցօրս ոչ մի ուշադրություն չի հատկացվել ոչ մեծ, բայց կարևոր անկլավին Հարավային Կովկասում, որը 1000 մղոն հեռու է Ուկրաինայից և ռուսական զորքերի վերահսկողության տակ:
Մոռացված անկլավ
Անկլավը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, իսկ տեղացիներն այն անվանում են Արցախ: Դա պատմական հայկական տարածք է, որը Ստալինը փոխանցել էր Ադրբեջանին 1920-ականներին՝ «Բաժանիր, որ տիրես» քաղաքականության շրջանակներում: Երբ սովետական կարգերը փլուզվեցին 1980-ականների վերջին, հանրաքվե եղավ, և ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը: Ավելի ուշ հայերը վերահսկողություն հաստատեցին ԼՂ-ի վրա` որպես դե ֆակտո անկախ պետության՝ գործող կառավարությամբ ու կենսունակ տնտեսությամբ, թեև նրա անկախությունը միջազգային մակարդակով չի ճանաչվել:
1990-ականներին ԼՂ-ն վերապրեց լայնամասշտաբ պատերազմ, որի ընթացքում տեղի հայերը դարձան էթնիկ զտումների զոհ: Ես այնտեղ շատ եմ եղել պատերազմի ժամանակ, որպեսզի օգնություն հասցնեմ և ականատես եմ եղել, թե ինչպես են ադրբեջանցիներն օրական 400 «Գրադ»-ի հրթիռ արձակում Ստեփանակերտ մայրաքաղաքի վրա: Պատերազմը տարիներ տևեց, մինչև 1994 թ.ին, ռուսների միջնորդությամբ, հրադադար կնքվեց:
Ադրբեջանը 2020 թ. սեպտեմբերին նոր հարձակում սկսեց ԼՂ-ի վրա: Այս անգամ՝ ավելի կատարելագործված զենքով և Թուրքիայի աջակցությամբ: 44 օրվա ընթացքում խաղաղ բնակիչները ենթարկվում էին ռազմական հարձակումների` ծանր հրետանային հրթիռների, ռազմական ԱԹՍ-ների, ավիառումբերի, կասետային ռումբերի և «Սմերչ»-ների կիրառմամբ:
Ռազմական հանցագործություններ
ԼՂ բնակչությունը ենթարկվել է զանգվածային հարձակումների ոչ ռազմական օբյեկտների վրա` շտապ օգնության կենտրոնների, շտապ օգնության մեքենաների, դպրոցների, նախակրթարանների, կրոնական օբյեկտների, սննդամթերքի պահեստների, գյուղատնտեսական օբյեկտների, անասունների, էլեկտրա- և գազահաղորդակցման կայանների, ինչպես նաև խմելու ջրի կայանների:
Արևմուտքը ոչինչ չարեց, որպեսզի դադարեցնի այդ սպանություններն ու գազանությունները: 2020 թ. նոյեմբերին Ռուսաստանը ևս մեկ անգամ հանդես եկավ հրադադարի միջնորդությամբ` վերջ դնելով խոշոր ռազմական գործողություններին: Ռուսաստանը նաև 2000 զինծառայող ուղարկեց ԼՂ` խաղաղության համաձայնագրի դրույթներին հետևելու: Նրանց ներկայությունը մեծ վեճերի առիթ է, բայց տեղի հայերը անհրաժեշտ են համարում իրենց պատմական տարածքում գոյատևելու երաշխիքները, առավել ևս, որ ԼՂ-ի 80 տոկոսը այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից:
Սակայն հրադադարի ռեժիմը փխրուն է: Դրա 8-րդ հոդվածը նախատեսում է ռազմագերիների փոխանակում. Հայաստանը փոխանցել է բոլորին, բայց Ադրբեջանում 100-ից ավելի հայեր մնում են բանտարկված, որոնցից շատերի դեմ քրգործեր են հարուցել…
Ցեղասպանությունը շատ իրական հավանականություն է
Նման պնդումներ են արել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, և կան մեծ թվով տեղեկություններ, որոնք ստացվել են տարբեր աղբյուրներից, այդ թվում իմ` Արցախ կատարած 86-րդ այցի ընթացքում, երբ ես արտասվում էի հայ մոր հետ, որը ստացել էր իր կորած որդու գլխատված, անդամահատված լուսանկարները: Մեծ անհանգստություն կա նաև հարյուրավոր հայ քրիստոնեական օբյեկտների և մշակութային հին ժառանգության վերաբերյալ, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, որոնցից մի քանիսը գնդակոծվել կամ ոչնչացվել են պատերազմի ժամանակ, ինչը ևս ռազմական հանցագործություն է:
2020 թ. ներխուժումը Genocide Watch-ը որակել է որպես «ցեղասպանության արտակարգ նախազգուշացում»: Ադրբեջանի գործողությունները որակվել են որպես 9-րդ փուլի (բնաջնջում) և 10-րդ փուլի (ժխտում)` ցեղասպանութան գործընթացի 10 փուլից: Ըստ Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայի՝ «ադրբեջանական և թուրքական ղեկավարության ռազմական գործողությունները պետք է զգուշացնեն մեզ այն մասին, որ հայերի ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում և, հնարավոր է, նույնիսկ Հայաստանում, իրական հնարավորություն է… Հայերը կարող են ենթարկվել կոտորածի, եթե հայկական ցանկացած տարածք օկուպացվի»:
Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո կա վտանգ, որ ԼՂ-ում հրադադարը կարող է խախտվել: Ինձ ասում են, որ Արցախը գտնվում է բարձր պատրաստության վիճակում: Այս հին հայկական անկլավը կարող է կորսվել հավիտյան: Եվ քանի դեռ ամբողջ աշխարհի ուշադրությունը Արևելյան Եվրոպայի կողմն է, Ադրբեջանը ամբողջությամբ օգտվում է առավելությունից Հարավային Կովկասում:
Ես գրեթե ամեն օր ստանում եմ հաղորդագրություններ Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին հայկական բնակավայրերի դեմ: Բարձրախոսներով գյուղերի բնակիչներին կոչ են անում լքել իրենց տները: Տարհանվում են կանայք և երեխաներ, այդ թվում՝ վերջերս Կարմիր Շուկայից և Խնուշինակից՝ Մարտունիում, և Խրամորթից՝ Ասկերանում, որտեղ ադրբեջանական զորքերը շարունակում են իրենց կուտակումները:
Հաղորդվում է, որ մարտի սկզբից Ադրբեջանը դադարեցրել է Հայաստանից Արցախ գազի մատակարարումները, ինչն էլ ավելի է խորացրել արդեն իսկ առկա հումանիտար ճգնաժամը: Գազատարը հնարավոր չէ նորոգել, քանզի ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդարով գազի աշխատակիցներին: …Ադրբեջանը ձգտում է այդպիսով ստիպել Հայաստանին՝ նոր զիջումների գնալ և կնքել կապիտուլյացիայի նոր համաձայնագիր»:
Թարգմանությունը` Yerkir.am-ի