կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-23 11:56
Սպորտ

ԱԺ-ում թանկացումների մասին լսումները սկսվեցին տարաձայնությամբ` ԱՎԾ պետին հարց չեն կարող տալ

ԱԺ-ում թանկացումների մասին լսումները սկսվեցին տարաձայնությամբ` ԱՎԾ պետին հարց չեն կարող տալ

Խորհրդարանում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումներ: Նիստի մեկնարկը բուռն ստացվեց: Մինչ հիմնական զեկուցողները կներկայացնեին իրենց զեկույցները, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չեն կարող հարցեր ուղղել Ազգային վիճակագրության ծառայության պետ Ստեփան Մնացականյանին:

ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ նշեց, որ օրենքով սահմանված է`ԱՎԾ-ն չի կարող ներքաշվել քաղաքական քննարկումների մեջ, և որ նրա բնույթը բացառապես իրավիճակն ու թվերը ներկայացնելն է:

Փաշինյանը հակադարձեց, որ թվեր են ներկայացվելու և դրանց վերաբերյալ հարցեր կծագեն: «Այդ թվերը հրապարակվել են, բոլորս գիտենք: Եթե հարցեր չենք կարող տալ, ապա առաջարկում եմ՝ Ազգային վիճակագրական ծառայության պետը գնա իր գործերով»,- ասաց նա:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խնդրեց հանգիստ լինել: «Ես խնդրում եմ` հանգիստ: Այսքան մարդ հավաքվել է, որ մենք խնդիրներ լուծենք: Ոչ մի հարց անպատասխան չի մնա: ԱՎԾ պետը հնարավորություն կունենա ելույթի կամ ամփոփիչ խոսքի միջոցով անդրադառնալու բոլոր հարցերին»,- ասաց նա:

Փաշինյանը կրկին պնդեց իր տեսակետը` արդեն տեղից՝ առանց խոսափողի, ինչից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ բոլորն ունեն կարծիք արտահայտելու իրավունք, բայց մարդկային հարաբերություններն ու հարգանքը չի կարելի շփոթել տարբեր տեսակետներ ունենալու հետ:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էֆիաջյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կարևորել է լսումները և համարում է, որ պետք է լինի խորքային, բաց քննարկման հնարավորություն, խորքային հարցեր տալու հնարավորություն, ապա հարցեց՝ արդյո՞ք հանձնաժողովում քննարկվել է, որ պետք է վերապահումներով անցկացվեն լսումները:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց վերադառնալ կառուցողական դաշտ: «Հավաքվել ենք` երկխոսելու: Լսումներն էլ նրա համար են, որ բոլորը հնարավորություն ունենան բոլոր զեկուցողներին հարցեր տալու: Մենք ունենք հիմնական զեկուցողներ և հաղորդում տվողներ: Հարգելի' պարոն Փաշինյան, բոլոր հարցերին պատասխան տրվելու է: Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք, գնա»,- ասաց նա: