կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-24 18:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում երկու հենակետ է տեղակայվելու․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ռուսաստանյան նոր ռազմակայանի մասին

Սյունիքում երկու հենակետ  է տեղակայվելու, որն ապահովվելու է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի միջոցով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով մեր պատվիրակության գործուղումը ՌԴ։

«Մեծ առումով՝ խոսքը ոչ թե նոր ռազմաբազայի մասին է, այլ այդ ռազմաբազայի ընդլայնման մասին, ինչը ենթադրում է և՛ սպառազինության ավելացում, և՛ նաև զորքերի մեծացում»,-պարզաբանեց նա։

Քաղաքագետը նկատեց, որ մեր տարածաշրջանում ստեղծված հետպատերազմական իրավիճակում փոփոխություններ է ստեղծվել ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր այն երկրների օրակարգերում, որոնք շահեր ունեն մեր տարածաշրջանում։ Ռուսաստանը, ընդլայնելով ՀՀ տարածքում ռազմական ներկայությունը, նրա համոզմամբ՝ երկու հիմնական խնդիր է լուծում․ առաջինը բխում է Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավական բազայից, ինչը ենթադրում է սահմանների համատեղ պաշտպանության իրականացում նաև ադրբեջանական հատվածում, և երկրորդը՝ քանի որ պատերազմի պատճառով մեր տարածաշրջանում մեծացել է Թուրքիայի ազդեցությունը, սա չի կարող մտահոգության առարկա չլինել Ռուսաստանի և Իրանի համար։

«Ռուսաստանը նպատակ ունի մի կողմից ապահովելու Հայաստանի հետ երկկողմ համաձայնությունը, մյուս կողմից՝ ուժեղացնելու իր դիրքերը և կանխելու Թուրքիայի ազդեցության հնարավոր ընդլայնումը մեր տարածաշրջանում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Եթե Հայաստանը նպատակ ունի վերանայել Թուրքիայի հետ թշնամանքը, իսկ սա ենթադրում է Ռուսաստանի դուրսմղում տարածաշրջանից, ապա ինչո՞ւ է ՀՀ պատվիրակությունը ՌԴ գնում՝ նոր ռազմակայանի տեղադրման մանրամասները քննարկելու․ Տիգրան Աբրահամյանը նշում է, որ Հայաստանը ներկայումս դարձել է տարածք տարբեր երկրների ազդեցության գոտիների ընդլայնման կամ շահերի առաջ մղման համար, և, ցավալիորեն, Հայաստանի շահը որևէ ձևով որևէ տեղում ներկայացված չէ։

«Միգուցե կան ինչ-որ թույլ ազդակներ հայտարարությունների կամ մտադրությունների մասով, բայց կոնկրետ այդ ուղղությամբ քաղաքականություն որևէ ձևով նկատելի չէ»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա հաստատեց, որ այստեղ կա շահերի բախում, այդ պատճառով էլ արտահայտումները տարբեր են․ Թուրքիան ունի նպատակ ամրապնդվելու Ադրբեջանում, այդ թվում, քննարկվում է թուրքական ռազմաբազայի տեղակայումը, ինչպես նաև ադրբեջանական ու թուրքական ամենատարբեր ոլորտներում հարաբերությունների խորացումն ու ներդաշնակեցումը, և բնական է, որ Ռուսաստանը փորձում է ապահովել ռազմական բնագավառում ՀՀ-ի հետ համագործակցությունը։

Մեր սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից սահմանապահ զորքը հետ քաշելու և այնտեղ ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին ԳՇ-ից հնչող լուրերը Տիգրան Աբրահամյանը մեկնաբանեց, որ այդ տեղեկություններից որևէ ձևով չի հասկացվում՝ արդյո՞ք դա կոնկերտ լուծում է սահմանի այդ հատվածի հարցը, թե՞ ամբողջական լուծումներ է տալիս սահմանի այլ հատվածներում ևս դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին։

«Ի սկզբանե իմ մոտեցումը հետևյալն է՝ Հայաստանի շուրջ ընթացող ցանկացած իրադարձություն պետք է Արցախի շուրջ ընթացող գործընթացի հետ մեկ ընդհանուր փաթեթում քննարկվի։ Որովհետև Ադրբեջանն այս փուլում վերցնելու է մեր ձեռքից մեր հնարավոր խաղաքարտերը, որոնք տեղից էլ բավականին քիչ են, և հետագայում Ղարաբաղի հարցով բանակցությունների ժամանակ մենք որևէ խաղաքարտ չենք ունենալու։ Եվ Թուրքիայի ու Ադրբեջանի այս քաղաքականության հենց գլխավոր նպատակը դա է․ ներխուժեցին մեր սահման, իրենց համար դիրքային առումով ստեղծեցին լավ հնարավորություններ և հիմա ցանկացած բանակցության դեպքում, նույնիսկ եթե հայտարարվի, որ մերոնք զորքերը հետ են քաշում, ռուսական զորքեր են մտնում, այս առումով ցանկացած իրավիճակում պարտվածի դերում ենք լինելու։ Ադրբեջանը, ի սկզբանե, եկել է և իր համար կարևոր դիրքերում դիրքավորվել, մեզ ստիպել մեր տարածքները, արոտավայրերը դարձնել չեզոք գոտու տարածքներ։ Այսինքն, մենք ցանկացած պարագայում պարտվել ենք, անկախ նրանից, թե հետագայում մեզ էլ ինչ կպարտադրվի»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Այս պարագայում ո՞րն է հայկական զորքը հետ քաշելու իմաստը՝ հարցին, նա պատասխանեց, որ իմաստն այն է, որ Հայաստանն այսօր որևէ հարց լուծող չէ։

«Եթե հարց լուծող լիներ՝ իր սահմանների հարցը կլուծեր և մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը շվշվացնելով մեր սահմանը անարգել չէին անցնի»,-ասաց քաղաքագետը։

Մեր սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցում, նրա խոսքով, Ռուսաստանը միջնորդ դերակատարություն ունի, ունի իր շահերը, իսկ այդ շահերը ենթադրում են կայունություն և խաղաղություն։

«Իսկ ի՞նչ է պահանջում Հայաստանը, կա՞ առաջադրված օրակարգ, որի հետ պետք է հաշվի նստի Ռուսաստանը որպես ռազմավարական դաշնակից․ իմ կարծիքով՝ չկա»,-ասաց նա։

Արցախում անցկացվող ցույցերը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, արդյո՞ք հեռահար նպատակ չունեն Արցախը թողնելու առանց ղեկավարի, որպեսզի ավելի հեշտ լինի Հայաստանի ու Արցախի հարցը փաթեթով լուծելը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով․ Տիգրան Աբրահամյանն ասում է՝ այն, որ այս իշխանությունները արդեն փակել են Արցախի էջը և միայն տեխնիկական լուծումներ են փնտրում այս խնդիրը վերջնականապես իրենց վրայից նետելու համար, դա իր համար միանշանակ է։

«Այն, որ իրենք ամեն ինչ անելու են, որ Արցախում լինի անկայուն իրավիճակ, որ հետագայում տեղի ունեցողը, որը նախապես պլանավորված է, բարդեն արցախցիների վրա, դա էլ է ինձ համար նկատելի։ Ցավալի է, որ այս խաղի մեջ մտել են նաև որոշ արցախցիներ, այս դեպքում՝ Արցախի իշխանությունները, և ովքեր գիտակցված-չգիտակցված չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանի առաջադրած խաղի մաս են կազմել և հետագայում իրենք ևս ոչ միայն պատասխանատվություն են կրելու այս պատերազմի հետևանքների և հետագա, բոլորիս համար ցավալի, իրադարձությունների համար»,-ասաց նա։

Արցախի անվտանգությունն ապահովելուն ուղղված՝ Հայաստանը որևէ քայլ չի իրականացնում, վստահ է Տիգրան Աբրահամյանը, քայլերը, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահները, այն միակ գործոնն են, որ ապահովում են Արցախի անվտանգությունը։ Նա նշեց, որ Հայաստանը արդեն համակերպվել է Արցախը մաս-մաս հանձնելու գործընթացին, և այս ընտրությունները ցույց տվեցին, որ նրան խանգարող այլևս չի լինելու։

Աննա Բալյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․