Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները և մարդկության զարգացման ճանապարհները համաշխարհայնացման համատեքստում ենթադրում են քաղաքական համակարգի արմատական վերափոխումներ՝ պայմանավորված պետություն-հասարակություն հարաբերությունների զարգացման նոր ուղիների որոնմամբ և հաստատմամբ: Յուրաքանչյուր պետության քաղաքական համակարգը զարգանում և բարեփոխվում է տվյալ պետության ընտրած ինտեգրացիոն ուղիների համատեքստում, որոնք պայմանավորվում են ինտեգրացիոն միավորումների զարգացման տրամաբանությամբ: Այս և հաջորդ հրապարակումների նպատակն է ներկայացնել եվրոպական և եվրասիական միջազգային միություններում Հայաստանին առնչվող ինտեգրացիոն գործընթացները, ինստիտուցիոնալ համակարգերը, դրանց իրավական բնույթը, ձևավորմանն ուղղված աշխարհաքաղաքական, տնտեսական և իրավական գործընթացները, Հայաստանի Հանրապետության ինտեգրումը եվրոպական և եվրասիական միջազգային կառույցներին, պարզաբանել զարգացման ուղղությունները, իրավական հիմքը, օբյեկտիվորեն գնահատել ինտեգրացման ընթացքը, դրա ընդհանրական տրամաբանական շղթան ՀՀ անվտանգության ապահովման առանցքում:
Հասնելով ազգային տնտեսությունների և քաղաքական համակարգերի զարգացման բավարար մակարդակի՝ ԱՊՀ երկրներն անցում են կատարում ինտեգրման որակապես նոր փուլի՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, որը կոչված է դառնալու արդյունավետ պատասխան գլոբալ մարտահրավերներին և վտանգներին :
Եվրասիական տնտեսական միության` որպես տարածաշրջանային ինտեգրման խմբավորման կայացումն ու զարգացումը անխուսափելիորեն ենթադրում է իրավական փաստաթղթերի փաթեթի միջոցով իրացվող ինստիտուցիոնալ կարգավորում, ինչը պահանջում է համապատասխան կառուցվածք, քաղաքական և տնտեսական գործընթացներ: Այդ տեսանկյունից ուշագրավ է ԵԱՏՄ ստեղծման պայմանագիրը, որը սահմանում է պետությունների փոխհարաբերությունների կարգավորման տնտեսական, կառավարչական և իրավական հիմքերը:
Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները, հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական ինտեգրման մասին» 2011 թ. նոյեմբերի 18-ի հռչակագրի դրույթները, 2014 թ. մայիսի 29-ին Աստանայում ստորագրեցին պայմանագիր, որով հիմնադրվեց Եվրասիական տնտեսական միությունը :
Պայմանագրի կողմերը պայմանավորվել են առաջնորդվել պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքով, անվերապահորեն պահպանել մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների գերակայության սկզբունքը, ամրապնդել համերաշխությունն ու խորացնել համագործակցությունն իրենց ժողովուրդների միջև՝ պահպանելով հարգանքը նրանց պատմության, մշակույթի ու ավանդույթների նկատմամբ՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսություններն ամրապնդելու, ներդաշնակ զարգացումն ու մերձեցումն ապահովելու, գործարար ակտիվության կայուն աճը, հավասարակշռված առևտուրը և բարեխիղճ մրցակցությունը երաշխավորելու ձգտումներով:
Հաստատելով հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող այլ սկզբունքներին և նորմերին, համաձայն 116-րդ հոդվածի, ԵԱՏՄ պայմանագիրը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցված է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարությունում:
2014 թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահների կողմից ստորագրված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ից :
Համաձայն պայմանագրի 113-րդ հոդվածի՝ սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի՝ անդամ պետությունների կողմից կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից։
Սույն պայմանագրի ուժի մեջ մտնելու դեպքում դադարեցվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի գործողությունը, բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն պայմանագրի ավանդապահ, յուրաքանչյուր կողմին տրամադրում է դրա հաստատված պատճենը։
Պայմանագիրը նախատեսում է դրույթների լայն շրջանակ, որոնք ԵԱՏՄ-ին տալիս են դաշնային (ֆեդերալ) բնույթ: Դրան նպաստում է միության անդամ պետություններին այնպիսի լիազորությունների տրամադրումը, որոնք թույլ են տալիս ստեղծել միասնական վերպետական իշխանություն, մաքսային և տնտեսական տարածք, համաձայնեցնել մակրոտնտեսական կարգավորման հարցերը և այլն:
Համաձայն պայմանագրի 1-ին հոդվածի՝ Եվրասիական տնտեսական միությունը (այսուհետ՝ Միություն, ԵԱՏՄ) միջազգային իրավասուբյեկտություն ունեցող տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, «որի շրջանակներում ապահովվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատությունը, սույն պայմանագ
րով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով սահմանված տնտեսության ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը» :
Ըստ պայմանագրի՝ Միության կարգավիճակի հիմքը առանցքային սկզբունքներն են, նպատակները, իրավասությունները և իրավունքը:
Համաձայն պայմանագրի 3-րդ հոդվածի՝ «Միությունն իր գործունեությունն իրականացնում է անդամ պետությունների կողմից սույն պայմանագրին համապատասխան իրեն վերապահվող իրավասության շրջանակներում՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝
-միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների՝ ներառյալ անդամ պետությունների ինքնիշխան հավասարության և նրանց տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ հարգանքը,
-անդամ պետությունների քաղաքական կարգի առանձնահատկությունների նկատմամբ հարգանքը,
-Կողմերի փոխշահավետ համագործակցությունը, իրավահավասարությունն ապահովելը և ազգային շահերը հաշվի առնելը,
-շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքների պահպանումը,
-անցումային ժամանակահատվածների ավարտից հետո Մաքսային միության գործունեությունը՝ առանց բացառումների և սահմանափակումների» ։
Թվարկված սկզբունքներից բխում են Միության հիմնական նպատակները, որոնք ամրագրված են պայմանագրի 4-րդ հոդվածում.
«անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը՝ ի նպաստ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերի,
Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը» ։
Պայմանագրում հստակ սահմանվում են այն իրավասությունները, որոնք ապահովում են Միության իրավական անձեռնմխելիությունը: Դրանք բովանդակում են երեք խումբ խնդիրներ՝ Միության բացառիկ իրավասությունը, մասնակից պետությունների համատեղ իրավասությունը և օժանդակ իրավասությունը: Ընդհանուր կարգով Միության իրավասությունը սահմանված է պայմանագրի 5-րդ հոդվածում.
«1.Միությունն օժտվում է իրավասությամբ սույն պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված սահմաններում և ծավալներով։
2. Անդամ պետություններն իրականացնում են համակարգված կամ համաձայնեցված քաղաքականություն՝ սույն պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով նախատեսված սահմաններում և ծավալներով։
3. Տնտեսության այլ ոլորտներում անդամ պետությունները ձգտում են իրականացնել համակարգված կամ համաձայնեցված քաղաքականություն` Միության հիմնական սկզբունքներին և նպատակներին համապատասխան»։
Այդ նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ կարող են ստեղծվել համապատասխան հարցերով օժանդակ մարմիններ` կողմերի պետական մարմինների ղեկավարների խորհուրդներ, աշխատանքային խմբեր, հատուկ հանձնաժողովներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հանձնարարականները, համապատասխան ոլորտներում կողմերի փոխգործակցությունը համակարգելու համար :
Պայմանագրում լրացուցիչ ամրագրվում են նաև պետությունների միջև արդեն գոյություն ունեցող այն հարաբերությունները, որոնք ծագել են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի շրջանակներում: Միության մասին պայմանագրում արտացոլված են նախորդ համաձայնագրերի իրավական դրույթները` առանց էական փոփոխությունների, ինչը վկայում է այդ դրույթներից կողմերի բավարարվածության մասին: Դա նաև փաստում է, որ պայմանագիրն ավելի շուտ տնտեսական է, քան քաղաքական:
Միության կարևոր առանձնահատկություններից են ազգային սահմանների անձեռնմխելիությունը և ցանկացած հակամարտության լուծման դեպքում միջազգային իրավունքի, խաղաղության և բարիդրացիության սկզբունքներին խստորեն հետևելը:
Պետք է նշել, որ կան մի շարք խնդիրներ, որոնք ունեն սահմանային բնույթ և միաժամանակ գտնվում են միասնացման տնտեսական և քաղաքական կառավարման ներքո: Դրանք ներառում են շրջակա միջավայրի պահպանությունը, կոլեկտիվ անվտանգությունը, առողջապահական խնդիրների լուծումը, դեղորայքի և բժշկական արտադրանքի գրանցումը, սպառողների պաշտպանությունը, միջուկային էներգիայի և նոր տեխնոլոգիաների, սպորտի և զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտների հիմնախնդիրները:
Պայմանագրում ամրագրված են Միության միջազգային գործունեության, միջազգային պայմանագրերի, արտաքին առևտրային քաղաքականության վերաբերյալ դրույթները:
Այլ երկրների, միջազգային ինտեգրացիոն կազմավորումների ու միջազգային կազմակերպությունների հետ տնտեսական փոխշահավետ և իրավահավասար համագործակցությունն ամրապնդելու ձգտումով պայմանավորված, համաձայն պայմանագրի 7-րդ հոդվածի, «1. Միությունն իրավունք ունի իր իրավասության շրջանակներում իրականացնելու Միության առջև դրված խնդիրների կարգավորմանն ուղղված միջազգային գործունեություն: Այսպիսի գործունեության շրջանակներում Միությունն իրավունք ունի միջազգային համագործակցություն ծավալելու պետությունների, միջազգային կազմակերպությունների ու միջազգային ինտեգրացիոն կազմավորումների հետ և ինքնուրույն կամ անդամ պետությունների հետ կնքելու իր իրավասությանը վերապահված հարցերին առնչվող միջազգային պայմանագրեր։
Միության կողմից միջազգային համագործակցություն ծավալելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ։ Երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրեր կնքելու հարցերը սահմանվում են Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրով։
2. Երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրերի նախագծերին առնչվող բանակցությունների վարումը, ինչպես նաև դրանց ստորագրումն իրականացվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման հիման վրա անդամ պետությունների կողմից համապատասխան ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո։
Երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության միջազգային պայմանագրի՝ Միության համար պարտադիր լինելու վերաբերյալ նրա համաձայնությունն արտահայտելու, միջազգային պայմանագիրը դադարեցնելու, կասեցնելու կամ դրանից դուրս գալու մասին որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն ընդունում է բոլոր անդամ պետությունների կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելուց հետո» ։
Պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միությունների հետ միջազգային համագործակցության կարգը հաստատված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ :
Պայմանագրում ամրագրված է սույն պայմանագրի փոխադարձ կապը միջազգային այլ պայմանագրերի հետ: Համաձայն պայմանագրի 114-րդ հոդվածի` սույն պայմանագիրը չի խոչընդոտում անդամ պետությունների կողմից միջազգային այնպիսի պայմանագրերի կնքումը, որոնք չեն հակասում սույն պայմանագրի նպատակներին և սկզբունքներին։
Հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը, կանոններն ու սկզբունքները` պայմանագրում սահմանված են ընդհանուր դրույթներ Միության արտաքին առևտրային քաղաքականության նպատակների ու սկզբունքների վերաբերյալ: Համաձայն պայմանագրի 33-րդ հոդվածի` «Միության արտաքին առևտրային քաղաքականությունն ուղղված է անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման խթանմանը, տնտեսության բազմազանեցմանը, նորարարության զարգացմանը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացմանը և կառուցվածքի բարելավմանը, ինտեգրացիոն գործընթացների արագացմանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Միության՝ որպես արդյունավետ ու մրցունակ կազմակերպության հետագա զարգացման ապահովմանը» :
ԵԱՏՄ պայմանագրում կանոնակարգված են ինչպես պայմանագրին անդամակցելու, այնպես էլ պայմանագրից դուրս գալու ընթացակարգերը:
Համաձայն պայմանագրի 118-րդ հոդվածի.
«1. Ցանկացած անդամ պետություն իրավունք ունի դուրս գալու սույն պայմանագրից՝ դիվանագիտական ուղիներով սույն պայմանագրի ավանդապահին ուղարկելով գրավոր ծանուցում սույն պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին։ Այդ պետության մասով սույն պայմանագրի գործողությունը դադարում է սույն պայմանագրի ավանդապահի կողմից այդ ծանուցումն ստանալու օրվանից 12 ամիս հետո։
2. Անդամ պետությունը, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցել է սույն պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին, պարտավոր է կարգավորել սույն պայմանագրին իր մասնակցության առնչությամբ ծագած ֆինանսական պարտավորությունները։
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ծանուցման հիման վրա Բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունում սույն պայմանագրին անդամ պետության մասնակցության առնչությամբ ծագած ֆինանսական պարտավորությունները կարգավորելու գործընթացն սկսելու մասին։
4. Սույն պայմանագրից դուրս գալն ինքնաբերաբար հանգեցնում է Միության անդամակցության դադարեցմանը և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերից դուրս գալուն» ։
ԵԱՏՄ կառավարման մարմիններն են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը (այսուհետ` Բարձրագույն խորհուրդ), Եվրասիական միջկառավարական խորհուրդը (այսուհետ` Միջկառավարական խորհուրդ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Եվրասիական տնտեսական միության դատարանը :
Բարձրագույն խորհուրդը Միության գերագույն մարմինն է, որը կազմված է անդամ պետությունների ղեկավարներից։ Այն դիտարկում է Միության գործունեության սկզբունքային հարցերը, որոշում ինտեգրացիայի զարգացման մարտավարությունը, ուղղություններն ու հեռանկարները և ընդունում Միության նպատակների իրականացմանն ուղղված որոշումներ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումները և կարգադրությունները ընդունվում են կոնսենսուսի միջոցով։ Բարձրագույն խորհրդի որոշումներն անդամ պետությունների կողմից իրականացման են ենթակա տվյալ երկրի ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը Միության մարմին է՝ բաղկացած անդամ երկրների կառավարությունների ղեկավարներից։ Միջկառավարական խորհուրդն ապահովում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Բարձրագույն խորհրդի որոշումների իրականացումը և վերահսկողությունը: Միջկառավարական խորհրդի որոշումները և կարգադրությունները ընդունվում են կոնսենսուսի միջոցով և անդամ պետությունների կողմից իրականացման են ենթակա տվյալ երկրի ազգային օրենսդրությամբ նախատեսված կարգով։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող կարգավորող օրգան է։ Բաղկացած է խորհրդից և կոլեգիայից։ Հանձնաժողովն ընդունում է որոշումներ, որոնք ունեն նորմատիվ-իրավական բնույթ և պարտադիր են անդամ պետությունների համար, կարգադրություններ, որոնք ունեն կազմակերպական բնույթ, և հանձնարարականներ, որոնք պարտադիր չեն։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումները, կարգադրությունները և հանձնարարությունները ընդունվում են կոնսենսուսով, իսկ կոլեգիայի որոշումները, կարգադրությունները և հանձնարարությունները` կա՛մ ձայների մեծամասնությամբ, կա՛մ էլ կոնսենսուսով։ Հանձնաժողովը գտնվում է Մոսկվայում։
Եվրասիական տնտեսական միության դատարանը մշտապես գործող դատական մարմին է։ Դատարանի գործունեության նպատակն է ապահովել ԵՏՄ և միջազգային համաձայնագրերի համաչափ կատարումը բոլոր անդամ պետությունների կողմից: Դատարանը քննում է ԵՏՄ-ի մասին համաձայնագրի և միջազգային համաձայնագրերի շուրջ առաջացած վեճերը անդամ պետությունների կամ տնտեսվարող սուբյեկտների դիմումի համաձայն։ Դատարանի կենտրոնը Մինսկում է։
Արփի Աբրահամյան