կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 14:36
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի իշխանությունները շողուլից ընկել են. արցախցի

2020թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հադրութից բռնի տեղահանված արցախցիներն այսօր կրկին մեկտեղվել էին Հանրապետության հրապարակում՝ այնտեղից ուղղություն վերցնելով դեպի արտաքին գործերի նախարարություն: Հստակ  ձեւակերպված պահանջ ունեն՝ տալ միջազգային փախստականի կարգավիճակ, որպեսզի Արցախ վերադառնալու հող նախապատրաստվի։

«Մեզ պետք է տալ միջազգային փախստականի կարգավիճակ, որ միջազգային հանրությունն ասի՝ ինչից է առաջացել այս փախստականը․ առաջացել է Ադրբեջանի՝ 2020 թվականի սանձազերծած ագրեսիայի պատճառով, ուրեմն բուժելու համար պետք է գնանք պատճառի հետևից։ Մեր կռիվը Արցախ վերադառնալու համար է: Արցախ վերադառնալը մեզ համար ինքնանպատակ չէ։ Հիմնական նպատակը Հայաստանի ապագան է, քանի որ առանց Արցախի Հանրապետության տերիտորիալ ամբողջականության վերականգնման որեւէ հայ, եթե խոսում է Հայաստանի անվտանգության ու ապագայի մասին, պարզ ստախոս է։ Այդ պահի իր քաղաքական շահերի համար ժողովրդի գլուխը հարթուկում է»,-Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայրյանը։

Հարցին՝ ի՞նչ է սպասվում Արցախին, եթե Հայաստանի իշխանություններն ընդունեն խաղաղության պայմանագիր ստորագրելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկը, Լեւոն Հայրյանը պատասխանեց՝ Հայաստանում մենք ունենք շողուլից ընկած իշխանություն, ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում, ինչ խաղաղության պայմանագիր է կնքում:

Խոսքն ուղղելով Հայաստանի գործող վարչախմբին՝ Հայրյանն ասց. «Բազմաթիվ քաղաքագետներ այդ հարցը տալիս են՝ եթե պատերազմ չես հայտարարել Ադրբեջանին, կամ Ադրբեջանը քեզ պատերազմ չի հայտարարել՝ ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, դուք կռվե՞լ եք իրար հետ: Չեն կռվել, չեն պատերազմել, բայց խաղաղության պայմանագիր են կնքում»:

Ըստ Հայրյանի՝ այդ խաղաղության պայմանագիրը չպետք է կնքվի: «Որովհետեւ դա այն նույն կապիտուլյացիայի շարունակությունն է, որ ուզում են տեղափոխել թղթի վրա: Դրա համար հակառակ կողմը շտապում է: Մեր կողմի հիմնական գործողությունն էլ կարելի է բացատրել հետեւյալ արտահայտությամբ՝ շողուլից ընկել են, չգիտեն՝ ինչ են անում: Եվ իրենց՝ չիմանալ ինչ անելը ուզում են բացատրել խորիմաստ, խոր քաղաքականության արդյունք: Սա է մեր վիճակի ողբերգականությունը»,- մեկնաբանեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան