կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-25 10:56
Աշխարհ

Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Արցախի շուրջ

Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Արցախի շուրջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. հաղորդում է Կրեմլի կայքը:

«Քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցեր: Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմի՝ Թուրքիայի հետ չվերթերը վերսկսելու որոշման, ինչպես նաև ռուսական Sputnik V պատվաստանյութի մատակարարումների մեկնարկի համար:

Մտքերի փոխանակումը շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ: Դրական գնահատական է տրվել հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին: Թուրքիայի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ուղղված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի ամբողջական կատարումը ապահովելուն: Հաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում` տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով:

Սիրիայում կարգավորման խնդիրները քննարկելիս ընդգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ գործունեության կարևորությունը` ուղղված Իդլիբում և երկրի հյուսիս-արևելքում լարվածության աճը կանխելուն, ինչպես նաև այդ տարածքներում մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին:

Վլադիմիր Պուտինը նաև ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ժնևում վերջերս կայացած բանակցություններից ստացած տպավորություններով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ: