Փոխարժեքներ
16 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
168.am-ը գրում է․ «Վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չի փոխվի։ Այսինքն՝ կլինի այնքան, ինչքան հիմա է՝ 1000 խորանարդի համար՝ 165 դոլար։
Դրա փոխարեն կառավարությունը 10 տարի շարունակ տարեկան շուրջ 32 մլն դոլար պիտի վճարի «Գազպրոմի» կազմում գործող «Հրազդան-5» ընկերությանը՝ նախկինում չկատարված պարտավորությունների դիմաց։
Թվում էր, թե սրանով առաջիկա տարիների համար ներմուծվող գազի գնի կայունության խնդիրը լուծվում է։ Բայց պարզվում է՝ այնքան էլ այդպես չէ. այս ամենի մեջ կառավարությունը մի կարևոր դետալ թաքցրել է։ Խոսքը կալորիականությունից կախված գազի գնի փոփոխության մասին է։
Սահմանված 165 դոլար ներմուծման գինը վերաբերում է բացառապես մինչև 7900 կալորիականությամբ գազին։ Այնինչ՝ Հայաստանն ավելի բարձր կալորիականության գազ է ստանում։ Հիմա այն հասնում է 8300 կիլոկալորիայի։ Ավել կալորիաների համար պետք է հավելյալ գին վճարել։
Կառավարությունն արտաքուստ տպավորություն է ստեղծել, որ ներմուծվող գազի գինը չի բարձրանում, բայց իրականում բարձրանում է։ Բարձրանում է կալորիականության հաշվին, որը մինչև հիմա հաշվի չէր առնվում։ Անկախ կալորիականությունից, սահմանին նույն գինն էր վճարվում։ Հիմա արդեն կալորիականությունից կախված այն կբարձրանա։ Ֆիքսված 165 դոլար գինը վերաբերում է մինչև 7900 կիլոկալորիա գազին։
Այս փոփոխությունը նախատեսվում է կիրառել արդեն ապրիլից։ Այն գազի ներմուծման գնի վրա կունենա, մոտավոր հաշվարկներով, 8 դոլարի կարգի կամ գրեթե 5 տոկոսի ազդեցություն։
Եթե 7900 կալորիականության գազի ֆիքսված գինը 165 դոլար է, ապա 8300 կալորիականությանը կլինի շուրջ 173 դոլար։ Այդ գումարը ներքին սակագների բարձրացման միջոցով ստիպված են լինելու վճարել սպառողները։
Այլ բան է, թե ինչպես պիտի սպառողը համոզված լինի, որ ստանում է հենց 8300 և ոչ թե 7900, ավելի ցածր կամ ավելի բարձր կալորիականության գազ։ Սա խնդիր է, որը Հայաստանում միշտ էլ եղել է։ Հավանաբար նաև դա էր պատճառը, որ մինչև հիմա կալորիականությունից կախված գների ձևավորման մեխանիզմը չի գործել։
Գազի կալորիականության ստուգումներն ամենուրեք չէ, որ հնարավոր է անել։ Նման լաբորատորիա ունի գազամատակարար ընկերությունը։ Բայց հասկանալի պատճառներով, բոլորը չէ, որ կարող են վստահություն ունենալ դրա նկատմամբ։
Ինչևէ, կալորիականության հետ կապված՝ սպասվում է սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայում ու բարձրացում։
Սահմանին կպահպանվի գազի գինը, բայց ներսում այն, միևնույն է, թանկանալու է։
Սա կառավարության հերթական խորամանկությունն է, որից տուժելու է սպառողը։ Ի՞նչ տարբերություն սպառողի համար՝ սահմանին գազի գինը բարձրանո՞ւմ է, թե՞ չի բարձրանում, եթե դա, միևնույն է, հանգեցնելու է ներքին սակագնի ավելացման։
Եվ ոչ միայն կալորիականության պատճառով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ կան նաև այլ գործոններ, որոնք ևս թողնելու են իրենց ազդեցությունը։
