կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 16:31
Քաղաքական

Անձին ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը մերժվել է

Անձին ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը մերժվել է

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում, Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ, քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածը: Նշվել է, որ հոդվածում օգտագործվում են անորոշ եզրույթներ, որոնք թույլ չեն տալիս հասցեատերերին համապատասխանեցնել իրենց վարքագիծն այդ պահանջներին: Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝ ՍԴ-ում վիճարկվում է այս օրենքների սահմանադրականությունը: Պատգամավորի համոզմամբ՝ այս օրենքներում կատարված փոփոխությունները հակասում են Սահմանադրությանը և Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին: Աղվան Վարդանյանը հավելել է, որ օրենսդրությունը չի հետապնդել Սահմանադրությամբ սահմանված որեւէ նպատակ, այլ սպառնալիքով փորձ է արվում սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը հատկապես հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ` ոչ իրավաչափ կերպով սահմանափակելով խոսքի ազատությունը:

Հանձնաժողովի նախագահը փորձել է պարզել, թե որոնք են նշված հոդվածի անորոշ եզրույթները: Ըստ Աղվան Վարդանյանի՝ «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը» եզրույթներում կա անորոշություն և անհստակություն, ինչը թույլ չի տա անաչառ գործընթացներ իրականացնել: 

Հարակից զեկույցում Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից հետո հատկապես սոցիալական ցանցերի տիրույթում թույլ են տրվել ծայրահեղ անպարկեշտ արտահայտություններ, և այս երևույթի դեմ պայքարելն անհրաժեշտություն էր, քանի որ դրանք ունեին կրիմինալ ազդեցություն: Պատգամավորի գնահատմամբ՝ խոսքի ազատությունը երբեք, որևէ հասարակությունում և որևէ հանգամանքում չի եղել բացարձակ: Ըստ նրա՝ խնդիրներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ քաղաքացին կորցրեց վստահությունը ժողովրդավարական եւ ընտրական գործընթացների նկատմամբ: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է ձեռնպահ մնալ նախագծին կողմ քվեարկելուց:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի իրավակարգավորումները ոչ միայն ուղղված չեն խոսքի ազատությունը սահմանափակելուն, այլ հակառակը՝ կարող են ստեղծել խոսքի ազատության իրավունքի առավել լավ երաշխավորման եւ պատշաճ իրացման համար անհրաժեշտ միջավայր: Կառավարության դիրքորոշման մեջ քննարկվող հոդվածի՝ Սահմանադրությանը անհամապատասխանության մասով նշված է, որ դրա 42-րդ հոդվածի 3-րդ մասը թույլատրելի է համարում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումը միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Փոխնախարարը մանրամասնել է առաջարկվող բոլոր դրույթների վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը: Գործադիրն առաջարկում է գործող օրենսգրքերի հոդվածները թողնել անփոփոխ:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում և ելույթներում անդրադարձել են օրենսդրական փաթեթի հիմնավորման դրույթներին, մասնավորապես, վերոնշյալ օրենքների հակասահմանադրական լինելու վերաբերյալ դիտարկումներին: Հստակեցվել է, որ 137.1 հոդվածի կարգավորումը չի վերաբերում միայն պաշտոնատար անձանց: Անդրադարձ է եղել վիրավորանքի, հայհոյանքի և ծայրահեղ վիրավորանքի տարբերակմանը, իրավակիրառ պրակտիկայում պատահած դեպքերին: Օրենսդիրի ներկայացուցիչները միակարծիք են եղել, որ վիրավորանքն ու հայհոյանքն անընդունելի են:

Քննարկումների արդյունքում օրենսդրական առաջարկը չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: