Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.64 |
EUR | ⚊ | € 407.41 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 489.94 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Խափանման միջոց կալանավորումը եւ քրեական գործերը սկսել են օգտագործվել որպես այլախոհությունը ճնշելու միջոց։ Այս մասին «Հայելի»-ին տված հարցազրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ սա շատ վատ միտում է, վատ է, երբ իշխանությունները հակափաստարկների փոխարեն փորձում են ճնշում գործադրել՝ օգտագործելով ուժային կառույցները։ 2018 թվականից նման փորձեր եղել են, բայց հիմա դրանք շատացել են, եւ դատարաններն ավելի շատ են ներգրավվում գործընթացում, ավելի հանդուրժող են դարձել իշխանությունների նման պահվածքի հանդեպ։ «Նախկինում դատարաններն ավելի անհանդուրժող էին կալանքների այսպիսի անհիմն միջնորդությունների հանդեպ, փորձում էին օրենքը չխախտել։ Այժմ դատական համակարգն ավելի ենթակա է գործադիր իշխանությանը։ Որոշ դատավորներ դեռ չենթարկվելու համարձակություն ունեն, բայց ակնհայտ է համակարգի վրա ճնշումը, դրա մասին են վկայում այն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները, ովքեր չեն ցանկանում ենթարկվել եւ ինքնուրույն են գործում»,- ասաց Ալումյանը։ Փաստաբանը կանխատեսեց, որ սա բումերանգ կդառնա դատարանների վրա ճնշում գործադրելու փորձ կատարողների դեմ։
Խոսելով Բարձրագույն դատական խորհրդի որոշումների մասին՝ Ալումյանը նշեց, որ այն միայն Գագիկ Ջհանգիրյանից չի կազմված, եւ խորհրդում կան շատ արժանի մարդիկ։ Զարմանալի է, երբ նրանցից ոմանք դառնում են կատարվողի մասնակից, հավելեց փաստաբանը։ «Բայց չմոռանանք, որ գործընթացը չէր լինի առանց արդարադատության նախարարի գործուն մասնակցության, քանի որ նա է կարգապահական վարույթի նախաձեռնողը»,- ընդգծեց փաստաբանը՝ գործընթացները գնահատելով ծայրահեղ անառողջ։