Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան և Իսրայելը մտադիր են վերականգնել քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա. չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իսրայելի հետ մեր ընդհանուր նպատակն է վերակենդանացնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա։ Թուրք-իսրայելական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանային կայունության և խաղաղության համար։ Վստահ եմ, որ գալիք ժամանակաշրջանը նոր հնարավորություններ կբերի տարածաշրջանային համագործակցության և երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- ասել է նա Անկարայում իր իսրայելցի գործընկեր Իցհակ Հերցոգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Թուրքիայի նախագահը հայտարարել է նաև, որ «ընդգծում է այն կարևորությունը, որը Անկարան տալիս է Երուսաղեմի պատմական կարգավիճակին և Ալ Աքսա մզկիթի կրոնական ինքնության ու սրբության պահպանմանը»։ «Ես Իսրայելի նախագահին փոխանցեցի այն կարևորությունը, որ մենք տալիս ենք տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և երկու պետությունների համակեցության վրա հիմնված (պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի) լուծման տեսլականի պահպանմանը»,- հավելել է նա։
Իցհակ Հերցոգը չորեքշաբթի ժամանել է Անկարա. դա վերջին 15 տարվա ընթացքում հրեա բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է: Ինքը՝ Իցհակ Հերցոգը, այցի հիմնական նպատակ է համարում հարաբերությունները վերսկսելու փորձը։
2010 թվականից երկու երկրները հարաբերությունների լուրջ սառեցման շրջան են ապրում։ 2010 թվականին իսրայելական հատուկ ջոկատայինները գրավել էին թուրքական «Մավի Մարմարա» լաստանավը, որը գնում էր Գազայի հատված` չնայած դրա շրջափակված լինելուն. արդյունքում եղան բազմաթիվ զոհեր թուրքական կողմից։ Դրանից հետո երկրներն իջեցրին դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և գործնականում դադարեցրին շփումները։ 2015 թվականից պետությունները սկսել են հարաբերությունները վերականգնելու փորձեր՝ վերադարձնելով դեսպաններին։ Այնուամենայնիվ, Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ, դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու գործընթացը՝ առանց պաղեստինյան խնդրի լուծման, ինչպես նաև Արևելյան Միջերկրական ծովում հանքային ռեսուրսների զարգացման շուրջ տարաձայնությունները շարունակում են մնալ խնդրահարույց կետեր երկու երկրների երկխոսությունում։