կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 12:25
Քաղաքական

Ինչո՞ւ ընտրել Դաշնակցությանը. փաստաբանի դիտարկումները

Ինչո՞ւ ընտրել Դաշնակցությանը. փաստաբանի դիտարկումները

Վերջին ամիսներին փորձում էի տիրապետել «թքած ունենալու նուրբ արվեստին», սակայն հասկացա, որ հայ սպային վայել տոտեմը խխունջը չէ, ու թեեւ ինձ քաղաքական հարցերում երբեք գրագետ չեմ համարել, սակայն Դաշնակցությունն ինձ համար միշտ եղել է քաղաքական օրակարգից վեր սուբստանցիա, այդ իսկ պատճառով կփորձեմ պատասխանել՝ խոսքս ուղղելով հայի իմ՝ գիտակից տեսակին՝ զինվորականից մինչեւ մտավորական, բժշկից մինչեւ շինարար ու այգեգործ, հայի «Հայ» տեսակին։ 

Հայաստանում անցկացված վերջին տխրահռչակ ընտրություններից անցել է 5 ամիս, հետեւաբար՝ հարցը չի վերաբերում քաղաքական եւ իրավական ընտրությանը։ Այս օրհասական պահին Դաշնակցությանն ընտրել է պետք մտքով եւ սրտով՝ գիտակցելով եւ հավատալով։ Դաշնակցություն բառի եւ մեր պատմության հետեւյալ էջերի եւ անունների միջեւ կարելի է դնել հավասարության նշան. 1894 ու 1904 թթ. Սասնո ապստամբություններ, Առաքելոց վանքի ու Սուլուխի կռիվներ, Անդրանիկ, Գեւորգ Չավուշ, Սերոբ, Արաբո, Հրայր Դժոխք, 1903-1905թթ. Հայ Առաքելական Եկեղեցու գույքի պաշտպանություն, 1905-1906թթ. Հայ-թաթարական բախումներ եւ հաղթանակներ բախման բոլոր օժախներում, Արմեն Գարո, Դուման, Բաքվի նահանգապետ Նակաշիձեի սպանություն Դրոյի կողմից (այս փաստը թող չմոռանան ալիեւն ու իր հայկական դրածոները), Օտտոմանյան բանկի գրավում, 1915թ. Վանի հերոսամարտ եւ հաղթանակ, Առաջին Աշխարհամարտի տարիներին կամավորական շարժում, եւ մասնակի վրիժառություն թուրքից (օրինակ՝ Երզնկայում Սեբաստացի Մուրադի կողմից), Սարդարապատի հերոսամարտ եւ ՀՀ ստեղծում, Լոռին եւ Սյունիքը ՀՀ կազմում պահելը, Դրո, Նժդեհ, Արամ Մանուկյան, Խանասորի Վարդան, Փիրումյան եղբայրներ, Ռոստոմ, «Նեմեսիս» ու Շիրակյան, Երկանյան, Թեհլիրյան, Սփյուռք ու հայապահպանություն, JCAG (Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ) եւ Հայ Հեղափոխական Բանակ, Լիսբոն 5 եւ Վան օպերացիա, Համբիկ Սասունյան ու Գոգո Սալիպա, Շուշիի առանձնակի գումարտակ եւ Թաթուլ, Շահեն, Բեկոր, Պետո, Սպիտակ Արջ, Դուշման, Հրազդանցի Մհեր, երեք կամավորական գումարտակ եւ միակ հաղթական մարտը 44-օրյա պատերազմում։ 

Թվարկածս էջերն ու անունները մի մասն են այն հերոսական հավաքական կերպարի, որ կոչվում է ՀՅԴ։ 

ՀՅԴ-ն, ըստ էության, վերջին 131 տարիների ընթացքում հայոց արհավիրքների ծովում առկա եզակի կղզու վրա վեր խոյացող այն «հաղթական կամարն» է, որին նայելիս հայը հիշում է, որ իր առջեւ ճամփան բաց է, եթե ինքը հրով ու սրով է զինված, եւ ոչ մի թալեաթ երկար չի փախչելու հայի վրեժից։ (Ոչ ոք չփորձի խոսել թերացումներից ու որոշ առանձին անհատների՝ ՀՅԴ-ին ոչ վայել պահվածքից. վագրի վրա կան բազմաթիվ բծեր, սակայն նա դրանով չի դադարում լինել ամենահզոր տիրակալը ջունգլիների):  

Նշածս էջերը թերթելով, անունները վերհիշելով եւ դեպքերը վերապրելով՝ յուրաքանչյուր իսկական հայ իր մեջ գտնում է իր վահագնածին փոքր դաշնակցականին ու հասկանում, որ այս ազգին ՀՅԴ-ն բոլոր պարտքերը վճարել է լուրջ ավանսով։

1995 թվականին, երբ տարերային թափով հոշոտվում էր Հայրենիքը, ՀՅԴ-ն ընդվզեց, դուրս ելավ զինված պայքարի եւ մինչեւ 1998 թ. անցկացրեց ճաղերի հետեւում, խոնավ բանտախցերում։ Հայ ժողովուրդն այն օրերին լուռ դիտորդ էր։ Այսօր եւս, երբ ժամը վրա հասնի, ՀՅԴ-ն ժայթքելու է որպես հայոց ցասումի հրաբուխ։ Այդ պահին պետք է կատարվի իրական ընտրությունը՝ մեր ազգն իր քար անտարբերությամբ սառը ջուր է լցնելու այդ հրաբխի խառնարանը կամ լավայի շիթերն ուղղորդելու է դեպի մեր թշնամիները՝ ներքին թե արտաքին։ Հիշե՛ք, եթե թուրք նշանակում է բազում թրեր՝ խրված հայի սիրտը, ապա «դաշնակն» այն փոքր դաշույնն է, որը հասցնում է պատասխան հարվածը թուրքի կոկորդին։ 

Ամրացրե՛ք հարվածող բազուկը ձեր ընտրությամբ։

Դաշնակցությունը ստեղծված է այդ հարվածի համար եւ ուշ թե շուտ հարվածելու է, իսկ հարվածի ուժգնությունն արդեն կախված է ազգի կամքից։ 

Հ.Գ. ՀՅԴ-ն միշտ ղեկավարվել է կոլեգիալ մարմնի միջոցով, ու այս պահին կոլեգիալ մարմինն այն բոլոր հայերի միասնությունն է, ովքեր իրենց սրտում գտել են իրական՝ Նեմրութի լանջերին ծնած եւ հայոց ցասումի դարբնոցում թրծված ազգային ոգին։ 

Գրիգոր Պողոսյան

իրավաբան, փաստաբան