Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը հայտարարել էր, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը»:
Նա նշեց, թե բոլորը վրդովված են Լուկաշենկոյի խոսքերից, մինչդեռ, պետք է հասկանալ դրա պատճառները, իսկ պատճառները հասկանալու համար պետք է լսել Սերժ Սարգսյանի ու Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում Հայաստանի ղեկավարի հետ՝ առանց տեսախցիկների, ու ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ հիմա՝ տեսախցիկների առաջ:
«Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան»,- ասաց պատգամավորը:
Մամիջանյանը նշեց, որ Բելառուսի նախագահն իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի են:
«Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ Հայաստանը հստակ նպատակներ ունի, Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման ու երաշխավորն ու աջակիցը, մեր երկիրը ոտքի է կանգնելու ու մաքրվելու է կապիտուլյացիայի ու դրա պատճառը հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից: Մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով ու դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում, բայց այս ամենը տեղի է ունենալու միայն այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարիչը միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի, իբր, պարզաբանում պահանջող, իսկ, իրականում, «լայքեր» մուրացող հայացքով»,-հայտարարեց Հայկ Մամիջանյանը:
Նա կոչով դիմեց Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«Ալեքսանդր Գրիգորիի, մի նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին ու երբեք չկարծեք, որ Հայաստնի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: