Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն վերլուծելով նախորդ տարվա մարտ ամսից ի վեր սկիզբ առած կորոնավիրուսի (COVID-19) հետևանքները՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված համաճարակային, սոցիալ տնտեսական, անվտանգային, հոգեբանական իրավիճակը, իր մտահոգությունն է հայտնում ՀՀ իշխանությունների և մասնավորապես Երևանի քաղաքապետարանի ոչ համաչափ վարքագծի վերաբերյալ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սկզբանե իշխանությունների անլուրջ վերաբերմունքը համավարակի նկատմամբ հանգեցրեցին երկրում դրա խորացմանը, այնուհետև հախուռն ու թափթփված կերպով փորձեր էին կատարվում մեղմել համավարակի տարածումն ու դրա հետևանքները: Իսկ մայրաքաղաքի համավարակով պայմանավորված առօրյա կյանքից մեծագույն բացական Երևանի քաղաքապետարանն էր։
Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներն իրենց էությամբ շատ չեն տարբերվում նախորդ տարվա մոտեցումների տրամաբանությունից և տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունների գործողությունները պայմանավորված են զուտ աշխարհում տիրող ստանդարտ, շաբլոն քայլերի հաջորդականությամբ, առանց հաշվի առնելու պետության սոցիալ-տնտեսական վիճակն ու մարդկանց հնարավորությունները:
Չենք վիճարկում պատվաստման անհրաժեշտությունը (չնայած այն հանգամանքի, որ պատվաստանյութի ազդեցությունն ու հետևանքները ամբողջությամբ ուսումնասիրված չեն) և պարտադիր ենք համարում հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը, սակայն անհրաժեշտ ենք համարում նաև համաչափության սկզբունքի կիրառումը, որպես սոցիալական հավասարության և արդարության կարևորագույն հանգամանք:
Այսպիսով՝ արդյոք պատվաստումից հրաժարված և թեստավորման բացասական պատասխան ունեցողը երաշխավորված է, որ չի վարակվի մինչև աշխատավայր տրանսպորտով հասնելը կամ աշխատավայրում՝ պատվաստված աշխատակցից: Արդյոք արդարացի է նման աշխատակցից պահանջել ամիսը 2 անգամ իր հաշվին ՊՇՌ թեստ հանձնելը, որը միջին հաշվով կարող է կազմել իր աշխատավարձի 20-25 տոկոսը:
Արդյոք այս պայմաններում արդարացի է, երբ պետությունը մի քաղաքացու պատվաստում է անվճար, իսկ մյուսի պարտադիր թեստավորման ծախսերը չի ստանձնում՝ թողնելով ծախսերի ամբողջական բեռի տակ:
Եվ վերջապես, արդյոք իշխանությունների հայտարարած հակահամաճարակային քայլերից են բխում Հայաստանի անկախության 30-ամյակի գունագեղ միջոցառումների կազմակերպումը (ինչը կազմակերպելը քննարկման այլ թեմա է), որն էլ ավելի կբարդացնի ստեղծված համաճարակային իրավիճակը և նոր առիթ մեղավորներ փնտրելու համար:
Փաստացի հայտնվում ենք մի վիճակում, որտեղ իշխանությունները մի կողմից ստեղծում են նպաստավոր պայմաններ համաճարակի տարածման համար, իսկ մյուս կողմից պարտադրում են հասարակությանը գնալ պատվաստումների՝ հակահամաճարակային միջոցառումների շրջանակում, էլ ավելի խորացնելով ստեղծված իրավիճակը:
Ի նկատի ունենալով վերը նշված հանգամանքները կոչ ենք անում Երևանի քաղաքապետարանին և մասնավորապես Երևանի քաղաքապետին, ակնկալելով շրջահայացություն և կամք՝ հանդես գալ միջոցառումների դադարեցման կամ խիստ սահմանափակման նախաձեռնությամբ, կամ կիրառել հակահամաճարակային բոլոր կանոնները սկսած սոցիալական հեռավորության պահպանման կանոնից, պատճառ չդառնալու համար հազարավոր մեր հայրենակիցների վարակվելուն: Հակառակ պարագայում Երևանի քաղաքապետարանը պատասխանատվություն է կրում և կիսում է մեղքի ամբողջ ծանրությունը պետական իշխանությունների հետ հավասարաչափ»: