կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-02 18:08
Հասարակություն

Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է վաղը

Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է վաղը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդության քննությունը տեղի կունենա փետրվարի 3-ին ժամը 18:00-ին: Տեղեկացնում է փաստաբան Երեմ Սարգսյանը: 

Գործը մակագարված է դատավոր Դավիթ Արղամանյանին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունն էլ բավարարել:

Դատավորների միությունը այսօր կրկին հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ 

«Խորհուրդը խիստ մտահոգված է այն իրողությունով, իր առաքելությունն իրականացնելու, տվյալ դեպքում՝ դատական ակտ կայացնելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու գործընթացի նախաձեռնումը, հատկապես այն պարագայում, երբ դատական այդ ակտը չի բեկանվել, չի կարող ընկալվել այլ կերպ, քան այդ ակտի՝ բողոքարկման օրենքով սահմանված ընթացակարգը շրջանցող վերանայում և դատավորների՝ անաչառ որոշումներ կայացնելու ազատության սահմանափակում, որը համահունչ չէ իրավական և ժողովրդավարական պետության արժեհամակարգը դավանող որևէ պետության։

Խիստ կարևորելով դատավորի՝ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքների ու օրինական շահերի անվերապահ պահպանումը՝ Դատավորների միությունը վտանգված է տեսնում դատական իշխանության անկախությունը՝ հստակ ազդակներ ստանալով կայացված դատական ակտի առնչությամբ դատավորի համար անբարենպաստ հետևանքների առաջացմամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է երեկ՝ հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։