Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
(սեպտեմբերի 8-30, 2021թ.)
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակ
ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի hիմնադրումից (սեպտեմբերի 2) կարճ ժամանակ անց “Sosé & Allen’s Legacy” հիմնադրամը Հայ դատի Կենտրոնական խորհրդին կատարեց նպատակային նվիրատվություն՝ ուղղված Արցախի նորահաստատ գրասենյակի գործունեության ապահովմանը։ Նվիրատու հիմնադրամն առաջիկա հինգ տարիների ընթացքում հոգալու է նաև Արցախի գրասենյակում երիտասարդների վարժողական ծրագրերի իրականացման ֆինասական ծախսերը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը սեպտեմբերի 13-ին ընդունեց Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, մեր ժողովրդի մեծ բարեկամ, Բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես տարածաշրջանային քաղաքական գործընթացները և այդ համատեքստում Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Հատուկ անդրադարձ կատարվեց Թուրքիայի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացի անընդունելիությանը։ Ընդգծվեց` փորձ է արվում այդ գործընթացներն իրականացնել միջազգայնորեն ընդունված կարգավորումները շրջանցելով, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներով և ուղղակի ռազմական սպառնալիքով։
Հատուկ ուշադրության է արժանացել Արցախյան հիմնահարցի ներկա հանգրվանը, քննարկվել են Արցախի Հանրապետությանը, ժամանակավորապես տեղահանված անձանց և ռազմագերիների ազատության խնդրին վերաբերող հարցեր։ Այս ուղղություններով նախանշվել որոշ ծրագրեր։
Ամերիկայի Միացյալ նահանգներ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների մեծ մասը վերջերս արտացոլվել էին «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում՝ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջադրված թվով ութ օրենսդրական փոփոխությունների միջոցով։ Այդ օրենսդրական փոփոխությունների ընդունման ուղղությամբ էլ Հայ դատի հանձնախումբը կենտրոնացրել էր աշխատանքները սեպտեմբեր ամսվա ընթացքում։
Առաջադրված փոփոխությունները ենթադրում էին Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական և ֆինանսական օժանդակության դադարեցում, ԱՄՆ կառավարության համապատասխան մարմիններից տեղեկատվության պահանջում, թե արդյո՞ք ԱՄՆ ռազմական օժանդակությունից օգտվող պետություններն իրականացրել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, Արցախում ԱՄՆ հումանիտար և զարգացման աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ վերադարձ, թուրքական արմատական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության արգելք, զեկույց պաշտպանության քարտուղարից՝ թուրքական անօդաչուներում կիրառված ամերիկյան տեխնոլոգիաների վերաբերյալ՝ այն հարցադրմամբ, թե խաղաղ բնակչության դեմ ամերիկյան ռազմական արտադրանքի օգտագործումը արդյո՞ք չի խախտում ԱՄՆ օրենսդրությունը։
Վերոգրյալի շրջանակներում, սեպտեմբերի 22-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դեպքերը։ Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։
Արդեն օրեր անց, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդհանուր առմամբ ընդունեց մեզ համար կարևոր 8 փոփոխություններից 5-ը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքը՝ հասնելու իր քաղաքական առաջնահերթությունների ամբողջական բավարարմանը։
Սեպտեմբերի կեսերից Հայ դատի Ամերիկիայի հանձնախումբը սկսեց իր հանրահայտ «մայրաքաղաքային դարպաս» (Capital gateway) կրթական ծրագիրը։ Այդ դասընթացն ավարտած հարյուրավոր շրջանավարտներ աշխատում են Սպիտակ տանը, Կոնգրեսում, դաշնային գործակալություններում, Համաշխարհային բանկում, ուղեղային հայտնի կենտրոններում, խոշոր լրատվամիջոցներում և շատ այլ հեղինակավոր կազմակերպություններում:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սեպտեմբերի 28-ին կայացել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրված սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածության լսումները։ Վերջինս հայտնի է նախկինում Հայոց ցեղասխանության ճանաչման բանաձևին դեմ քվեարկելով։ Լսումների ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, հաշվի առնելով Սենատի կողմից 2019թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, Ջ․ Ֆլեյքին հարցրել է, թե արդյո՞ք վերջինս միանում է Սենատին և Սպիտակ տան վարչակազմին՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, ինչին դեսպանի թեկնածուն դրական պատասխան է տվել։
Կանադա
ՀՅԴ Հայ Դատի Կանադայի հանձնախումբը 2021թ․ սեպտեմբերի 21-ին հատուկ հաղորդագրություն է հրապարակել, որով, ի թիվս այլնի կանադական կառավարությունից պահանջել է Երևանում դեսպանություն հիմնել՝ նկատելով, որ Կանադան «Մեծ յոթնյակի» միակ երկիրն է, որ Երևանում ռեզիդենտ դեսպանություն չունի։ Ըստ հանձնախմբի՝ այդ հանգամանքն էականորեն կաշկանդել է ինչպես Հայաստանի զարգացմանը և ժողովրդավարական գործընթացներին նպաստելու՝ Կանադայի հանձնառությունը, այնպես էլ վերջինիս դիվանագիտական ներկայությունը տարածաշրջանում, հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում։
Հաղորդագրության մեջ առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրին՝ ընդգծելով ադրբեջանաթուրքական գործողությունների բնույթը, միջազգային հանրության անտարբերությունը, ինչն էլ պատճառ դարձավ, որ Ադրբեջանը հարձակումներ գործի Հայաստանի և Արցախի նկատմամբ։
Ավստրալիա
Ավստրալիական պետական SBS հեռուստաալիքը, պաշտոնապես ներողություն է խնդրել երկրի հայ համայնքից՝ Արցախի վերաբերյալ թյուր տեղեկատվությունների հանրայնացման համար։ Մասնավորապես շաբաթներ առաջ լրատվական գործակալությունը հրապարակում էր արել, որոնցում Արցախի ականապատ տարածքների վերաբերյալ ներկայացվել էր սխալ տեղեկատվություն և մեղադրանքներ էին ուղղվել հայկական կողմի հասցեին։ ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը, ավստրալահայ համայնքի անունից բողոքի ալիք բարձրացրեց, ինչից հետո գործակալության պաշտոնյաները ներողություն խնդրեցին հայ համայնքից։
Հայաստանի անկախության 30 ամյակի կապակցությամբ՝ ավստրալիացի առավել քան մեկ տասնյակ հայտնի քաղաքական գործիչներ, որոնց թվում ֆեդերալ և նահանգային օրենսդիրներ, շնորհավորական տեսաուղերձներ են հղել ավստրալահայ գաղութին և ընդհանրապես հայ ժողովրդին՝ հատկանշելով մեր ժողովրդի ներկա մարտահրավերներն ու վճռականությունը։
Ֆրանսիա
ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը սեպտեմբերի 26-ին բողոքի ցույց կազմակերպեց Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջև։ Ցուցարարները նախ դատապարտեցին ադրբեջանական ագրեսիան և պահանջեցին հայ ռազմագերիների վերադարձ, ապա Արցախին օժանդակություն ապահովելու վերաբերյալ պահանջներ ներկայացրեցին Ֆրանսիայի կառավարությանը։ Ցուցարարները դժգոհում էին Հայաստանին ու Արցախին տրամադրվող անբավարար օժանդակության առթիվ։
Կիպրոս
Սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքային այցով Կիպրոսում էր գտնվում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։ Վերջինս, ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախագահ Հակոբ Կազանչյանի, քաղաքական հանդիպումներ է ունեցել Կիպրոսի քաղաքական շրջանակների հետ։ Մասնավորապես՝ «ՏԻԿՕ» կուսակցության նախագահ Նիկոլաս Պապատոպուլոսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի հետպատերազմական իրավիճակը, Հայաստանի քաղաքական իրավիճակը, կիպրական հարցը, ինչպես նաև ՀՅԴ Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի և «ՏԻԿՕ» կուսակցության միջև գործակցության հնարավորությունները։
Հանդիպումներ են կայացել նաև «Ժողովրդավարական ուժերի համախմբում» (DEPA) կուսակցության ղեկավար, Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր և Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Անտիգոնի Պապադապոլուի հետ։
Զրուցակիցները, Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող ստեղծված իրավիճակը քննարկելուց հետո ջերմությամբ են հիշել իրենց համագործակցությոնը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպական Խորհրդանում։
Գասպար Կարապետյանը նաև հանդիպումներ է ունեցել ԷՏԷՔ կուսակցութեան փոխնախագահ Կոստաս Էֆսդադիուի և Ստրովոլոսի քաղաքապետ՝ Անդրեաս Պապախարալմպուսի հետ, որոնք հյուրընկալվել էին ՀՄԸՄ-ՀԵՄ ակումբում։ Հանդիպումների շարքը եզրափակվել է Կիպրոսի Բնապահապանների կուսակցության նախագահ Խարալամբոս Թեոպեմդուի, կուսակցության նախկին նախագահ Եորղոս Պերտիկիսի, կենտրոնական վարչության անդամ և Ստրովոլոսի ավագանու անդամ Բանայոդիս Մանոլինի հետ հանդիպմամբ։
Նիդերլանդներ
Արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների հանձնախումբը սեպտեմբերի 25-ին երկրի արտգործնախարարությունում հանրագիր է հանձնել Արևելյան Եվրոպայի բաժնի պատասխանատուներ՝ Շառլոթե վան Բաքին և Իրենե Կրախտին։ Բովանդակային զրույցի ընթացքում քննարկվել են Արցախում այսօր տիրող իրավիճակը, Նիդերլանդների խորհրդարանի հայանպաստ որոշումները և կառավարության արտաքին քաղաքականությունը։
Երկուստեք բարձր է գնահատվել նման հանդիպումների կարևորությունը՝ տեղեկությունների փոխանցման և հարաբերությունների զարգացման համար։ Տիկին Բաքը վստահեցրել է, որ Նիդերլանդները շարունակելու է հնարավոր բոլոր միջոցները ներդնել Արցախի հիմնահարցի լուծման համար, ինչպես նաև Հայաստանի և Արցախի զարգացմանը աջակցություն ցուցաբերելու գործում։
Լիբանան
ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը սեպտեմբերի 22-ին այցելել է Լիբանանում Կիպրոսի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Փանայոթիս Քիրիաքուի հետ:
Ավելի քան մեկուկես ժամ բացառիկ փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում արծարծվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և զարգացումների լայն շրջանակ:
ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինը դեսպանին է ներկայացրել 44-օրյա պատերազմի զարգացումներն ու հետևանքները` նշելով, որ հայկական ու կիպրական կողմերը նույնանման խնդիրների են դիմագրավում և ունեն նույն հարձակողապաշտ հակառակորդները:
Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
30.09․2021 թ.