կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 17:50
Քաղաքական

Փաշինյանի «Հայկական խաչմերուկի» միֆը՝ հայ-ադրբեջանա-թուրքական կլոունադայի ծիրում

Փաշինյանի «Հայկական խաչմերուկի» միֆը՝ հայ-ադրբեջանա-թուրքական կլոունադայի ծիրում

Անցած ամսվա վերջին Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը վերաձեւակերպել է Հյուսիս-հարավ նախագիծը՝ դարձնելով Հյուսիս-հարավ- արեւելք-արեւմուտք կամ «Հայկական խաչմերուկ»։ Ներկայացնելով իր ասած «Հայկական խաչմերուկի» ճանապարհային ճյուղերը՝ Փաշինյանը հայտարարեց, որ այն կկապի հյուսիսը հարավին, «այսինքն, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս ճյուղը, ըստ էության, Ադրբեջան, Հայաստան եւ, հետագայում, դեպի Նախիջեւան, Թուրքիա»։

Փաշինյանի այս ամպագոռգոռ հայտարարությունը հերթական միֆերի շարքից է։ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանում է․ «Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման նախաձեռնությունները որպես Արեւելք-արեւմուտք եւ Հյուսիս-հարավ հայկական խաչմերուկ: Ես համաձայն եմ, որ Արեւելք-Արեւմուտք, հյուսիս-հարավը իրականում խաչմերուկ է, բայց, ըստ էության, արեւելք-արեւմուտքը Նիկոլ Փաշինյանի այդ ծրագրում ներկայանում է որպես Ադրբեջանը Թուրքիայի հետ միացնող կոմունիկացիա: Դա որեւէ կերպ չի կարող  նույնականացվել իրական   աշխարհատնտեսական Արեւելք-Արեւմուտք հասկացության հետ: Հատկապես այն պարագայում, երբ բեռնափոխադրումների այդ ուղղությունը գլխավորապես ընկալվում է որպես  Չինաստանը  Եվրոպային կապող, տվյալ դեպքում,  ցամաքային տրանսպորտային գոտի: Հայաստանը, ցավոք, ցամաքային այդ գոտու վրա չի  գտնվում, քանի որ Չինաստանից  դեպի Եվրոպա ցամաքային  բեռնափոխադրումները  իրականացվում են կա՛մ Ռուսաստան-Բելոռուս այնուհետև Եվրոպա կա՛մ  Ղազախստան-Ռուսաստան- Բելառուս- Եվրոպա կամ Հարավային Կովկասն ընդգրկելու դեպքում՝ Ղազախստան, Կասպից ծովով Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա եւ Եվրոպա:  Հայաստանն այս բեռնափոխադրումների ուղղություններում չի կարող հայտնվել, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում»։

Հարությունյանի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանը ցանկալին փորձում է ներկայացնել որպես իրողություն, իբր թե  Արեւելք-Արեւմուտք  աշխարհատնտեսական ‹‹հայկական մեգածրագրի››   սեփական  նախաձեռնություն։  «Իրականում  մենք  ապաշրջափակմամբ ընդամենը Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս կապվելու Թուրքիայի հետ: Դա  որևէ պարագայում  չի կարող նույնականացվել  Արեւելք-Արեւմուտք աշխարհատնտեսական ուղղության հետ։ Կրկնում եմ Հայաստանն Արեւելք-Արեւմուտք խաչմերուկում չի կարող լինել, ցավոք: Անգամ՝ Վրաստանը, ակնհայտորեն լինելով այդ խաչմերուկում, նման ամպագոռգոռ հայտարարություններ չի անում»,- հավելեց նա։  

Խոսրով Հարությունյանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի մասնակցությանը  Պարսից ծոց-Սեւ ծով  տրանսպորտային միջանցքի ձեւավորման մեջ․  «Հայաստանը, անկասկած, կարող է իր մասնակցությունը  ունենալ տրանսպորտային այդ միջանցքում, որում շահագրգռված է նաև Հնդկաստանը։ Ուղղակի պետք է այս ուղղությամբ շատ լուրջ աշխատել: Ընդ որում պետք է ի նկատի ունենալ, որ   այդ տրանսպորտային կորիդորը կներառի Նախիջեւանի երկաթգծային հատվածը»:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» ունենալու՝ թուրք-ադրբեջանական նկրտումներին՝ Հարությունյանը շեշտեց՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի  քաղաքական վարքագծին բնորոշ է ցանկացած առիթով օգտագործել ‹‹միջանցք›› տերմինը, մինչեւ միջազգային հանրությունը  այն ընկալի որպես իրողություն,  դրանով միջազգային հարթակներում  ձևավորելով  հաջորդիվ   պահանջատիրական նկրտումների համար նպաստավոր միջավայր։

«Մենք դրա նախադեպի ականատեսն ենք եղել, երբ Ադրբեջանը տարիներ շարունակ միջազգային ամենատարբեր  հարթակներում անդադար այնքան հնչեցրեց, որ Հայաստանը  իրենց տարածքի 20 տոկոսը օկուպացրել  է, որ միջազգային հանրությունը այդ փաստը ընդունեց որպես իրողություն:  Այսօր նույն հնարքը ‹‹միջանցք›› հասկացության հետ կապված   փորձում են  կիրառել  Թուրքիան և Ադրբեջանը, այն ակնկալիքով, որ այդ տերմինը  բոլորի համար դառնա սովորական բան: Երբ միջազգային հանրության համար միջանցք հասկացությունը դառնա շատ սովորական, հասկանալի եւ ըմբռնելի հասկացություն,  արդեն կարելի կլինի զուգահեռներ անցկացնել Լաչինի  և Զանգեզուրի միջանցքների միջև՝ դրանց իրավական կարգավիճակների առումով: Ակնհայտ է, որ իրավական առումով դրանց  կարգավիճակների միջև որևէ ընդհանրություն չկա, սակայն մեր հակառակորդները  նպատակադրված գնում են իրենց համար ցանկալի ուղղությամբ»,- պարզաբանեց զրուցակիցս:

Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» հատկացնելը, աշխարհաքաղաքական տեսանկյունից, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, որեւէ երկրի ձեռնտու չէ։ Հարությունյանը մեկնաբանում է այս առնչությամբ Իրանի դիրքորոշումը։

«Իրանին միանշանակ  ձեռնտու չէ: Եվ ոչ թե այն պատճառով, որ Իրանը շատ խիստ մտահոգված է Հայաստանի խնդիրներով, ինչպես մեզանում մտածում են  շատերը։ Գուցե դա այդպես է, բայց Իրանը, նախ և առաջ,   անհանգստացած է իր խնդիրներով:  Բանն այն է, որ այսօր, երբ Հայաստանով Ադրբեջանը  Նախիջեւանի  եւ Թուրքիայի հետ կապվելու հնարավորչություն չունի,   ապրանքաշրջանառությունը եւ բազմաթիվ այլ հարցեր նշված սուբյեկտների միջև  իրականացվում են Իրանով, այդ թվում էներգակիրների տրանզիտը:  Հասկանալի է, որ  իրերի նման իրավիճակը  բարձրացնում է   Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Դա շատ կարևոր աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ  հնարավորություն է տալիս Իրանին   տարածաշրջանում  կայունացնող դերակատարում ստանձնել: Նա տարածաշրջանի որեւէ երկրի  շահը միակողմանի չի արտահայտում, որեւէ մեկի նկատմամբ աշխարհաքաղաքկաան նկրտումներ չունի, բայց փորձում է իր մասնակցությամբ բալանսավորել երկրների շահերը, ինչը բխում է նաև մեր շահերից: Ուստի  մենք պետք է առավելագույնս  աջակցենք Իրանին իր  այդ բալանսավորող առաքելությունը, վարքագիծը, ներկայությունն ու  մասնակցությունը հնարավորինս լիարժեք  իրականացնելու համար»,- ասաց նա:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանի» մասին՝ Խոսրով Հարությունյանը դա որակեց որպես անլուրջ ու պոպուլիստական հայտարարություն։ Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչի պատրաստ են՝ ընդհուպ մինչեւ տարածքային զիջման, միայն թե այդ խաղաղություն ասվածը լինի:

«Այդպես են ընկալում  մեր հարեւանները, եւ զարգացումներն էլ դա են ասում: Մարդիկ մտնում, Սեւ լիճը վերցնում են, ռազմավարական կարեւոության բարձունքները, եւ մենք ընդամենը հայտարարություններ ենք անում: Ասում են՝ դուք ձեր վարքագծով ձախողում եք մեր՝ խաղաղության դարաշրջան բացելու ցանկությունը: Տարածաշրջանի ոչ մի երկիր դեռ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը չի ասել՝ այո: Չկա այդպիսի հասկացություն: Դա ուղղակի ներքին շրջանառության թեզ է՝ երկրի ներսի համար, որով հմտորեն փորձում են քողարկել իրենց՝ հարեւանների հետ խնդիրները լուծելու անկարողությունը, սա շատ պարզ է»,- եզրափակեց նա:

Լիանա Սարգսյան