Հաշվի առնելով այդ ամենը՝ սպասվում է, որ «Գազպրոմ Արմենիան» շուտով սակագների բարձրացման հայտ կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովին։ Դա կարող է լինել առաջիկա օրերին կամ ամենաուշը փետրվարին, որովհետև կալորիականության հաշվարկը սկսելու է գործել արդեն այս տարվա ապրիլի 1-ից։
Ինչպես հայտնի է, սակագնային հայտի ուսումնասիրության համար Հանձնաժողովին 3-3,5 ամիս ժամանակ է տրված։ Բայց եթե նախատեսում են նոր սակագները կիրառել արդեն ապրիլի 1-ից, դրանք մինչև փետրվարի վերջ պիտի հաստատված լինեն Հանձնաժողովի կողմից։
Կարող է լինել նաև այնպես, որ նոր սակագները սկսեն գործել տարվա երկրորդ կեսից։ Հատկապես որ, գազամատակարարման ոլորտում սակագնային տարին այդ ժամանակ է սկսվում։
Թե նոր իրավիճակում ինչքանո՞վ կարող է բարձրանալ գազի սակագինը, առայժմ հայտնի չէ։ Պետք է սպասել «Գազպրոմ Արմենիայի» հայտին։
Ամեն դեպքում, հաշվի առնելով այն բոլոր գործոններ, որոնք կան և որոնք ազդում են սակագների վրա, դա բավական շոշափելի կարող է լինել ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսության վրա։ Անշուշտ, սոցիալական խոցելի խավի համար որոշակի սահմաններում սակագինը կմնա նույնը, իսկ մյուսների դեպքում կբարձրանա։
Անցած տարվա համատարած թանկացումներից հետո գազի սակագնի բարձրացումը ևս մեկ լրացուցիչ ճնշում կլինի սոցիալական իրավիճակի վրա։ Արդեն հայտնի է, որ հանրային ծառայությունների մյուս ոլորտներում սակագների բարձրացումներն ավելի շուտ են մեկնարկելու։ Խմելու ջուրը 11 տոկոսով թանկացել է հունվարի 1-ից։ Փետրվարի 1-ից էլ կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը՝ կրկին 11 տոկոսով։ Շուտով դրանց կավելանա նաև գազի սակագնի բարձրացումը։
Հանրային ծառայությունների, և հատկապես՝ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը բերելու է գնաճի լրացուցիչ ճնշման՝ տնտեսության ու հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներում։ Դրան արդեն սպառողները կբախվեն այն ժամանակ, երբ նոր սակագները համատարած մտնեն գործողության մեջ։ Գնաճային այն դրսևորումները, որոնց անցած տարի առնչվեցին սպառողները, կապված էին նաև հանրային ծառայությունների սակագների այն բարձրացումների հետ, որոնց տնտեսությունը բախվեց վերջին 1-2 տարիներին։ Տնտեսության վրա էներգետիկ սակագների բեռն ավելացրին, ինչն էլ աստիճանաբար փոխանցվեց սպառողական շուկա՝ ապրանքների գների բարձրացման տեսքով։
Նույնը, ըստ էության, կլինի հիմա։ Կտուժի ոչ միայն սպառողը, այլև տնտեսությունը։
Մեր տնտեսության մրցունակությունը միշտ էլ ցածր է եղել։ Վերջին տարիներին այն ավելի է կորցնում մրցունակությունը։ Մի կողմից՝ ավելանում է ֆինանսական ծանրաբեռնվածությունը, մյուս կողմից՝ ներդրումների բացակայության հետևանքով չի իրականացվում տեխնիկական վերազինում։ Հետևանքը լինելու է ոչ միայն բնակչության աղքատացումն ու սոցիալական իրավիճակի վատթարացումը, այլև տնտեսության դիմադրողականության անկումը, այդ թվում, ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին շուկայում»։