կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 18:03
Քաղաքական

Համայնքի բնակիչները հնարավորություն չունեն, չդառնալով կուսակցական, մասնակցել ՏԻՄ ընտրություններին․ Վահան Մովսիսյան

Համայնքի բնակիչները հնարավորություն չունեն, չդառնալով կուսակցական, մասնակցել ՏԻՄ ընտրություններին․ Վահան Մովսիսյան

Համամասնական ընտրությունները մեկ քայլ առաջ են ՏԻՄ-ի համար, որովհետև ավագանին կսկսի քաղաքական պատասխանատվություն կրել, բայց միևնույն է՝ համայնքի բնակիչները հնարավորություն չունեն, չդառնալով կուսակցական կամ չընդգրկվելով կուսակցության կազմի մեջ, մասնակցել այդ ընտրություններին․ սա վատ կողմն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը։

«Երրորդ կողմը, որը ավագանու կազմից համայնքի ղեկավար ընտրելու ինստիտուտն է, ես չեմ կարծում, որ սա լավագույն ինստիտուտն է, որովհետև համայնքի ղեկավարներն այդ դեպքում հաճախ կդառնան քաղաքական գործիչներ, այլ ոչ թե կառավարիչներ, ինչը ենթադրում է, որ մենք պետք է այլ լուծում գտնենք դրա համար»,-ասաց նա։

Մինչև այսօր ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով էին կազմակերպվում Երևանում, Գյումրիում և Վանաձորում, այս ընտրություններից արդեն համասնական են նաև խոշորացված համայնքների ընտրությունները։

Փորձագետի դիտարկմամբ՝ դժվար է պատկերացնել ՏԻՄ ընտրությունները համամասնական համակարգով, եթե ունենք 4000-5000 ընտրող․ այդ դեպքում արդյունքները կլինեն կանխատեսելի։

«Երբ այդ օրենքի նախագիծը պատրաստվում էր՝ համայնքները փոքր էին և նպատակահարմար չէր։ Բայց հիմա համայնքները 3 էտապով խոշորացվում են՝  նախկին Սովետական շրջանների օրինակով։ Այս պայմաններում մեծամասնական ընտրություններ անելը խնդրահարույց է։ Եթե յուրաքանչյուր գյուղից 1-2 թեկնածու էլ լինեն՝ ընտրողների ցուցակը կարող են դարձնել 100-ից ավելի։ Այս իմաստով, երբ համայնքները խոշորանալու են, համամասնական ավագանին շատ ճիշտ է»,-ասաց Վահան Մովսիսյանը։

Սա սակայն, գործնականում, իշխանություններին հնարավորություն է տալիս ազատվելու անցանկալի համայնքապետերից և խոշորացված համայնքի համար առաջ մղել իրենց հարմար մարդուն։

Փորձագետն ասում է՝ ավագանին պետք է քաղաքական պատասխանատվություն կրի իր որոշումների համար․ երբ անհատ մարդիկ են ընտրվում՝ քաղաքական պատասխանատվություն չեն կրում, նրանք անձնական պատասխանատվություն են կրում, և երբ նրանց, օրինակ, ասում են՝ ինչո՞ւ եք այսպիսի որոշում կայացրել, նրանք պարզ ասում են՝ ես մի հատ մարդ եմ, ինձնից ի՞նչ եք ուզում, ես այդպես եմ հարմար գտել։ Համամասնական համակարգով ընտրվածը քաղաքական պատասխանատվություն կրող է, և սա, ըստ նրա, շատ լավ է, որ կա ինչ-որ մի խումբ, որը պատասխանատվություն պիտի կրի իր ընդունած որոշումների համար։

«Երկրորդ հարցը․ համամասնական ավագանին շատ լավ է, բայց ո՞նց անենք, որ ընտրությունների ժամանակ այն քաղաքացիները, որոնք կուսակցական չեն, բայց ցանկություն ունեն գնալու ավագանի և մասնակցել ավագանու ընտրություններին, այդ մարդիկ բաց են մնում։ Եվ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ Հայաստանին խորհուրդ էր տրվում ՏԻՄ ընտրական համակարգը պատրաստելու համար հնարավորություն ստեղծել, որ քաղաքացիական խմբերը կարողանան մասնակցել այդ ընտրություններին առանց կուսակցական դառնալու»,-ասաց նա։

Այդ հնարավորությունը կարող է ստեղծվել էլի համամասնական ընտրակարգով․ գյուղացիները, կամ ինչ-որ մի ՀԿ, կամ մտահոգ քաղաքացիների մի խումբ կազմի ցուցակ, մասնակցի ընտրություններին՝ անցնի ավագանի, կամ չանցնի։ Ինչպես ցուցակ կազմել՝ ըստ փորձագետի,  տեխնիկական խնդիր է, որը հեշտ կլուծվեր․ օրինակ, ստորագրահավաք կազմակերպել և, եթե հավաքեին ընտրողների, ասենք, 5 տոկոսից ավելին, հնարավորություն տային գնալու համամասնական ընտրությունների։ Այս հարցը երկար է քննարկվել ԱԺ-ում, որտեղ ընդդիմությունը միանշանակ կողմ էր այն տարբերակին, որը հիմա կա։

«Կարող եմ հետևություն անել․ ցանկացած քաղաքական կուսակցության միշտ ձեռնտու է ունենալ մոնոպոլ իրավունք ընտրություններին մասնակցելու։ Հասարակ բնակչության համար, որը քաղաքական կյանքի մեջ չէ, ինքը չի ուզում տենց,  ինքը ուզում է առանց կուսակցական դառնալու մտնել ավագանի։ Հիմա առանց կուսակցական դառնալու ավագանի դառնալու հնարավորություն չկա»,-ասաց նա։

Փորձագետը  երկու հնարավորություն նշեց, որոնք նոր են բացվել․ մեկը՝ քաղաքական կուսակցությունների ցանկում կարող են ընդգրկվել մինչև ցուցակի 30 տոկոս անկուսակցականներ։

«Իսկ ո՞նց են անելու, որ գնան ընդգրկվեն․ պիտի գնան ինչ-որ կուսակցության դուռը ծեծեն, ասեն՝ ինձ ընդգրկե՞ք, այս խնդիրը լուծված չէ, պարզ չէ, և եթե այդ կուսակցությունները դեռ նոր ստեղծված են և նախկին շրջաններում չունեն ներկայացուցչություններ, շատ դժվար է լինելու այդ մարդու համար, որն ուզում է դառնալ ավագանի՝ չդառնալով կուսակցական, գնա որի՞ դուռը ծեծի, ասի՝ ինձ վերցրեք, կվերցնե՞ն արդյոք, թե՞ չեն վերցնի՝ այլ հարց է։ Սա բարդ է, սա նշանակում է՝ կուսակցություններն իրենք են փնտրելու ինչ-որ հաջողված մարդկանց, որոնց առաջարկեն ներառվել իրենց ցուցակ՝ չդառնալով կուսակցական»,-ասաց փորձագետը։

Մյուս տարբերակը, նրա խոսքով, որը Եվրոպայում շատ ընդունված է, դա ռեգիոնալ կուսակցությունների ինստիտուտն է․ երբ մարդիկ ստեղծում են ռեգիոնալ կուսակցություն՝ նպատակ չունենալով մասնակցել համապետական ընտրություններին, չզբաղվելով համապետական քաղաքականությամբ, այլ որպեսզի շանս ունենան՝ ընտրվելու իրենց տարածքում ավագանի։ Այդ երկրներում տեղական ինքնակառավարումը մեկ մակարդակ չէ, նրանք ունեն հնարավորություն ռեգիոնալ ինքնակառավարման, որտեղ նույնպես ընտրություններ են տեղի  ունենում։ Այդ երկրները ունեն ռեգիոնալ ընտրությունների ինստիտուտը։

«Հայաստանը այդ փորձը վերցրեց և սարքեց այսօր մի հնարավորություն, որ կարող է լինել մի կուսակցություն, որը կարող է գործել մի քանի մարզում։ Հենց այդ ռեգիոնալ կուսկացություններն են, որոնք կարող են գրանցվել, բայց չեն կարող մասնակցել համապետական ընտրություններին, քանի որ իրենք գործում են մի քանի մարզում, բայց կարող են հանգիստ մասնակցել այդ տեղերում իրականացվող ընտրություններին։ Օրենքի փոփոխություն կա, որը սա թույլ է տալիս»,-ասաց Վահան Մովսիսյանը։

Սա էլ իր հերթին է պրոբլեմ, նշեց նա, որովհետև, ճիշտ է, այդ կուսակցությունների գրանցման գործընթացը հեշտացված է, բայց մեկ է՝ իրենք էլի դառնում են կուսակցություն՝ քաղաքական թիմ։

Այս երկու հնարավորությունն ունեն քաղաքացիները, որոնք կուսակացական չեն հիմա, մտնելու ավագանու կազմ։

«Հարցի մյուս մասն այն է, որ ավագանին միակ ՏԻՄ-ը չէ, կա նաև համայնքի ղեկավար, և այս համայնքի ղեկավարի ինստիտուտի հետ կապված նույնպես պրոբլեմներ կան․ մենք ՏԻՄ համակարգի առաջին իսկ օրվանից ունեինք պրոբլեմ, որ ընտրվում էր մի, ասենք, շատ լավ բժիշկ, կամ շատ լավ նկարիչ, որը հանրային կառավարման ոլորտում փորձ չուներ․ դու ոչինչ չէիր կարող անել, որովհետև ընտրությունների նկատմամբ սահմանել տարիքային կամ կրթական ցենզ, դա ճիշտ չէ, եվրոպական քաղաքական համակարգում ընդունված չէ։ Դրա համար այդ մարդիկ գալիս էին, բայց լինելով շատ լավ մարդ՝ չունենալով փորձ, գալիս էին իշխանության։ Դա այն ժամանակ էր, երբ համամասնական էր։ Հիմա մեծամասնականի պայմաններում կուսակացություններն իրենք են որոշելու՝ որն է լինելու իրենց առաջին համարը կամ ով է լինելու այն մարդը, որը դառնալու է համայնքի ղեկավար․ այս դեպքում այդ մարդու որակի պատասխանատվությունը տեղափոխվում է կուսակցությունների վրա, իրենք են որոշելու այն որակյալ մարդուն, որը ստանձնելու է համայնքի կառավարումը»,-բացատրեց փորձագետը։

Վահան Մովսիսյանը շատ այլ երկրներ ուրիշ լուծների մասին նշեց․ օրինակ, մեր հարևան Վրաստանը ավագանու կազմից ընտրում է ղեկավար, որը գործադիր ֆունկցիաներ չունի, հետո ավագանին մրցութային կարգով ընտրում է համայնքի կառավարիչ, որը ֆինանսական, ծրագրային և այլ ուղղություններն է համակարգում։ Մենք այդ համակարգը չունենք և չի բացառվում, որ ունենանք համայնքի ղեկավարներ, որոնք կուսակցական լավ լիդերներ են, բայց կառավարման ոլորտում անելիք չունեն․ ըստ փորձագետի՝ սա էլ է պրոբլեմ, որի շուրջը կարելի է մտածել։

Աննա Բալյան