Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ Հայաստանի իշխանություններն ընտրություններից հետո կհամաձայնեն Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքել: Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
«Հայաստանի կառավարությունն անտեսում է մեր ցանկացած հայտարարություն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններ սկսելու վերաբերյալ: Սակայն հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին: Բայց հիմա՝ Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք»,- ասել է Ալիևը՝ ուրբաթ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է հետկոնֆլիկտային իրավիճակից Հարավային Կովկասում խաղաղ զարգացման ու համագործակցության անցնելու ցանկության մասին:
«Ցավոք, մենք նման բան չենք լսել Հայաստանի կառավարությունից: Եթե մենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք, ապա խաղաղություն նույնպես չկա: Ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասում խաղաղություն չկա: Մեզ պետք է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսումներ, պատերազմի զրո ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ: Նախկինում էլ մեզ պատերազմ պետք չէր»,- շեշտել է Ադրբեջանի ղեկավարը:
Ալիևը հույս է հայտնել, որ ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն այս հարցը ՀՀ ղեկավարության հետ Երևան իրենց այցի ընթացքում:
«Որքան ես հասկանում եմ, ձեր այցը տարածաշրջան նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հետկոնֆլիկտային իրավիճակին: Այլ կերպ ասած՝ հետկոնֆլիկտային իրավիճակը կարևոր է, քանի որ ես կարծում եմ, որ այս և հաջորդ տարի կմշակվեն հետհակամարտային իրավիճակի հիմնական հիմնարար մոտեցումները: Ադրբեջանի դիրքորոշումը շատ պարզ է և հստակ»,- շեշտել է Ալիևը:
Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է, և այս հարցի շուրջ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չկա»:
Թշնամական պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ հայտարարությունը միայն հրադադարի համաձայնագիր չէ:
«Յուրաքանչյուր ոք, ով կարդում է այս փաստաթուղթը, կտեսնի, որ այն ընդգրկում է շատ այլ խնդիրներ: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջեցինք այս էջը և պատրաստ ենք առաջ շարժվել ու նպաստել տարածաշրջանային կայունությանը»,- հավելել է Ալիևը: