Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանը Ազգային ժողովում նախօրեին հայտարարեց․ «Գորիս-Կապան ճանապարհը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության վարչական սահմանից․ այդ հանգամանքի բերումով է, որ մեզ հայտնի տեղերում հայտնվել են հայտնի ցուցանակները եւ հենակետերը»։ Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Yerkir.am-ին հայտնեց՝ սա ընդամենը հերթական անհեթեթ հայտարարությունն է։
«Այդ անձնավորությունը եւ իր շուրջը հավաքվածները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահը։ Նման բան չկա, բավական է ընդամենը լավ ուսումնասիրել խորհրդային տարիներից մնացած արխիվային նյութերը՝ հասկանալու համար, որ այդ ճանապարհն ամբողջությամբ անցնում էր ՀԽՍՀ տարածքով, ճամփեզրից մի քանի հարյուր մետր եւս Հայաստանի ՀԽՍՀ տարածքն էր համարվում, այլապես եթե այդ ճանապարհը դուրս գար Խորհրդային Հայաստանի տարածքից անգամ մի քանի կիլոմետրով, որպեսզի այլ միութենական հանրապետության տարածքով անցնելու իրավական հիմքը լիներ, պետք է առնվազն լիներ երկու հանրապետությունների մինիստրների համատեղ որոշում, այլ իրավապայմանագրային հիմք, որի հիման վրա մի խորհրդային հանրապետության ճանապարհը պետք է անցներ մյուսով»,-Yerkir.am-ին ասաց Դավիթ Ջամալյանը։
Նա առաջարկեց ուսումնասիրել արխիվային նյութերը, փաստաթղթերն ու քարտեզները՝ համոզվելու համար, որ Փաշինյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։
«Խորհրդային բոլոր քարտեզներով այդ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։ Այդ տարիներին հրապարակված քարտեզներն ունեին փաստաթղթային-իրավական ուժ։ Կա նաեւ խնդրի այլ կողմ․ խորհրդային տարիներին գծված սահմանները վարչական են եղել․ արդեն հետխորհրդային շրջանում սահմանազատման գործընթաց պետք է իրականացվեր, եւ այստեղ արդեն ցանկացած երկիր, իր շահերն առաջ մղելով, հարեւան երկրի հետ նոր սահման ձեւավորեր․ այստեղ ուղղակի հարկավոր էր սուբյեկտայնություն ներկայացնող կառավարություն, որ իր երկրի շահը կարողանար պաշտպանել։ Այսինքն, այդ վարչական սահմանները վերահաստատվելու խնդիր ունեն, եւ իբրեւ պետական սահման վերահաստատվելիս հարկավոր է հայրենասեր ու պետականակենտրոն կառավարություն, որ իր երկրի շահը կարողանա առաջ մղել»,-շեշտեց ռազմական փորձագետը։
«Հետխորհրդային շրջանում՝ Խորհրդային Միության փլուզման պրոցեսին զուգահեռ, տեղի է ունեցե ադրբեջանական ագրեսիա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ըստ այդմ, անգամ այդ՝ խորհրդասյին վարչական սահմկաններն այլեւս լեգիտիմ չեն կարող լինել զուտ ադրբեջանական ագրեսիայի փաստով․ այսինքն, ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված՝ նախկին խորհրդային վարչական սահմանները չեն կարող լինել լեգիտիմ, եւ 90-ականների ադրբեջանական ագրեսիան չի կարող մնալ անհետեւանք։ Եթե ունենանք խելքը գլխին, հայաստանակենտրոն կառավարություն, այս հանգամանքը եւս պետք է դարձնել դրոշակ եւ բանակցել գոնե այդ կարեւորագույն կոմունիկացիայի՝ Հայաստանին պատկանելն ապացուցելու համար։ Կան բոլոր փաստերը՝ այդ ճանապարհի՝ հայաստանապատկանությունն ապահովելու։ Այլ հարց է, որ այս թրքացածների վարչախումբը՝ բոլուկը, որը մեր գլխին բերվել է, սպասարկում է բրիտանաթուրքական շահ »,-նշեց ռազմական փորձագետը։
Փաստացի, կան բոլոր հիմնավորումները, որ այդ ճանապարհը պատկանում է Հայաստանին։ Մինչդեռ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողը հայկական բնակավայրերն արտասանում է թշնամու լեզվով։