կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 15:41
Քաղաքական

Էս նեղ մաջալին՝ թանկացումնե՞ր, կառավարությունը թող տնտեսի ու ճոխությունների չգնա

Էս նեղ մաջալին՝ թանկացումնե՞ր, կառավարությունը թող տնտեսի ու ճոխությունների չգնա

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու հարցը, որով նախատեսվում է վերանայել ակցիզավորման ենթակա որոշ ապրանքների դրույքաչափերը, մասնավորապես` օղու, ծխախոտի, դիզվառելիքիր:

Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարց ուներ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա կարդացել է հիմնավորումները, բայց չի հասկանում` «էս նեղ մաջալին» ի՞նչ իմաստ ունեն նման թանկացումները` տեղական արտադրողին մեծ հարված հասցնելու տեսանկյունից:

«Առանց այդ էլ մենք գիտենք, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էժան գներով Հայաստան է ներմուծվում ռուսական էժան օղին, ինչի հետեւանքով տեղական արտադրողը լուրջ խնդիրներ ունի: Հիմա տեղական արտադրողի ակցիզները թանկացնում ենք, լավ, էս ո՞նց ա լինելու: Ունե՞ք գնահատականներ, թե ինչ ազդեցություն է ունենալու մեր շուկայի վրա: Օրինակ՝ տեղական արտադրողները հնարավո՞ր է` մարդկանց աշխատանքից ազատեն, ի՞նչ ազդեցություն կունենա դիզվառելիքի թանկացումը ու դոմինոյի էֆեկտի կբերի. հանրային տրանսպորտը կարող է թանկանալ»,- հարցրեց պագամավորը:

Վախթանգ Միրումյանը նշեց, որ օղու տեղական արտադրություն կա, կատարել են վերլուծություններ և պարզել, որ մտահոգությունների կարիք չկա. տեղական արտադրողը չի տուժելու:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ հանդիպել է գործարարների հետ, և նրանք սարսափած են. նրանց առևտրաշրջանառությունը 50 տոկոսով նվազել է, ու հիմա էլ` նման օրինագիծ: Պատգամավորը հարցրեց, թե այս օրինագծի ընդունման դեպքում բյուջեի եկամուտները որքանո՞վ են ավելանալու:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ այս նախագիծը բյուջեի եկամուտները ավելացնելու է 9 միլիարդ դրամով:

Ավելի ուշ իր ելույթում Էդմոն Մարուքյանը նշեց, որ դա շատ վիճահարույց օրինագիծ է, որովհետև եթե այն ընդունվի, նոր հարկային բեռ է նախատեսում, և ըստ էության` նոր թանկացումներ: «Սա սփոփիչ լուր չէ, թե օրենքը գործողության մեջ է մտնելու 2016-ից: Եթե այդքան ժամանակ դեռ կա, ուրեմն ինչո՞ւ եք բերել արտահերթ նիստով»,- ասաց պատգամավորը: Նա վստահություն հայտնեց, որ այս օրենքի նախագիծը մեծ վնաս է հասցնելու օղու, ծխախոտի` տեղական արտադրողին: Ըստ նրա` տնտեսական ծանր վիճակ է, ու կառավարությունը փորձում է ավելի շատ գումար հավաքագրել` հարկային բեռն ավելացնելու միջոցով` բերելով նման օրինագծեր:

Պատգամավորը տարակուսեց, որ կառավարությունը փոխանակ տնտեսումների ճանապարհով գնա, խնդիրները լուծում է հարկային բեռն ավելացնելու միջոցով: Եվ այդ ամենին գումարած՝ դոմինոյի էֆեկտով թանկացումները, օգոստոսի 1-ից՝ էլեկտրաէներգիայի թանկացումը: Նա նաև զարմանալի համարեց, որ այս օրենքի նախագծին կտրուկ դեմ են արտահայտվում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, ինչը նշանակում է, որ այս օրինագիծը չի արժանանալու խորհրդարանի աջակցությանը:

«Սա աննախադեպ թանկացումների է բերելու: Այդ 9 միլիարդ դրամը չարժե, որ այս օրինագիծն եք բերում, մի քիչ քիչ տուգանեք մարդկանց, ճոխություններ թույլ մի տվեք, կահույք մի գնեք, ԿԲ-ի համար շենքի մի կառուցոեք… Մի\' արեք նման բաները, հետո ասեք` բյուջեում ճեղքվածք կա, եկեք` օրենք ընդունենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա հավելեց, որ միանշանակ դեմ է քվեարկելու այդ օրենքի փոփոխությանը, ավելին` չի էլ պատկերացնում, թե կողմ քվեարկողներն ինչ են պատասխանելու ժողովրդին, թե ինչի՞ համար է դա արվել: «Սա խայտառակ բան է»,- եզրափակեց պատգամավորը: