կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-03 18:13
Քաղաքական

Նոր զարգացումներ Վարդենիսից․ ՔՊ-ականները դիմել են դատարան, իսկ ընդդիմադիրները երդման ծանուցում են ստացել

Նոր զարգացումներ Վարդենիսից․ ՔՊ-ականները դիմել են դատարան, իսկ ընդդիմադիրները երդման ծանուցում են ստացել

Վարդենիսում նորընտիր ավագանու ՔՊ-ական անդամները հավաքվել են համայնքապետարանի նիստերի դահլիճում ու մի քանի վարդենիսցիների առջև քննադատում են ավագանու ընդդիմադիր անդամներին և հայտարարում, որ անվավեր է դեկտեմբերի 30-ին կայացած համայնքապետի ընտրությունը, որտեղ համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր թեկնածուն՝ Ահարոն Խաչատրյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ահարոն Խաչատրյանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ՝ 14 քվեով, ավագանու առաջին նիստում, որտեղ քվորումն ապահովված էր, քանի որ ընդդիմադիրները 50+ մանդատ ունեն։ Բոլոր օրինական ընթացակարգերը պահպանվել են, բայց ավագանու ՔՊ-ական անդամները հայտարարում են, որ նիստն անվավեր է եղել, քանի որ սկսվել է մի փոքր ուշացումով՝ ո՛չ ժամը 11-ին, երբ նախատեսված էր։

Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Վարդան Մարգարյանը Yerkir.am-ին ասաց՝ սա անհեթեթ պատճառաբանություն է, որովհետև ավագանու ընդդիմադիր անդամները համայնքապետարանում գրանցվել են 11-ից 15 րոպե պակաս, այսինքն՝ սահմանված ժամին, իսկ նիստը ուշացումով են սկսել, քանի որ ՔՊ-ական Արամ Մելքոնյանը կոնֆլիկտ հրահրեց, որի հետևանքով նրան տարան ոստիկանություն, իսկ ավագնու ընդդիմադիր երկու անդամներին իրենք մեծ դժվարությամբ թույլ չտվեցին, որ տանեն։ Այդուհանդերձ, նիստը կայացավ օրինական բոլոր ընթացակարգերին համապատասխան, քվեարկությունը տեղի ունեցավ և համայնքապետ ընտրվեց Ահարոն Խաչատրյանը։

ՔՊ-ականները այսօրվա հավաքում հայտարարեցին, որ դիմել են վարչական դատարան՝ դեկտեմբերի 30-ի նիստը, որտեղ համայնքապետ է ընտրվել Ահարոն Խաչատրյանը, անվավեր ճանաչելու պահանջով։  

Մինչդեռ Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները պատրաստվում նրա՝ վաղվա երդմնակալությանը․ համայնքապետարանի գլխավոր քարտուղար Ռաֆիկ Զարոյանն արդեն երդմնակալության օրվա և ժամի մասին ծանուցումն ուղարկել է։

«Վաղը լինելու է երդմնակալությունը, չգիտենք՝ դատարանից ծանուցում կստանանք, թե չենք ստանա, բայց այսօրվա դրությամբ համայնքապետի գլխավոր քարտուղարը ծանուցում է ուղարկել, որ վաղը ժամը 11-ին Վարդենիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա համանքի ղեկավարի երդմնակալության արարողությունը։ Մենք ստացել ենք՝ այս պահին մեր ձեռքին դա կա։ Իրենք կմասնակցեն, չեն մասնակցի՝ էնքան էական չէ, որովհետև մենք ապահովելու ենք 50+ ներկայություն և քվորում լինելու է նիստն անցկացնելու համար»,-ասաց Վարդան Մարգարյանը։

Ռաֆիկ Զարոյանի կողմից ուղարկված այս ծանուցման ճանապարհը հարթ չի եղել․ դեկտեմբերի 30-ին ՔՊ-ականները նրան առևանգել էին նիստերի դահլիճից ու մեկուսացրել նախ՝ զուգարանում, ապա՝ աշխատասենյակներից մեկում, որպեսզի չարձանագրի ընդդիմության նիստը և չստորագրի արձանագրությունը։ Ընդդիմադիրներն էլ տարիքով ավագին լիազորեցին վարել նիստը, ընտրեցին համայնքապետին, և նիստի արձանագրությունն ու քվեարկած քվեաթերթիկների պատճեները փոստով ուղարկեցին համայնքապետարանի գլխավոր քարտուղարին։ Գլխավոր քարտուղար Ռաֆիկ Զարոյանը հենց այս՝ փոստով ուղարկված փաստաթղթերի հիմքով էլ ծանուցել է երդմնակալության օրվա և ժամ մասին։

Ավագանու ՔՊ-ական անդամներն այսօր հավաքվել են՝ հայտարարելու, որ եթե ընտրությունն օրինական էր, թող ևս մեկ անգամ ընտրություն կազմակերպեն և նորից ընտրեն նույն մարդուն՝ Ահարոն Խաչատրյանին։ Ընդդիմադիրները, սակայն, հակադարձում են, որ իրենք արդեն ընտրել են՝ այն էլ տարբեր սադրանքների ու բռնաճնշումների պայմաններում և որևէ պատճառ չկա նորից ընտրելու։

«Ասում են՝ եթե վստահ եք ձեզ վրա, որ արդեն կրել եք՝ եկեք նորից գնանք ընտրության․ դե, մենք արդեն ընտրել ենք, գիտեք մի ձայնը ինչ պայմաններում պակասեցրին մեզանից՝ համանքապետի մեր թեկնածուին կալանավորեցին, նա էլ հրաժարվեց մանդատից, որն անցավ ցուցակի հաջորդ համարին ու ձայների քանակը վերականգնվեց, նորից այս պահին մի ձայնով ավել ենք, խի մենք ի՞նչ է՝ խաղ ե՞նք խաղում, թե՞ տունտունիկ ենք խաղում»,-ասաց Վարդան Մարգարյանը։

ՔՊ-ականները այլընտրանքային նիստ անել և սեփական համայնքապետ ընտրել չեն կարող՝ 13 մանդատով քվորում ապահովել հնարավոր չէ։ Նրանք էլ ընտրել են վարդենիսցիներին համայնքապետարանի բակում հավաքելու և բողոքելու տարբերակը։ Վարդենիսցիները, սակայն, չեն հավաքվել, ընդամենը մի քանի հոգի է եկել․ Վարդան Մարգարյանը կարծում է՝ հենց այս պատճառով են այդ մի քանի հոգուն ներս հրավիրել։

«Ուզեցել են միտինգ անել, մարդ չի հավաքվել, մտել են դահլիճը, մեկը մեկին շախի են գցում, դուխ են տալիս»,-ասաց նա։

Իսկ ընդդիմադիրները պատրաստվում են վաղը ժամը 11-ին մասնակցել ընտրված համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությանը։

Աննա Բալյան