Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Համաշխարհային օրացույցի յուրահատուկ օրերի և տոների մեջ կա միայն մեկ օր, որը կարելի է համարել բոլորինը՝ առանց բացառության: Այն քաղաքականությունից զերծ ընդհանուր տոն է և միևնույն ժամանակ բոլոր մարդկանց և բոլոր ժամանակների տոներից ամենաքաղաքականը: Նույնիսկ եթե երկրի վրա որոշ ժողովուրդներ նշում են այդ տոնը որպես ժողովրդական և ավանդական արարողություն, և եթե որոշ ժողովուրդներ չգիտեն դրա մասին, իրականում Նովրուզը բոլորինն է: Նովրուզը ամենից քիչ քաղաքականացված տոնն է, քանի որ ստեղծվել է մարդկանց կամքից անկախ։
Այն բնության զարթոնքի, ինչպես նաև Արեգակի, Երկրի և Տիեզերքի շրջանառության տոնն է։ Նովրուզը նաև ամենաքաղաքական տոնն է, քանի որ այն միավորում է բոլոր մեծագույն իդեալները, որոնց համար մարդկությունը պայքարել է իր ծագումից ի վեր: Նովրուզը հավասարության, համերաշխության, փոխըմբռնման, բարեկամության, հանդուրժողականության, գնահատանքի, խաղաղության և բարօրության տոն է: Իրանական և թյուրքական ժողովուրդների շրջանում, ըստ աստղագիտական արեգակնային օրացույցի, Նովրուզը Ամանորն է (մարտի 21): Վերջերս այն ձեռք է բերել գարնան և նորացման տոնի խորհուրդ: Մերձավոր Արևելքում Նովրուզը նշում են միայն այն ժողովուրդների ներկայացուցիչները, որոնք բնակվել են այս տարածաշրջանում մինչև արաբական նվաճումները և Արաբական խալիֆայության առաջացումը 7-8-րդ դարերում: Օրինակ՝ Իրաքի և Սիրիայի արաբները չեն տոնում Նովրուզը: Թուրքիայում 1925-1991 թթ. Նովրուզը պաշտոնապես արգելվել է տոնել: Հատկանշական է, որ Խորհրդային Միությունում Նովրուզը պաշտոնապես չէր նշվում: ԽՍՀՄ փլուզումից հետո այն պետական տոն հռչակվեց Կենտրոնական Ասիայի 4 հանրապետություններում, Ղազախստանում և Ադրբեջանում:
2009 թ. սեպտեմբերի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն (վերջինիս դիմելու նախաձեռնությունն Իրանինն էր) Նովրուզը ներառեց մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում: 2010 թվականից ի վեր Նովրուզը Վրաստանում պետական տոն է, որը նշում են ադրբեջանական և իրանական փոքրամասնությունները: Այն հատկապես տարածված է Վրաստանի թյուրքական բնակչության շրջանում, որը բնակվում է երկրի հարավային շրջաններում: Վրաստանի իշխանություններն ամեն տարի այցելում են գերակշռող ադրբեջանցի բնակչություն ունեցող Հարավային Վրաստանի մունիցիպալիտետներ և ակտիվորեն մասնակցում Նովրուզ-Բայրամին առնչվող միջոցառումներին:
Միջոցառումներն անցկացվում են Մառնեուլի կենտրոնում: Վրաստանի ղեկավարները բնակչությանն ավանդաբար դիմում են վրացերենով և ադրբեջաներենով: Այնուհետև անցկացվում են համերգներ և տոնական այլ միջոցառումներ: Հատկանշական է, որ Նովրուզը պաշտոնապես պետական տոն հռչակելիս Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարում էր, որ Վրաստանի համար բոլոր քաղաքացիները հավասար են՝ անկախ իրենց էթնիկական ծագումից:
Իսկ ո՞րն էր նման քաղաքականության և Նովրուզը պետական տոն հռչակելու իմաստը: Բանն այն է, որ իսլամական աշխարհում մահմեդականների շրջանում Նովրուզի տոնակատարության նկատմամբ երկակի վերաբերմունք կա: Նրանց մի մասը Նովրուզը կապում է պատմության և մշակութային ժառանգության հետ և ոչ մի վատ բան չի տեսնում դրա տոնակատարության մեջ, մի մասն էլ, ընդհակառակը, հեթանոսական արմատներ է տեսնում Նովրուզի տոնակատարության մեջ և կտրականապես հրաժարվում այն տոնելուց:
Վրաստանը, հատկապես նրա արևելյան մասը, պատմականորեն գրեթե միշտ գտնվել է իրանական մշակույթի ազդեցության տակ, և Վրաստանում Նովրուզի տոնակատարությունը չի կարող համարվել անսովոր երևույթ: Նովրուզի տոնակատարությանը պետական բարձր մակարդակով մասնակցելը կարող է ընկալվել որպես հարգանքի տուրք իրանական պատմամշակութային ազդեցությանը, որը շարունակվում է հնագույն ժամանակներից: Մյուս կողմից՝ այս տոնը շատ տարածված է Վրաստանի թյուրքական բնակչության շրջանում: Նովրուզի անցումը տարածաշրջանայինից ազգային մակարդակի կնպաստեր վրաց հասարակությանն ինտեգրման գործընթացներին: Այս ամենին գումարվում է նաև Իրանից զբոսաշրջիկների հոսքի ավելացումը, քանի որ շատ իրանցիներ նախընտրում են Նովրուզը նշել արտասահմանում, իսկ այս դեպքում Վրաստանը նախընտրելի է, քանի որ մի կողմից՝ Նովրուզը պետականորեն նշող պետություն է, մյուս կողմից՝ գրավիչ պայմաններ է ստեղծում զբոսաշրջիկների ակտիվ հանգիստն ապահովելու համար: Չնայած հարցը, թե ինչպես կարող է այս տոնն արմատավորվել Վրաստանի ուղղափառ բնակչության շրջանում, մնում է բաց: Նովրուզի տոնակատարությունը համընկնում է Մեծ պահքի շրջանին, ինչը երկրի հավատացյալ ուղղափառ բնակչության համար գրեթե անհնար է դարձնում այն ակտիվորեն տոնելը:
Թեպետ Հայաստանում Նովրուզը հռչակված չէ որպես երկրի պետական-պաշտոնական տոն, սակայն ամեն տարի՝ մարտի կեսերից սկսած, Հայաստանն իր հյուրընկալ դռներն է բացում իրանցիների առաջ, որոնք նախընտրում են իրենց ազգային տոնը նշել հենց Հայաստանում: Հատկանշական է, որ թեև Հայաստանը քրիստոնյա բնակչությամբ պետություն է, սակայն, ի հարգանս հարևան և բարեկամ Իրանի, ամեն տարի նշում է Նովրուզը: Ուսումնական հաստատություններում և մշակութային կենտրոններում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, իսկ ժամանցային կենտրոնները նպաստավոր պայմաններ են ստեղծում տոնակատարությունների անցկացման համար:
Նովրուզի տոնակատարությունը լայնորեն լուսաբանվում է հայկական և իրանական ԶԼՄ-ներով՝ դրանով իսկ բարձրացնելով հանրային իրազեկման մակարդակը: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Հայաստանում իրանական մշակութային քաղաքականության հիմնանպատակը Իրանի մշակույթի, կրոնի և ավանդույթների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացումն է և այդպիսով Իրանի՝ որպես իր բնույթով տարբերվող, սակայն բարեկամական երկրի հոգևոր-մշակութային կերպարի ներկայացումը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկրում Նովրուզը տոնում են անկախության ձեռքբերումից ի վեր: Ընդ որում, ադրբեջանական իշխանություններն էլ նշում են, որ խորհրդային իշխանության տարիներին զրկված են եղել Նովրուզը նշելու հնարավորությունից: Ըստ էության, Հարավային Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանը այն միակ պետությունն է, որը Նովրուզի ավանդույթներն ու ծիսակարգերը օգտագործում է քաղաքական նկատառումներով: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական իշխանությունները ամեն կերպ փորձում են Նովրուզի ծագումն ու ավանդույթները կապել ադրբեջանական մշակույթի հետ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի ամենամյա շնորհավորական ուղերձներում հիշատակում է Նովրուզի՝ ադրբեջանական տոն լինելը, պարբերաբար նշում, որ Նովրուզը հնագույն պատմական արմատներ ունի Ադրբեջանի տարածքում և դարձել է ազգային մտքի բաղկացուցիչ մաս: Նմանատիպ հայտարարությունների ազդեցությամբ էլ գլուխ են բարձրացնում պանթյուրքիստական գաղափարներով տոգորված արմատականները, որոնց հատկապես անհանգստացնում է այն հանգամանքը, որ Նովրուզը միահյուսված է իրանական ազգային առասպելներին և իրանական պատմամշակութային ինքնության բաղկացուցիչն է: Ադրբեջանցի ազգայնականները Նովրուզի շրջանում անգամ բողոքի ակցիաներ են իրականացնում երկրի սահմաններից դուրս՝ փորձելով միջազգային հանրությանը համոզել, որ Նովրուզը ոչ մի կապ չունի Իրանի հետ: Մասնավորապես, ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել Վարշավայում տեղի ունեցած միջադեպը, երբ մի քանի էթնիկ ադրբեջանցիներ բողոքի ակցիա էին իրականացրել Վարշավայի համալսարանի դիմաց՝ բողոքելով իրանցիների՝ Նովրուզը տոնելու դեմ: Նրանց պնդմամբ՝ Նովրուզը իրանցիների հետ կապ չունի և պատկանում է թուրքերին ու արաբներին:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ իրենց հերթին ջանում են Նովրուզը ներկայացնել որպես ադրբեջանական տոն: Դրա վառ դրսևորումներից է այն, որ դեռևս նախորդ տարի ադրբեջանական ԶԼՄ-ները հրաժարվում էին տարածել Կանադայի վարչապետի շնորհավորական ուղերձը՝ Նովրուզի իրանական (պարսկական) տոնի առթիվ: Նրանք հրաժարվում էին նշել, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Նովրուզի վերաբերյալ իր ուղերձը սկսել էր պարսկերեն «Նովրուզը հաղթեց, ամեն օր Նովրուզ է» արտահայտությամբ:
Իրականությունն ու պատմությունը խեղաթյուրող ադրբեջանական քաղաքականության վառ ապացույց է ադրբեջանական դասագրքի մի օրինակը, որում աշխարհագրական քարտեզով Իրանի հյուսիսարևելյան տարածքները ներկայացվում են ադրբեջանական դրոշի ներքո, ապա դասագրքի որոշ հատվածներում հենց իրանական Նովրուզի տոնն է ներկայացվում որպես ադրբեջանական՝ վաղ հասակից երեխաների մեջ ազգայնական գաղափարներ սերմանելու և աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար:
Վերոնշյալից զատ՝ Ադրբեջանն օգտագործում է Նովրուզը՝ հակահայկական քարոզչություն ծավալելու նպատակով: Մասնավորապես, 2021 թ. Նովրուզի տոնակատարությունը նախագահը անցկացրեց բռնազավթված հայկական Շուշի քաղաքում, որն ադրբեջանական քարոզչամեքենան անվանում է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք»: Հետաքրքրականն այն է, որ Իլհամ Ալիևը ծիսական կրակը Շուշի քաղաքում վառեց շաբաթ օրը՝ մարտի 20-ին, այնինչ կրակը վառում են Նովրուզին նախորդող չորեքշաբթի (Իրանում) կամ երեքշաբթի (Ադրբեջանում): Ստացվում է, որ Նովրուզն ադրբեջանական համարող առաջնորդը անգամ պատրաստ է խախտելու սրբազան ծիսակարգը՝ սեփական շահերն առաջ մղելու և էժանագին քարոզչություն ծավալելու նպատակով:
Ամփոփելով նշենք, որ, անկախ այն հանգամանքից, թե մուսուլմանական և ոչ մուսուլմանական պետություններից յուրաքանչյուրը ինչպես է փորձում ներկայացնել Նովրուզի կապն ու ծագումը սեփական պատմության և մշակույթի հետ, Նովրուզը իրանական մշակութային ժառանգություն է, որը խորհրդանշում է բնության վերածնունդը և լայն տարածում է ստացել Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում:
Լիանա Պետրոսյան