կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-13 16:28
Քաղաքական

32 տարի առաջ սկսվեցին Բաքվի ջարդերը

32 տարի առաջ սկսվեցին Բաքվի ջարդերը

1990 թ․ հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Ազգային պատկանելության պատճառով տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի ու վտարվեց քաղաքից:

1988-1989 թթ. ընթացքում ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ, ինչը լուրջ հող նախապատրաստեց Ադրբեջանի մայրաքաղաքում հայ բնակչության ջարդերի համար: Հակահայկական այդ քարոզչությունը գլխավորում և ուղղորդում էին ադրբեջանցի մտավորականները, նրանք հանդես էին գալիս հայտարարություններով, որ Ադրբեջանում հայերը բարձր պաշտոններ են զբաղեցնում, հայերին են պատկանում քաղաքի ամենահարմարավետ տները: Քաղաքում ոչ ադրբեջանցիների տների վրա գրում էին, թե ինչ ազգության մարդիկ են ապրում. դրա նպատակը հայերին հեշտ հայտնաբերելն ու կոտորելն էր:

Այդ թվերից սկսած՝ հայերը վախենում էին անգամ տանից դուրս գալ, քանի որ ենթարկվում էին հարձակումների, ծեծի և թալանի՝ ամեն քայլափոխի: Այս ամենը կատարվում էր իրավապահ մարմինների բարձր հովանու ներքո, քանի որ հանցագործություն կատարողները չէին պատժվում իսկ շտապօգնության բժիշկների տված տեղեկանքների համաձայն՝ հայերի մահանում էին ոչ թե ծեծ ու ջարդից, այլ սրտանոթային հիվանդություններից:

1990թ. հունվարի 13-ին հայերի ջարդերը Բաքվում ընդունեցին համատարած բնույթ: Բռնությունների սկսվելու օրը քաղաքը լիքն էր ցուցարարներով, որոնք պահանջում էին իշխանության հրաժարականը: Այնուհետև նրանք, խմբեր կազմած, նախօրոք  բաժանված ցուցակներով մտնում էին հայերի տները ու դաժան ծեծի ենթարկում նրանց: Հայ բնակիչներին դուրս էին նետում պատուհաններից, սպանում երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարում կանանց, շատերին՝ ողջակիզում: Հայերի դեմ բռնությունների եւ ջարդերի ալիքն այնուհետեւ տարածվեց Բաքվի ռուս բնակչության, մասնավորապես՝ զինվորականների ընտանիքների դեմ, որոնց շրջանում եւս եղան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ:

Բաքվում կազմակերպված հայկական ջարդերին զոհ գնացածների ճշգրիտ թիվը դեռեւս պարզված չէ: Մի շարք ուսումնասիրողների կարծիքով այդ թիվը 400-ից անցնում է: Բռնությունների արդյունքում Բաքուն ամբողջովին հայաթափվեց: Բացառություն են կազմում խառն ամուսնությունների մեջ գտնվողները, որոնց թիվը կազմում է մի քանի հարյուր մարդ: Բաքվում հայերի ջարդերը իրենց դաժանությամբ և մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ էին, քան Սումգայիթի ջարդերը:

Ադրբեջանի իշխանությունները տեղի ունեցածը փորձում էին ներկայացնել որպես մասսայական անկարգություն: Մինչդեռ սպանությունները, կողոպուտները, բռնաբարությունները, ահաբեկումները հստակ պլանավորված էին:

1990 թվականին Բաքվում կատարվածը հայ խաղաղ բնակչության հերթական ցեղասպանությունն էր:

Նաև այսօր, երբ Հայաստանի իշխանությունը փորձում է «բարեկամանալ» Ադրբեջանի հետ, պետք է փաստել, որ Ադրբեջանում ոչ միայն չի նվազել հայերին սպանելու ցանկությունը, այլև այն ավելացել ու աջակցություն է գտնում ադրբեջանական պետության կողմից: