44-օրեայ պատերազմից անցել է ուղիղ մէկ տարի:
Պատերազմ, որը կարող էր չլինել: Պարտութիւն, որը կարող էր չլինել, եթէ, իհարկէ, չլինէր Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների ամբոխավարական եւ անգրագէտ արտաքին ու ներքին քաղաքականութիւնը, ոչ կոմպետենտութիւնը, յանցաւոր անգործութիւնը, իրավիճակն ընկալել չցանկանալու զարմանալի յամառութիւնն ու միջազգային յարաբերութիւններում տգիտութիւնը:
44-օրեայ պատերազն իր մասշտաբներով եւ մեզ պարտադրած կորուստներով գերազանցեց այն բոլորը, որին չէինք պատկերացնում, որ կարող ենք ականատեսը լինել ամենավատ մղձաւանջում անգամ:
Եւ, այսպիսով, 2020 թւականի սեպտեմբերի 27-ը մեր պատմական յիշողութեան մէջ մտաւ որպէս պատմական ջրբաժանի չարաբաստիկ մի օր, որը մեր կեանքը բաժանեց երկու մասի՝ մինչ 44-օրեայ պատերազմն ու դրանից յետոյ:
Պատերազմը գլխիվայր շուռ տւեց մեր իրականութիւնը: Պատերազմից յետոյ շատ բան փոխւեց յատկապէս նրանց համար, ովքեր ընդունակ էին/են մտածել ու վերլուծել, եւ ամբողջութեամբ գիտակցել մեզ պատուհասած աղէտի ողջ ծաւալը:
Պատերազմի արդիւնքում մենք կորցրեցինք այն բոլորը, որն ամրագրւել էր մեր գիտակցութեան մէջ 30 տարիների ընթացքում, մասնաւորապէս՝ Արցախեան առաջին ազատամարտից ի վեր. յաղթողի հոգեբանութիւն, ազատագրւած հայրենիք (Արցախ), ամուր եւ անվտանգ սահմաններ եւ թիկունք, յաղթանակած ու մարտունակ բանակ:
Հիմա այդ բոլորն այլեւս չկան եւ երաշխաւորւած չեն: Պատերազմում կրած պարտութեան պատճառով հայկական զոյգ պետութիւնների տարածքը կրճատւեց: Թշնամական պետութեան հետ ՀՀ սահմանները երկարեցին, իսկ թիկունքը դարձաւ բացարձակ խոցելի: ՀՀ ԶՈՒ-ն բառի բուն իմաստով կազմաքանդւեց: ՀՀ տարածքների որոշակի մասը, այդ թւում, նաեւ, ռազմավարական նշանակութեան ճանապարհները ՀՀ գործող իշխանութիւնների՝ թշնամու հետ յանցաւոր եւ դաւաճանական պայմանաւորւածութեան արդիւնքում անցել են թշնամու վերահսկողութեան տակ, իսկ մի քանիսին էլ սպառնում է նոյն ճակատագիրը, մեկնարկած սպասւելիք սահմանազատման եւ սահմանաճշտման մութ գործընթացի արդիւնքում։
Իսկ ամենակարեւորը եւ ճակատագրականը՝ վտանգւած է հայոց պետականութիւնը: ՀՀ-ն արագ ընթացքով զիջում է իր ինքնիշխանութիւնը, դարձել է լոկ խաղաքարտ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային տէրութիւնների ձեռքում՝ հարաւկովկասեան աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումների ֆոնին եւ դրա համատեքստում մղւող չափազանց բարդ եւ բազմաշերտ հակամարտութեան մէջ:
Որքան էլ ծանր լինեն, սակայն, այս պարտութեան հետեւանքները, որքան էլ անելանելի թւայ իրավիճակը, այդուհանդերձ մենք թեւաթափ լինելու եւ յանձնւելու իրաւունք չունենք:
Մեզ անհրաժեշտ է գիտակցել, որ հիմնական սպառնալիքները եւ մարտահրաւէրները դեռ առջեւում են:
Մենք պէտք է հասկանանք վերջապէս, որ ՀՀ գործող իշխանութիւնների որդեգրած նւաստացուցիչ քաղաքականութիւնը, թշնամու դէմ ծնկելն ու նրա ցանկացած պահանջի կատարումը մեզ, լաւագոյն դէպքում, բերելու է մի քանի տարւայ յարաբերական դադար, այլ, ոչ թէ տեւական եւ մնայուն՝ արժանապատիւ խաղաղութիւն:
Մենք պէտք է գիտակցենք, որ միանշանակ փակուղու տանող, պարտւողական այս քաղաքականութիւնը միայն սրել է Թուրքիայի պանթուրքիստական նկրտումները: Ադրբեջանը ոգեւորւած հեշտ տրւող յաղթանակներից ձգտում է բռնակցել ՀՀ ռազմավարական նշանակութեան տարածքներ՝ Սիւնիքում, Գեղարքունիքում եւ Տաւուշում, իսկ Արցախի ճակատագիրն ընդհանրապէս անորոշ է:
Նման օրհասական պայմաններում, մեզ անհրաժեշտ է հնարաւորինս արագ կասեցնել հայկական պետականութեան գահավիժող ընթացքը: Վերականգնել սեփական ուժերի նկատմամբ վստահութիւնը: Վերջ տալ բոլոր ոլորտներում հունաւորւած ապազգային, ձախաւեր եւ դաւաճանական քաղաքականութեանը: Վերակազմաւորել եւ ամրապնդել Հայոց Բանակը: Վերականգնել ՀՀ միջազգային վարկն ու դիրքը: Վերաիմաստաւորել եւ վերաձեւել դաշնակցային յարաբերութիւնները բոլոր ուղղութիւններով:
Սրանք ընդամէնն առաջին քայլերն են, որ անհրաժեշտ են մեզ՝ հայոց պետականութեան գահավէժ ընթացքը կասեցնելու եւ իրավիճակը շտկել փորձելու համար:
Մենք պէտք է գիտակցենք, որ մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում վերականգնել ուժերի յարաբերակցութիւնն ու հաւասարակշռութիւնը, այլապէս նոր պատերազմն անխուսափելի կը լինի, այս անգամ, արդէն ՀՀ տարածքում:
Թշնամին այդ պատերազմն արդէն ծրագրաւորել է: Դրան պատրաստւում է ամբողջ թափով՝ ամէն օր: Իսկ մե՞նք...
Սթափւել է պէտք: Ժամանակը մեր դէմ է գործում: