Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով քննությունն ապօրինի է։ Դատավոր Բախշիյանի վերաբերյալ այլ գործով քողարկված քննություն է կատարվել՝ առանց ԲԴԽ համաձայնությունը ստանալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է փետրվարի 7-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ, որի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննվում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանի վարույթում։
Նիստը երեկ կայացել է, ապա՝ հետաձգվել:
Վերաքննիչ բողոքում պաշտպանության կողմը բարձրացրել է այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ դատարանը չի հանդիսացել օրենքի հիման վրա ստեղծված դատարան, մակագրումը պատահական ընտրությամբ չի եղել, ընդ որում, մակագրման կարգի խախտման հանգամանքը հաստատվել է նաև դատարանի նախագահին հասցեագրված գրության պատասխանով, ինչպես նաև՝ դատավոր Դավիթ Արղամանյանը, մերժելով ինքնաբացարկի միջնորդությունը, նշել էր, որ այս դեպքում պատահական ընտրության սկզբունքը չի գործում, ինչը փաստաբան Սարգսյանի գնահատմամբ՝ լուրջ խախտում է։ Բացի այդ՝ պաշտպանության կողմը գտնում է, որ Դավիթ Արղամանյանը ի սկզբանե չի կարող կանխակալ վերաբերմունք չունենալ այս գործով՝ հաշվի առնելով իր քաղաքական հայացքները, նախկինում՝ իր կատարած հրապարակումները։
Պաշտպանները բարձրացնում են նաև դատավոր Բորիս Բախշիյանի գործով քննության ապօրինության հարցը։ Մասնավորապես, հունվարի 11-ից արդեն քննիչի զեկուցագիր կար, որ իր պատկերացմամբ Բախշիյանի կողմից հնարավոր է հանցանք է կատարվել, ինչը ենթադրում էր, որ պետք է քրեական գործ հարուցվեր։
«Երբ պետական մարմինը՝ գործի նյութերով ասում է, որ պետք է այլևս քրեական գործ հարուցվի և քննություն կատարվի, բայց քանի որ դրա համար պետք է դիմեին ԲԴԽ՝ համաձայնություն ստանալու, շրջանցել են կանոնները, խախտում են կատարել և այլ գործ են քննել՝ փորձելով Բախշիյանի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել, դրանից հետո մեկ այլ գործ են հարուցել՝ ցուցմունք տալուն հարկադրելու մասով, դրանով են փորձել համաձայնություն ձեռք բերել։ Այսինքն՝ քողարկված քննություն են կատարել՝ առանց ԲԴԽ համաձայնության»,- նշել է Երեմ Սարգսյանն՝ ընդգծելով, որ, եթե այլ գործով է քննություն իրականացվում, ապա ապացույցներն անթույլատրելի են։
Պաշտպանի խոսքով՝ Բախշիյանի կողմից ընդհանրապես ապօրինի կալանքի մասին խոսք չի կարող գնալ, որովհետև դատավորն ինքն արձանագրել է, որ Բախշիյանի որոշումն օրինական է և այն կասկածի տակ դնելու հիմքեր չկան։
«Եթե կասկածի տակ դնելու հիմքեր չկան, հետևաբար, ասում ենք՝ տեսնենք, թե Մկրտչյանին կալանավորելու մեջ ինչ ապօրինություն կա։ Տեսնում ենք, որ այն, ինչ արել է Բախշիյանը, օրինական է եղել։ Դատավորն էլ ասում է՝ Բախշիյանը գործել է բարեխիղճ, անկախ, պատշաճ, անաչառ, կալանքի հիմքերն ու պայմաններն էլ եղել են, բա այդքանից հետո ի՞նչն է ապօրինի։ Այս հարցն ենք բարձրացնում դատարանի առջև։ Քանի որ նախագահող դատավոր Տիգրան Սիմոնյանն էլ քրեական իրավունքի դասախոս է, խնդրեցինք, որ առավել խորությամբ այս հարցին նայի։ Եթե պետք է ապագա իրավաբաններին այս ձևով դասախոսեն, որ ցանկացած պահի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համար կարող են դատավորին քրեական պատասխանատվության ենթարկել, խնդրել ենք այս հարցերին անդրադառնալ»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ հատուկ հարց է բարձրացվել նաև, թե որն է ծանր հետևանքը, այսինքն, ասում են, որ, երբ Բախշիյանը կալանավորել է Նվեր Մկրտչյանին, ծանր հետևանք է առաջացել։
Նշենք, որ վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք է դիտարկում այն հանգամանքը, որ Նվեր Մկրտչյանը 14 օր եղել է կալանավորված, ինչպես նաև՝ ամբաստանյալ Մկրտչյանի կալանավորումից հետո «Գորիս» ՔԿՀ-ում իբրև ազդեցություն է գործադրվել նրա նկատմամբ, ինչով հարկադրել են փոխել ցուցմունքը։ Մինչդեռ պաշտպանության կողմը պնդում է, որ կալանքի տակ 14 օր մնալը հանցագործության պարտադիր հատկանիշն է, օրենքն ասում է՝ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը, այսինքն, դա ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշն է, ոչ թե՝ 3-րդ, իսկ ինչ վերաբերում է հետևանքին, ապա պետք է հիմնավորվեր, որ այս դեպքում իր գործողությունների անմիջական կապն է, որը՝ չկա։
«Էլ չեմ ասում, որ ասում են՝ հանցագործություն է, եթե դիտավորյալ, ըստ էության, կալանավորել է, որ ներազդեն, բայց մեղադրանքում գրված է, որ անզգուշություն է իր մասով, այսինքն, նման դիտավորություն չի ունեցել»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ հարց է բարձրացվել, որ, եթե դիտավորություն չի ունեցել, ապա ընդհանրապես որտեղ է հանցագործությունը, իսկ, եթե անզգուշություն է, ապա որն է իր կապը պատճառական՝ ՔԿՀ-ում ամբաստանյալի նկատմամբ ենթադրյալ ազդեցության հետ, որը քրեական գործով չի փաստվել։
Փաստաբանը հայտնել է, որ ՔԿՀ-ում Մկրտչյանի նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու և ցուցմունքից հրաժարվելուն հարկադրելու դրվագով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, նույնիսկ՝ ապացույցներ չկան, որ որևէ մեկը հարկադրել է։ Բորիս Բախշիյանի մասնակցությամբ այս ընթացքում որևէ քննչական գործողություններ չեն կատարվել, Բախշիյանը մասնակցում է միայն իր խափանման միջոցի հարցի քննությանը։ Ինչ վերաբերում է գործում առկա ցուցմունքներին, ինչպես նաև՝ ամբաստանյալ Նվեր Մկրտչյանի փաստաբան Յուրա Ավայանի ցուցմունքին, Երեմ Սարգսյանը զերծ է մնացել ցուցմունքների վերաբերյալ գնահատականներ տալուց, միայն ընդգծեց, որ փաստաբանն իրավունք չունի հարցաքննվելու որպես վկա՝ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ, ոչ քննիչն իրավունք ուներ իրեն հարցաքննելու, ոչ էլ փաստաբանը՝ ցուցմունք տալու:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։
Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։