Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
«Առաջին ուղերձս շնորհակալության եւ երախտագիտության խոսք է հայ ժողովրդին, որը ողջ աշխարհի համար մշտապես եղել է ազատության առաջամարտիկ»,- նշել է Քերոլայն Քոքսը:
Նրա խոսքով՝ հայերը շարունակել են հանձնառու լինել համամարդկային արժեքների պահպանությանը՝ ի հեճուկս մեծ զոհաբերության եւ կրած հսկայական տառապանքների, ապրելով հարեւանների կողքին, ովքեր չունեն հարգանք մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հանդեպ: «Դուք նման եք լույսի փարոսի՝ աշխարհի շատ մութ հատվածում»,- նշել է նա:
Բարոնուհու երկրորդ ուղերձը զայրույթի մասին է: «Միջազգային հանրությունը շարունակում է անպատիժ թողնել Թուրքիային եւ Ադրբեջանին, որոնք շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, կազմակերպում են կոտորածներ»,- հայտարարել է նա:
Քոքսը խոսել է երեք ցեղասպանությունների մասին՝ նշելով, որ առաջինը տեղի ունեցավ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, իսկ մյուս երկուսն իրականացվեց Արցախի դեմ՝ 1990-1994 թվականներին եւ 2020 թվականի վերջին պատերազմի ժամանակ: «Վերջին պատերազմը լի էր պատերազմական հանցագործություններով: «Genocide Watch» անկախ միջազգային կազմակերպությունը բնորոշեց վերջին պատերազմը որպես ցեղասպանություն»,- նշել է նա՝ ընդգծելով, որ մինչ բոլորը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության հիշատակը, աշխարհում մինչեւ օրս շարունակում են նոր ցեղասպանություններ իրականացվել: «Ես կրկին ու կրկին կոչ եմ անում Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ճանաչելու Ցեղասպանությունը: Ես ամաչում եմ, որ այն մինչ օրս տեղի չի ունեցել»,- ընդգծել է բարոնուհին:
Նա գոհունակությամբ է փաստել, որ Միացյալ Թագավորության մաս կազմող Ուելսն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ավելին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
«Իմ երրորդ ուղերձը սիրո եւ մտերմության մասին է: Ես պատիվ եմ ունեցել 85 անգամ այցելել ձեր երկիր: Այս այցելություններից շատերը տեղի են ունեցել Արցախյան նախորդ պատերազմի ժամանակ: Գործընկերոջս՝ Դեյվիդ Թոմասի հետ այցելեցի նաեւ վերջին պատերազմի ժամանակ: Մենք մշտապես հետ ենք վերադառնում՝ հիացած ձեր ժողովրդով, ձեր քաջությամբ, ձեր հյուրընկալությամբ, մշակույթով, ժողովրդավարության հանդեպ ձեր հանձնառությամբ: Դժվար է մտաբերել համեմատական նույն չափն ունեցող մեկ այլ երկիր, որը նմանօրինակ ներդրում է բերել համամարդկային քաղաքակրթության մեջ արվեստի, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում: Խոստանում եմ, որ մենք մշտապես կլինենք ձեր կողքին: Կանենք հնարավոր ամեն բան՝ հասնելու արդարության, որին արժանի եք»,- եզրափակել է բարոնուհի Քերոլայն Քոքսը: