կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 15:33
Հասարակություն

ՊՆ-ին կից Հասարակական խորհրդի վերապահումների 2/3-ը հիմնավոր է համարվել․ հանձնաժողովն ամփոփել է աշխատանքը

ՊՆ-ին կից Հասարակական խորհրդի վերապահումների 2/3-ը հիմնավոր է համարվել․ հանձնաժողովն ամփոփել է աշխատանքը

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը ամփոփել է ձմեռային  զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, դրանք հաստատել Հասարակական խորհրդի նիստում, և ուղարկել Պաշտպանության նախարարին։

Հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում փաստեց, որ իրենց հանձնաժողովի եզրակացությունների 2/3-ի վերապահումները, փաստորեն, հիմնավորված են եղել։

«126 դիմում-բողոք ենք ստացել, որոնք մեծամասամբ վերաբերում էին զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին։ Միայն 3 դեպքով էին այլ խնդիրներ արծարծվել, մասնավորապես, ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալու խնդիր էր առաջադրվել։ Քննարկված դիմում-բողոքներից ընթացք ենք տվել 70-ին, այդ թվում 1 դիմում-բողոք վերաբերել է ընտանեկան հանգամանքներով տարկետում տալուն։ 69 միջնորդություններից  33-ի վերաբերյալ կազմակերպվել են լրացուցիչ հետազոտություններ։ Հետազոտական տվյալների նորովի ուսումնասիրման և գնահատման արդյունքում 21 զորակոչիկի վերաբերյալ մինչ այդ կայացրած զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ եզրակացությունները վերանայվել են․ 7 զորակոչիկ ճանաչվել է ոչ պիտանի, 2-ը՝ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, 12-ին տրվել են տարկետումներ բուժման նպատակով։ Ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը ևս բավարարվել է»,-ասաց Գեղամ Հարությունյանը։

Սա ամբողջը չէ․ միջնորդագրերի քննարկման արդյունքում 20 զորակոչիկ ուղեգրվել է լրացուցիչ և ստուգիչ հետազոտությունների, սակայն  հետազոտություններն անավարտ են մնացել զորակոչի ժամկետի լրանալու պատճառով, և նրանց չեն զորակոչել մինչև չավարտեն հետազոտությունները․ Գեղամ Հարությունյանն ասում է՝ փաստորեն, դրանով կասեցվել է խնդրահարույց որոշումների գործողությունը։

«Այստեղ, իրոք, խնդիր կա, որովհետև նախորդ զորակոչին 28 այդպիսի դեպք էինք ունեցել, և երբ այս զորակոչին ուսումնասիրեցինք դրանց ընթացքը՝ պարզվեց, որ 28-ից 21-ը, որոնք մնացել էին լրահետազոտման փուլում, դարձյալ ճանաչվել են ոչ պիտանի կամ նրանց տրվել են տարկետումներ բուժման նպատակով»,-ասաց հասարակական խորհրդի համակարգողը։  

Նա վստահեցրեց, որ բոլոր այդ դիմում-բողոքները ժամանակին և սահմանված ընթացակագերով քննարկել է հանձնաժողովը։

«Հասարակական խորհուրդը նախապես նախապատրաստական աշխատանքներ էր տարել, որպեսզի հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ լինի։ Մասնավորապես, կազմվել էր բողոքների քննարկման բարենպաստ ժամանակացույց։ Մենք աշխատանքը սկսեցինք նախքան զորակոչի սկսվելը՝ 2 նիստ արել ենք մինչ այդ, հետագայում ամբողջ զորակոչի ընթացքում կանոնավոր կերպով աշխատանքը շարունակվել է»,-ասաց Գեղամ Հարությունյանը։

Արդյունքում եղել է կա՛մ լրացուցիչ հետազոտման, կա՛մ ստուգիչ հետազոտման անհրաժեշտություն, կա՛մ տեսել են, որ հետազոտության տվյալները պետք է նորից վերլուծվեն և գնահատվեն։

«Այս կապակցությամբ հանձնաժողովը հանդես է եկել առարկայական նկատառումներով և առաջարկություններով, որոնց արձագանքը եղել է շատ լուրջ։ Այսինքն, զորակոչային մարմինները շատ լուրջ են վերաբերվել, մասնավորապես, Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, որովհետև առողջական հարցերով միջնորդությունների մեծ մասը հասցեագրվում են հենց Կենտրոնական բժշկական հանձնաժողովին․ մեծ լրջությամբ են վերաբերվել մեր բոլոր նկատառումներին և առաջարկություններին»,-ասաց նա։

Գեղամ Հարությունյանը նշեց, որ երբ իրենք անդրադարձել են արդեն կայացված եզրակացություններին, շատ դեպքերում ի հայտ են եկել հետազոտական նոր տվյալներ։

«Մասնավորապես, քաղաքացիները նախաձեռնում են հետազոտություններ և ներկայացնում։ Մենք, իհարկե, վաղուց դրանք ներգրավում ենք հետազոտական տվյալների բազայի մեջ և դրանք նկատի առնելով են վերջնական գնահատում իրականացնում։ Մեր 69 միջնորդություններից 36-ը հիմնավորված են եղել քաղաքացիների՝ մասնավոր կարգով կատարված հետազոտություններով։ Վերանայված 21 եզրակացությունից 12-ի հիմքում դարձալ ընկած են եղել մասնավոր կարգով կատարված հետազոտությունների տվյալները։ Ավելին, այն 20 զորակոչիկները, որոնք մնացել են լրահետազոտման փուլում, այդ լրահետազոտություններ կատարելու որոշումների հիմքում էլ ընկած են եղել մասնավոր կարգով կատարված հետազոտությունների տվյալները»,-ասաց նա։

Ըստ Գեղամ Հարությունյանի՝ սա խոսում է բողոքարկման գործընթացում քաղաքացիների ակտիվ ներգրավվածության մասին։ 

«Եվ այդ հնարավորությունը Հասարակական խորհուրդն է բացել քաղաքացիների համար։ Որովհետև նախկինում մասնավոր հետազոտություններն ընդհանրապես հաշվի չէին առնվում։ Իհարկե, դա ճիշտ չէր, քանի որ բոլոր բուժհաստատությունները արտոնագրված են և նրանց հետազոտությունների արդյունքները նույնպես պետք է հաշվի առնվեն»,-նշեց նա։

Այս ներգրավվածության հետ կապված, սակայն, խնդիր է առաջացել․ մասնավոր հետազոտությունների համար զինծառայողների ծնողների  կատարած ծախսերը պետության կողմից չեն փոխհատուցվում։ Գեղամ Հարությունյանը նշում է, որ զորակոչիկների լիաժեք հետազոտումը և նրանց պիտանիության հարցի ճիշտ գնահատումը պետության պարտականությունն է, և եթե նա ընդունում  է  նորակոչիկի ընտանիքի կատարած հետազոտությունների արդյունքները, որոնք նպաստում են իր պարտականության իրականացմանը, ուրեմն առաջանում է նաև այդ ծախսերի փոխհատուցման խնդիրը։

«Սրա վերաբերյալ մենք առաջարկություն ներկայացրինք, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կատարված հետազոտությունների արդյունքում ընդունվել են զորակոչիկի՝ զինծառայության համար ոչ պիտանի լինելու կամ բուժման համար տարկետում տալու որոշումներ, սահմանվի պարզեցված ընթացակարգ, որով ընտանիքը կստանա փոխհատուցում իր կատարած ծախսերի դիմաց»,-ասաց Գեղամ Հարությունյանը։

Ընդ որում, խոսքը բոլոր չափերի գումարների մասին է։

Աննա Բալյան