Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանին ապօրինի պահում են կալանքի տակ, քանի որ նա վերընտրվել է համայնքի ղեկավար, բայց նրա քաղաքական հայացքները չեն համընկնում ներկա իշխանությունների քաղաքական հայացքների հետ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի հիմնավոր ենթադրություն հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը։
Նա համոզված է, որ Մանուչարյանին քաղաքական պատճառներով են կալանավորել, քանի որ այս գործը 3 տարուց ավելի է քննվում է, այդ ընթացքում նա ազատության մեջ է եղել և որևէ կերպ չի փորձել ազդել դատավարության որևէ մասնակցի վրա։ Մինչդեռ 2021-ի նոյեմբերի 9-ին՝ հենց ՏԻՄ ընտրությունների շրջանում, Բերդի համայնքապետին կալանավորեցին պատրվակելով, որ, իբրև թե, թույլ չտան ազդել հարցաքննության ենթակա անձանց վրա։
Բանն այն է, որ Բերդի համայնքապետին կալանավորել են հենց այն շրջանում, երբ լրատվամիջոցները գրեցին, որ իշխանությունները Մանուչարյանին գործարք են առաջարկել՝ հրաժարական տալ, նրա փոխարեն «իրենց մարդուն» ԺՊ նշանակել, որ հետո այդ համայնքում էլ անցկացնեն համայնքապետի սեփական թեկնածուին, բայց Մանուչարյանը հրաժարվել է գործարքի գնալուց, առաջադրվել է և նորից ընտրվել Բերդ համայնքի ղեկավար։
Բերդի համայնքապետի կալանքը բացարձակ անօրինական համարելով՝ փաստաբանները դա բողոքարկել են Վերաքննիչ դատարան, որը հունվարի 27-ին կքննի՝ նրան օրինակա՞ն են կալանավորել, թե՞ ոչ։
«Ասում ենք՝ կալանքը հիմնավորված չէ, որովհետև այդ քրեական գործը քննվել է 3 տարի մինչև նրա կալանավորելը, նա 2 անգամ հարցաքննվել է որպես վկա, տեղեկացված է եղել, որ իր վերաբերյալ գործ է քննվում, և 3 տարվա ընթացքում որևէ անգամ ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորել։ Իսկ այդ պահին, երբ կալանքի միջնորդություն են ներկայացրել, չի եղել անձ, որը ենթակա է հարցաքննության այդ մեղադրանքի սահմաններում։ Քննիչը դատարանին փաստացի խաբել է՝ ասել անձինք կան, որոնց չեմ հարցաքննել, պիտի կալանավորենք, որ այդ անձանց վրա անօրինական ազդեցություն չգործադրի։ Ես դատարանում առարկել եմ, ասել եմ՝ նման անձինք չկան։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, գրել է, որ անձինք կան, որ պետք է հարցաքննվեն։ Բայց հաջորդ օրը քննչական մարմինը այդ գործից առանձին գործ է անջատել, ուղարկել է դատարան՝ դրանով հաստատելով, որ որևէ անձ իրականում չկար, որը պետք է հարցաքննվեր, դրա համար կալանքի որոշումը ոչ իրավաչափ է»,-հիմնավորեց փաստաբան Արման Թամրազյանը։
Մինչ Վերաքննիչ դատարանը կորոշի՝ կալանքն օրինակա՞ն է, թե՞ ոչ, Բերդի համայնքապետը մնում է կալանավորված և Իջևանի դատարանում շարունակվում է դեռ 2018 թ-ի հոկտեմբերից քննվող գործը, որով Մանուչարյանին մեղադրում են սեփական որդու հանդեպ վարչական վարույթ չհարուցելու համար այն բանից հետո, երբ որդին, ըստ մեղադրանքի, իր հողամասի պատը կառուցել է համայնքին պատկանող հողում։
Փաստաբանները չեն ուզում, որ այս գործը քննի դատավոր Սամվել Մարդանյանը, քանի որ նա նախորդ նիստում որոշել է, որ Մանուչարյանի կալանքը պետք է մնա ուժի մեջ։
Եվ որպեսզի դատավորին համոզեն հրաժարվել այս գործի քննությունից երեկվա նիստում փաստաթղթերի պատճեններ են ներկայացրել, որոնք, նրանց համոզմամբ, հիմնավորում են, որ դատավորի որդին նույնպես առանց շինթույլտվության ձևափոխել է իր գնած շինությունը՝ տանիքն է երկարացրել, նոր պատ է պատել։ Բացի այս, ասում են՝ դեռ մինչև 2012 թ-ը Բերդի նախորդ համայնքապետը՝ ավագանու որոշմամբ, օրինականորեն հողատարածքներ է տվել տարբեր մարդկանց, այդ թվում՝ դատավորի որդուն, օգտագործման նպատակով, բայց երբ 2012-ին Հարություն Մանուչարյանը դարձել է Բերդի համայնքապետ, առաջարկել է, որ ավագանին որոշում կայացնի, չեղյալ է հայտարարել այդ պայմանագրերը և նրանցից վերցրել հողատարածքները՝ ընդլայնելով համայնքի զբոսայգին։
«Ակնհայտ է, որ դատավորի որդու հետ Հարություն Մանուչարյանը տնտեսական շահի խնդիր է ունեցել, նրա շահերին հակառակ գործողություններ է արել և դատավորը պետք է այդ մասին տեղեկացված լիներ, ինչը կվկայի, որ նա կանխակալ վերաբերմունք կարող է ունենալ Հարություն Մանուչարյանի նկատմամբ։ Այս պատճառով էլ ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել»,-ասաց փաստաբան Թամրազյանը։
Երեկվա նիստում, սակայն, դատավորը ոչ թե միանգամից հրաժարվեց քննել Մանուչարյանի գործը, այլ պահանջեց, որ պատճենների փոխարեն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնեն դատարան։ Փաստաբան Ալումյանն ասաց՝ բնօրինակներն անհնար է ներկայացնել, քանի որ իրենց դրանք չեն տրամադրում։ Եվ դատարանը որոշեց հետաձգել քննությունը մինչև փաստաթղթերը հնարավոր լինի վերցնել հենց դատարանի միջնորդությամբ։
«Դատարանը կդիմի, որ բնօրինակները ստանա և բնօրինակները հենց որ լինեն դատարանում, կնշանակվի կոնկրետ նիստի օր և ժամ»,-ասաց դատավոր Սամվել Մարդանյանը։
Փաստաբան Հայկ Ալումյանը համարում է, որ դատավորը հետաձգեց նիստը, որովհետև նրան անհարժեշտ է ժամանակ, որ կողմնորոշվի, թե ինչ է անելու իրենց միջնորդության վերաբերյալ։
Բայց մի հանգամանք էլ կա՝ Տավուշի մարզում քրեական գործեր քննող ընդամենը երկու դատավոր կա՝ մեկը Զոյա Զաքինյանն է, մյուսը՝ Սամվել Մարդանյանը։ Բերդի համայնքապետի գործը նախ՝ մակագրվել էր Զաքինյանին, բայց նա ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ մտերիմ է Մանուչարյանի հետ և չի կարող քննել այդ գործը։ Հետո համայնքապետի գործը մակագրվեց Սամվել Մարդանյանին։ Եթե Մարդանյանն էլ ինքնաբացարկ հայտնի, ինչպես պահանջում են փաստաբանները, և հրաժարվի քննել այդ գործը, ապա ԲԴԽ-ն պետք է որևէ դատավորի գործուղի Տավուշ՝ գործը քննելու։ Ինչ կորոշի դատավոր Մարդանյանը՝ պարզ կլինի հաջորդ նիստին։
Իսկ մինչ այդ Բերդի համայնքապետի կողմնակիցները վստահ են, որ Հարություն Մանուչարյանի հանդեպ հարուցված քրեական գործն ինքնին շինծու գործ է՝ քաղաքական դրդապատճառներով։ Եթե նրան մեղադրում են, որ, իբրև համայնքապետ, սեփական որդու հանդեպ վարչական վարույթ չի հարուցել հողամասին կից պատը համայնքային հողում կառուցելու համար, ապա Մանուչարյանն ընդհանրապես չէր կարող իր որդու հանդեպ վարույթ հարուցել՝ մի քանի պատճառներով։
Նախ՝ մեղադրանքի մեջ գրված է, որ նրա որդուն վարչական պատասխանատվության չեն ենթարկել․ այնինչ չեն ենթարկել, որովհետև երբ քաղաքապետարանը վարչական վարույթ է հարուցել այդ ինքնակամ կառույցի վերաբերյալ, այդ ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է, դրա համար էլ նրա որդին վարչական պատասխանատվության չի ենթարկվել։
Երկրորդ՝ Բերդի համայնքապետին մեղադրում են, որ իր որդուն վարչական պատասխանատվության չի ենթարկել, այնինչ ինքը ոչ մի բան չէր կարող անել, որովհետև ինքն այդ հանձնաժողովում անգամ չի եղել՝ իր մերձավոր ազգականի նկատմամբ ինքը չէր կարող վարչական վարույթ իրականացնել, դա բացարկի հիմք է, հանձնաժողովն այլ կազմով է այդ վարչական վարույթն իրականացրել, և եզրակացություն է տվել, որ վաղեմության ժամկետն անցել է։ Այսինքն, համայնքապետի դեմ այս գործը, փաստաբանների համոզմամբ, լրիվ անհիմն է։
Հենց այս հարցը պետք է հաստատի կամ հերքի դատարանը՝ Հարություն Մանուչարյանը մեղավո՞ր է, թե՞ անմեղ, իսկ դատավոր Սամվել Մարդանյա՞նը դա կանի, թե՞ մեկ այլ դատավոր, արդեն պարզ կլինի հաջորդ դատական նիստին։
Աննա Բալյան