կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-16 17:52
Քաղաքական

Կարելի՞ էր գոնե վերջին 3 տարում Մեծ Բրիտանիայի նման կարեւոր երկրում դեսպան նշանակել

Կարելի՞ էր գոնե վերջին 3 տարում Մեծ Բրիտանիայի նման կարեւոր երկրում դեսպան նշանակել

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բրիտանական պառլամենտի ստորին պալատի մեծ օրակարգում է ներառվել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի  ջանքերով։ Hraparak.am-ի հետ զրույցում Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ղեկավար Անետ Մոսկոֆյանը զգուշացնում է, թե պետք չէ «ժողովրդի սպասելիքը բարձրացնել ու հետո հուսախաբվել», մյուս կողմից նկատում է, թե «հին ու բարի Անգլիայում» այս ընթացքում շատ բան է փոխել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ իրենք առցանց ստորագրահավաքներ են կազմակերպել, դիմումներ գրել խորհրդարանի անդամներին եւ հասել նրան, որ Ստորին պալատի մեկ երրորդն առնվազն նախկինի նման պրոադրբեջանական չէ։

Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին տարիներին հայկական հարցերով տարբեր քննարկումներ են անցկացվել թե՛ Լորդերի, թե՛ Համայնքների պալատում։ Այն, որ Բրիտանիայի դեսպանն Ադրբեջանում 46 երկրների դեսպանների թվում չմասնակցեց Շուշի այցելությանը, Մոսկոֆյանը համարում է դրա վկայությունը։ Պառլամենտականները նաեւ հայ ռազմագերիների հարցով Ադրբեջանի վրա զանազան ճնշումներ բանեցնելու նախաձեռնություններով են հանդես գալիս։ «Ներկայումս ունենք բավականին հետաքրքրված անձեր՝ քաղաքական ոլորտից, որոնք, իհարկե, որեւէ նյութական շահ չունեն եւ Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների տեսանկյունից են պաշտպանում։ Սա ողջունելի է ու սա մեր տարիների աշխատանքն է, եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ սա է՛լ ավելի զարգացնենք… Մենք ամեն ինչ անելու ենք, որ գոնե մեծ թվով սատարումներ ունենանք, եթե անգամ օրինագիծը չանցնի։ Անգլիան ժողովրդավարական երկիր է, եւ, իհարկե, ժողովրդավարական միջոցներով է, որ կարող ենք կանոնները փոխել, այդ կանոնները կփոխենք նախ քաղաքական ճնշում բանեցնելով եւ լոբբինգով, նաեւ՝ հանրության կարծիքը հայկական հարցերի շուրջ փոխելով»,- ասաց դաշնակցականը։

Օրինագիծը մտցվել է պառլամենտական Ջոն Սփելերի կողմից, որը Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամ է։ Խմբի քարտուղարն Անետ Մոսկոֆյանն է, նախագահը՝ Թիմ Լոթընը (Պահպանողական կուսակցությունից), որն էլ առաջարկը ներկայացրել է։ Նախնական՝ օրինագիծը նախատեսում են քննարկել դեկտեմբերի 10-ին։ «Բայց արդյո՞ք առիթ կլինի քննարկման, չեմ կարող ասել, քանի որ դեռ հստակ չէ, որ օրինագիծը debate-ի  առիթ կդառնա Համայնքների պալատում»։ Մեծ Բրիտանիայում ապրող մեր հայրենակցուհին ցավով է նշում, որ այդ աշխատանքների համար երբեւէ պաշտոնական Երեւանից քարոզչական նպատակներով գումարներ  չեն տրամադրվել, ամեն ինչ արել են իրենց սահմանափակ կարողություններով։ Ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք միլիոններ են ներդրել, եւ որոնցից մենք վերջին 30 տարիների ընթացքում ահավոր հետ ենք։
Իսկ վերջին 3 տարում, առհասարակ, հակասության մեջ են մտնում սփյուռքի ու Հայաստանի պահանջները։

«Մենք հետ ենք նաեւ դիվանագիտական աշխատանքներից՝ Հայաստանի պրոֆիլը բարձրացնելու ու միջազգային հանրության մոտ մեր երկրում ներդրումներ անելու հետաքրքրություն առաջացնելու իմաստով։ Հարցեր, որոնք  Ադրբեջանը, դժբախտաբար, փայլուն կատարում է։ Ցավալին էն է, որ մեր երկիրը երբեւէ դրդապատճառ չի տվել, որ մեզ հետ համագործակցեն։ Մենք հիմա, օրինակ, տեսնում ենք, թե մեր գրավյալ հողերն ի՜նչ խանդավառության ու հետաքրքրության առիթ են ստեղծել համաշխարհային հանրության շրջանում, ու ցավն այն է, որ երբ մենք կարող էինք այդ խանդավառության առիթն իրենց պարգեւեինք, որ իրենք գային եւ ներդրումներ անեին, մենք դա չարեցինք։ Այս կողմից էլ ենք ծուլացել եւ ձախողել։ Եվ, իհարկե, ծուլացել ու ձախողել ենք մեր պաշտպանունակության ու անվտանգային հարցերում»։

Ի վերջո, կարելի՞ էր գոնե վերջին 3 տարում դեսպան նշանակել Մեծ Բրիտանիայի նման կարեւոր երկրում․ հարցնում է Անետ Մոսկոֆյանն ու ավելացնում․ «Հայաստանը պետք է վերանայի իր այս դիրքորոշումը եւ կարեւորություն տա այս հարցերին՝ որպես քարոզչություն»։ Ի դեպ, մեր զրուցակցի խոսքով, դեսպան չլինելու հանգամանքը եւս դժվարացրել է իրենց  աշխատանքները։ Խոսելով հետագա անելիքների մասին՝ Անետ Մոսկոֆյանն  ասաց, որ ՄԹ Հայ դատի հանձնախմբի կարեւորագույն նպատակը մնում է Ցեղասպանության եւ Արցախի ինքնորոշման իրավունքի (անկախության) ճանաչումը։  

Կարեւորը, որ Հայաստանի եւ սփյուռքի պահանջները միմյանց չհակասեն, մանավանդ՝ ցեղասպանության ճանաչման հարցով։ «Ֆրանսիան, օրինակ, հարցրեց, թե ինչու Հայաստանն Արցախի ինքնորոշումը չի ճանաչել։ Եվ մենք պատասխան չունենք տալու։ Եվ սա պետք է բոլորի դիրքորոշումը լինի՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Եթե մենք սա չպնդենք, Արցախի հարցը վերջացած է, վաղը, մյուս օրը Ադրբեջանը  Ստեփանակերտ էլ կմտնի։ Մենք արդեն տեսանք որոշ հակասական երեւույթներ վերջին 7 ամիսների ընթացքում եւ հուսով ենք, որ նոր կառավարությունը կվերանայի իր դիրքորոշումը․ Թուրքիան եւ Ադրբեջանը  եղել են եւ կմնան Հայաստանին թշնամի։ Սա  որեւէ հայ չի կարող հարցականի վերածել։ Եվ մենք տեսնում ենք, թե մեր սահմաններում ամեն վայրկյան իրենց կեղծ խաղաղասիրական կոչերի  ներքո ինչեր են կատարվում»։