Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է ԼՂ խնդրի շուրջ ձևավորված զարգացումներին: Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան նախագահների հաջորդ հանդիպման ժամանակ, որը պետք է տեղի ունենա Փարիզում, որևէ փաստաթուղթ ստորագվի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ, Կիրո Մանոյանը նշեց, որ կարևոր հարցերից մեկն այն է, որ համապարփակ պայմանագիրը չստորագրվի, մինչև չլինի համաձայնություն այն հիմնարար սկզբունքների վերաբերյալ, որոնք առաջարկվել էին Մինսկի Խմբի կողմից:
Կիրո Մանոյանի համոզմամբ` եթե լինի ինչ-որ համաձայնություն ինչ-որ փաստաթղթի շուրջ Փարիզում, ապա դա նախ պետք է լինի այդ սկզբունքների շուրջ: Իսկ եթե որոշվի մշակել համապարփակ պայմանագիրը, դա կարող է հանգեցնել Հայաստանի վրա ավելի մեծ ճնշումների, որպեսզի Հայաստանը գնա փուլային կարգավորման:
«Եթե սկզբունքների շուրջ համաձայնություն լինի, Ադրբեջանը ճանաչի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա հնարավորություն կտա շարժվել առաջ, բայց մոտ ապագայում չեմ կարծում, որ կստորագրվի նման պայմանագիր, որովհետև դա կնշանակի, որ Ադրբեջանը համաձայնվում է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, որ պետք է լինի փուլային լուծում: Ահա ինչու ես չեմ սպասում դրական արդյունք նախագահների միջև հանդիպումից, սակայն, եթե հաջողվի միջնորդներին համոզել Ադրբեջանին ընդունել սկզբունքները ու անցնել համապարփակ պայմանագրի մշակմանը, այդ ժամանակ Հայաստանի վրա ճնշումները կշատանան, որովհետև կսկսվի փուլային կարգավորումը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Ըստ Կիրո Մանոյանի, մինչև հիմա մոտեցումը եղել է հետևյալը, որ սա փաթեթային լուծում պետք է լինի` փուլային կիրառմամբ, և կա մտահոգություն, որ առանց փաթեթային լուծման ու առանց սկզբունքների շուրջ համաձայնության, ճնշում կգործադրեն Հայաստանի վրա, որ վերջինս գնա փուլային կարգավորման:
Կիրո Մանոյանը կարծում է, որ ԼՂ հարցում քաղաքականության փոփոխության առիթ կարող են դառնալ առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
Yerkir.am-ի հարցին, ինչով է պայմանավորված Լավրով-Մամեդյարով ԼՂ հարցի կարգավորման հետ կապված լավատեսական հայտարարություններն այն մասին, որ երբևէ այսքան մոտ չեն եղել ԼՂ հարցի կարգավորմանը, Կիրո Մանոյանը նշեց. « Իսկապես անհասկանալի է Լավրովի այդ լավատեսությունը, և եթե դրան ավելացնենք Լավրովի հայտարարությունը փուլային կարգավորման վերաբերյալ, այդ ամենը դառնում է մտահոգիչ, քանի որ դրանք Հայաստանի վրա ճնշումներն ավելացնելու ազդանշաններ են, այն է` եկեք այս փուլային լուծմանը համաձայնվեք: Ահա ինչու Լավրովի անհասկանալի լավատեսությունը մտահոգիչ է»:
Հարցին, թե ինչպիսին կլինի պաշտոնական Երևանի վարքագիծը այդ դեպքում, Կիրո Մանոյանը նշեց. «Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց կլինի, իրավիճակը կձգվի մինչև խորհրդարանական ընտրություններ, որից հետո կորոշվի, թե ինչպես կփոխվի ԼՂ կարգավորման ուղղությամբ քաղաքականությունը: Մինչ խորհրդարանական ընտրությունները կարող են առաջանալ ներքին անհանգստություններ, 98թ-ի օրինակով, երբ նախագահին ստիպեցին հրաժարական տալ, բայց ես դրա հավանականությունը չեմ տեսնում»,- ասաց Կիրո Մանոյանը: