Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն էր հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորանքների համար:
Ալիևին հասցեագրված ուղերձում նա Ադրբեջանի ղեկավարին շնորհավորել էր «բռնազավթված տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ»:
Ինչի մասին է սա հուշում, արդյոք սա զուտ արարողակարգային հայտարարությո՞ւն է, թե՞ Հայաստանը կորցրել է իր հետաքրքրությունն Իրանի համար:
«Առաջին՝ Ռայիսիի գերխնդիրը երկրի անմխիթար տնտեսական իրավիճակի կարգավորումն է, որը երկրում բազմաթիվ սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերների պատճառ է դարձել: Նորընտիր նախագահին առաջին հերթին անհրաժեշտ է սահմաններում կայունություն՝ բազմաթիվ ներքին մարտահրավերների վրա կենտրոնանալու համար: Երկրորդ. ՀՀ գործող իշխանություններին դեռևս չի հաջողվել մշակել առկա իրողությանը համահունչ արտաքին քաղաքական ռազմավարություն, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ Իրան-Հայաստան հարաբերությունների ընթացքի և դրանց հնարավոր զարգացման վրա, այն դեպքում, երբ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առիթով Ռայիսիին ուղղված շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Ալիևը բարձր է գնահատել երկու երկրների «ռազմավարական համագործակցությունը»՝ շեշտելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև «սահմանների ամբողջական վերականգնումը» նոր հորիզոններ է բացում երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ընդլայնման ուղղությամ
Թեհրանում, որոշակի փորձագիտական շրջանակներ սա մեկնաբանում են՝ որպես Իրանին ուղղված հրավեր՝ դառնալու գլխավոր շահառուներից մեկը՝ Հարավային Կովկասում հետպատերազմյան շրջանում ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում: Երրորդ և, թերևս, ամենակարևորը. Թեհրանում լուրջ կասկածներ կան առ այն, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի օգնության միջոցով, թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշմանը դիմակայելու փոխարեն, փորձելու է միակողմանի զիջումների և խաղաղության պայմանագրի ստորագրմամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արամ Շահնազարյանը:
Այս համատեքստում Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը շարունակեց, որ Թեհրանում խիստ մտահոգությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներին, մասնավորապես՝ Մեղրու կամ Զանգեզուրի հնարավոր միջանցքի հետ կապված զարգացումներին՝ դրանք համարելով որպես մարտահրավեր և սպառնալիք՝ ուղղված իրենց անվտանգային շահերին:
«Կասկածից վեր է, որ եթե Իրանը վերը նշված գործընթացներն ու զարգացումները վերջնականապես ընկալի որպես առաջին կարգի և նշանակության մարտահրավեր՝ ուղղված իր անվտանգային մթնոլորտին, ապա նրա ամենաչնչին միջամտությունն անգամ կարող է փոխել տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հավասարումները: Չմոռանանք, որ Իրանը համարում է, որ Թուրքիայի դաշինքն Ադրբեջանի հետ և Կենտրոնական Ասիայում նրա աճող հավակնությունները հակասում են իր շահերին, իսկ Թուրքիայի ռազմական ներկայության ամրապնդումը տարածաշրջանում մեծացնում է նաև Իրանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ներկայության հնարավորությունը: Թեհրանի մեկ այլ հիմնական մտահոգություններից մեկն էլ երկրի հյուսիսային սահմաններին արևմտյան և իսրայելական հատուկ ծառայությունների ներկայությունն ու նրանց հակաիրանական հետախուզական գործունեության ընդլայնումն է»,- ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցրինք, որ մոտ 10 տարի Հայաստան-Իրան երկաթուղի ունենալու թեման բավականին ակտիվ քննարկման առարկա էր: Առաջին անգամ այդ մասին հայտարարել էր Սերժ Սարգսյանը՝ 2008-ի նախագահական քարոզարշավի ընթացքում: Տեղեկություններ տարածվեցին, թե ծրագիրը ֆինանսավորելու է Ռուսաստանը, հետո՝ Չինաստանը, և նույնիսկ՝ Համաշխարհային բանկը, բայց ոչ մեկն էլ չիրականացավ:
Եթե այսօր ունենայինք Հայաստան–Իրան երկաթուղին, արդյո՞ք ապաշրջափակման գործարքների պատկերն այլ կլիներ
Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը վստահ է՝ եթե կյանքի կոչվեր Իրանը Հայաստանի հետ կապող երկաթուղու ծրագիրը, ապա այսօր կունենայինք տրամագծորեն այլ պատկեր: Այսինքն, տարածաշրջանում հաղորդակցական ուղիների ապաշրջափակման գործընթացը կզարգանար բոլորովին այլ տրամաբանությամբ:
Նշենք, որ 2020-ի նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «մենք ուզում ենք, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջևանով»:
Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում կոմունիկացիաների բացման այսօր առաջարկվող տարբերակներին
«Կոմունիկացիաների ապաշրջափակումը, բնականաբար, որոշակիորեն հետաքրքրում է նաև Իրանին, որը փորձելու է առավելագույնը ստանալ այդ գործընթացից՝ վերականգնելով իր խաթարված դիրքերը Հարավային Կովկասում: Սակայն միանշանակ կարելի է նշել, որ ապաշրջափակման գործընթացն իր այսօրվա տրամաբանությամբ այնքան էլ չի կարող բխել Իրանի անմիջական շահերից, քանի որ Թեհրանում Հայաստանով անցնող հյուսիս-հարավ միջանցքը համարում էին և համարում են որպես այլընտրանք, որը կարող է լրջորեն սահմանափակել թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը և մանևրի հնարավորությունը տարածաշրջանում: Այս բոլորը, անշուշտ, պետք է դիտարկել հատկապես Իրան-Չինաստան ռազմավարական նշանակության 25-ամյա համագործակցության պայմանագրի ֆոնին, որի լիարժեք իրականացումը մեծապես կախված է լինելու Պարսից ծոցից դեպի Սև ծով, իսկ այնտեղից՝ դեպի Եվրոպա և Ռուսաստան ձգվող անվտանգ կոմունիկացիաների առկայությամբ: Այնպես որ՝ Հայաստանը չի կորցնելու իր նշանակությունն Իրանի համար: Սակայն չպետք է մոռանանք այն հանգամանքը, որ երկկողմ հարաբերությունների որակն ու մակարդակը, բնականաբար, Հայաստանի դերն ու նշանակությունն Իրանի տարածաշրջանային քաղաքականությունում մեծապես կախված է լինելու այն հանգամանքից, թե ՀՀ գործող իշխանություններն ինչպես են պատկերացնում այդ բոլորը և ինչ նշանակություն են տալիս Իրանի հետ հետագա հարաբերություններին: Հենց այս վերջին հանգամանքն է, որ մտահոգում է անձամբ ինձ»,- նշեց Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին շատ հստակ և բաց տեքստով հայտարարել էր, որ Իրանի համար բացարձակ անընդունելի է Հայաստանի սահմաններում որևէ փոփոխություն, և, որ Հայաստանի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված, և պահպանվի Իրանի հետ Հայաստանի սահմանը:
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը և դրա շուրջ հնարավոր բանակցություններին, քանի որ ՀՀ-ն հարցը գոնե հայտարարության մակարդակով փակված չի համարում, մեր զրուցակիցը նշեց, որ Իրանին սպառնացող անվտանգության բնույթի հիմնական մարտահրավերներից մեկը երկրի հյուսիսարևելյան նահանգներում գործող պանթյուրքիստական-անջատողական շարժումներն են, իսկ «Արցախի Հանրապետության շնորհիվ Իրան-Ադրբեջան սահմանը կրճատվել էր մոտավորապես 130 կմ-ով»:
«44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում ոչ միայն վերականգնվեց այդ սահմանը, այլև դավաճանաբար թշնամուն հանձնված հայոց բերդաքաղաք Շուշին հռչակվեց որպես թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք: Կարծում եմ, որ մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ոչ հեռու ապագայում ինչ գաղափարներ են գեներացվելու այնտեղ, և առաջինը որ շրջաններն են լինելու այդ գաղափարների հիմնական թիրախները: Այնպես որ, Ձեր հարցի պատասխանը միանշանակ պարզ է»,- եզրափակեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Իրանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման սեփական նախագիծն էր առաջ քաշել: Թեհրանի ծրագիրը հիմնված էր հումանիտար սկզբունքների և կողմերի պահանջների վրա:
«ԵԱՀԿ անդամ երկրների խումբը վերջին 30 տարիներին ի վիճակի չէ լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային համագործակցության միջոցով փորձում է վերջ տալ Բաքվի և Երևանի միջև վեճին, ինչը դժվար խնդիր է»,- ասել էր Իրանի ԱԳ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Աբբաս Արաքչին՝ հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ խմբի որոշ երկրներ ընդհանրապես տարածաշրջանի մաս չեն կազմում և ոչ մի կապ չունեն այս ճգնաժամի հետ:
«ԵԱՀԿ-ի օտարերկրյա խաղացողները (ԱՄՆ և Ֆրանսիա,- Մ.Պ.) հեռու են տարածաշրջանից, ոչ միայն քաղաքական, այլ նաև էմոցիոնալ և բարոյական առումով կապված չեն տարածաշրջանի հետ և չեն ձգտում խաղաղության հասնել Լեռնային Ղարաբաղում»,- նշել էր նա: